2022թ․-ի տարեվերջին ՀՀ-ում կանխատեսվում է մոտ 5,5% գնաճ՝ փոքր շեղումներով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սննդամթերքի եւ էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով պայմանավորված՝ գնաճի միտումները կլինեն կառավարելի, եւ տարեվերջին կունենանք փաստացի գնաճ՝ մոտ 5,5%․ «Նկատի ունենանք, որ հիմա տեղի ունեցողը մի քիչ տարբեր է բնույթով եւ կապ ունի տարածաշրջանային անորոշությունների եւ մատակարարման շուկաների հետ։ Եթե ամիսներ անց հետ նայենք, կտեսնենք, որ խնդիրներից շատերն ինքնակարգավորվել են։ Կարող ենք միայն ասել, թե տարվա տեսանկյունից ինչ ենք մտածում։ Կենտրոնական բանկը պետք է հաջողությամբ հասնի նրան, ինչ սահմանել է օրենքը»։
Հարցին՝ ալյուրը, ձեթը, կարագը թանկացել են 10-20%-ով, այս մթերքների հետ կապված առանձին հաշվարկ կա՞ գնաճի առումով, բացի այդ՝ ի՞նչ է արվում, որ պարենի պակաս չլինի եւ չհանգեցնի հավելյալ գնաճի, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկում տեղ չունի․ «Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս։ Ձեր նշածը կարճ ժամանակում կարող է ազդեցություն ունենալ, բայց աշխարհի տեսանկյունից խոսքը վերաբերում է նաեւ որոշակի ապրանքատեսակների՝ առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությանը։ Հիմա աշխարհը բոլոր իրողությունները հաշվի է առնում։ Մեր աջակցության ծրագրերը հիմա նպաստում են, որ քաղաքացիները պարենային ապահովության հարցերին ավելի շատ ուշադրություն դարձնեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի համատեքստում, վտանգ կա՞ ալյուրի, ձեթի պաշարների նվազման եւ դրանից բխող հավելյալ գնաճի։ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ «Ներմուծում միշտ ունեցել ենք։ Ներմուծման գինն է ի վերջո որոշում, թե ՀՀ-ում ցորենի գինը որքան կլինի։ Առկա դժվարությունները կապ ունեն կոնկրետ շուկայից մատակարարումների դժվարությունների հետ։ Հիմա շուտ է գնահատել, թեեւ կապ կա մեր պարենային անվտանգության հետ։ Չափաքանակները կմատակարարվեն ժամանակին։ Առաջնային նշանակության պարենի խնդիր չունենք, եւ կարծում եմ՝ չենք ունենա։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Մեր քաղաքացիները մի քիչ ընդառաջող պետք է լինեն։ Անգամ եթե որոշակի լարվածություն կա, հասկանանք, որ այն ժամանակավոր է։ Մի երկու օր Լարսում եղանակը կարող է լավը չլինել, բեռնատարներն ուշ հասնեն, եւ ձեթի տեսակները ցուցափեղկերում պակասեն, բայց խանութներում հիմնական բոլոր ապրանքները կան, անհանգստանալու բան չկա պարենային ապահովության տեսանկյունից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ