«Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է: Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ գործողություններ են պետք: Ես շատ ցավում եմ, որ ՌԴ-ն դուրս եկավ ԵԽ-ից, չի բացառվում, որ դուրս կգա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից: Մենք հույսներս մեր վրա պետք է դնենք: Հայաստանին ու Արցախին մնալու է ընդամենը մի պտտաձող»,- այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած նախագծի ընդունման դեպքում՝ ՀՀ ԱԳ նախարարը եւ վարչապետը համապատասխանաբար 3 եւ 6 ամիսը մեկ գրավոր փակ գաղտնի ձեւաչափով զեկույց են ներկայացնելու ԱԺ-ին հիմնական արտաքին քաղաքական բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի եւ առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ հարցերին պատասխանելու համար:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ նախագիծը չի ընդունվելու, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը ավելի շուտ հաշվետվություն կտա Միլի Մեջլիսին, քան ՀՀ խորհրդարանին ու հայ հանրությանը:
Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը իր ելույթում ներկայացրեց ներկայումս Արցախում տիրող իրավիճակը. «Սեպտեմբերի պատերազմից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ՝ ամենօրյա վտանգներով համալրվող այլ անվտանգային միջավայրում: Տպավորություն է, որ մեր հակառակորդները իրականացնում են նախապես ճշգրիտ ժամանակացույցով մշակված եւ մեր խոցելի ու թույլ կետերի հաշվառումով լրացված համապարփակ ծրագիրը, իսկ մենք ամեն օր մտածում եւ այդպես էլ չենք կարողանում համաձայնեցնել դեռ երեկ իրականացված սադրանքի դեմ հակաքայլը»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Հայաստանն առանց Արցախի անպաշտպան է ու որբացած. «Հետեւաբար, մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց եւ երկիրը մաքրել ներսից քայքայող միջատներից: Մենք ծանր ժամանակներ ենք ապրում: Մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ի վնաս ՌԴ-ի, որ հարձակվեն մեզ վրա: ՀՀ թավշյա իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն, հիմա էլ բերում են նոր խայտառակություն՝ իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով ու ՌԴ-ի դեմ խաղեր տալով:
ՀՀ-ին մենակ էին թողել 44-օրյա պատերազմի օրերին, հիմա էլ են նույնն անում՝ անգրագիտությամբ, թե դիտավորությամբ՝ արդեն էական չէ: Էական է, որ Հայաստանը սրանք ուզում են դարձնել թուրքական ոտնաման սրբելու տեղ: Ներսում էլ խրախուսում են հակառուսական քարոզը, աշխատում են ՌԴ-ի դեմ այն դեպքում, երբ այդ երկիրն է Արցախի գոյության երաշխավորը, ՀՀ-ի անվտանգության երաշխավորը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խոսեց Ադրբեջանի առաջ քաշած 5 կետերի վտանգավորության ու թուրքական կողմը քողարկված նախապայմանների մասին՝ իր աջակցությունը հայտնելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախագծին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ