«Մենք անվանապես ունենք իշխանություն, բայց իրականում չունենք։ Իշխանությունն անում է այն, ինչ չպետք է անի, հազար տարբերակներից այս մարդիկ մշտապես ընտրում են ամենաանհաջողը»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բարդ իրավիճակին, այդ իրականությունում Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Իր բնութագրմամբ, այս բարդ իրավիճակում, հայկական երկու պետություններում «լիակատար անարխիա» է եւ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է 2018 թվականից սկսած իր կապիտուլյացիոն քաղաքականությունը։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու մեկնարկած գործընթացին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ անթույլատրելի է առանց Արցախի խնդրի վերջնական լուծման գնալ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հինգ կետ էր հրապարակել, որոնցից մեկն էլ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելն էր: Պաշտոնական Երեւանի արձագանքը եղավ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելը՝ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
Բանախոսի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից, իսկ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են։ Առհասարակ, իր համոզմամբ, Ռուսաստանն այսօր նաեւ Հայաստանի անվտանգային սպառնալիքի միակ երաշխավորն է ու այս իրավիճակում ինչպե՞ս է մեր իշխանությունն առանց Արցախի հարցի լուծման Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գնում, Էդուարդ Շարմազանովի համար առնվազն անհասկանալի է: Նա անթույլատրելի է համարում առանց Արցախի խնդրի վերջնական լուծման, Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելը կամ էլ խաղաղության պայմանագրի ստորագրումը, մանավանդ, որ հրապարակված չէ, թե հայկական կողմը խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված ի՞նչ պահանջներ ունի. «Փաստորեն Բաքվի բանտերում դատվող հայ գերիները, ՀՀ մտած ադրբեջանցի զինծառայողները հետոյի հարց են, իսկ հիմա Բաքվի հետ պայմանագիր կնքելու ժամանա՞կն է»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը զգուշացնում է, որ եթե այսպես զարգանան իրադարձությունները, միջազգային հանրությունը կրկին հայկական կողմին չի սատարելու։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին էլ, ԱԺ նախկին փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ սկսած գործընթացը՝ ժամանակ շահելով եւ հարաբերությունները լավացնի ՌԴ-ի հետ։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացի այս փուլում նա չի տեսնում հայկական շահը:
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր թե Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն է վարում, ընդամենը մի քանի ամիս անց հայտարարեց, որ դրական ազդակներ է ստանում Թուրքիայից: Բանախոսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գործող իշխանությունը Ցեղասպանության ճանաչման մասին չի խոսում: Նա վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը՝ հայտարարելով, թե բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների եւ, որ իրենք թուրքերի հետ խոսում են հավասարը-հավասարի սկզբունքով, սակայն հայկական կողմը որեւէ պայման չի թելադրում, ավելին, լուռ կատարում է թուրքական կողմի բոլոր նախապայմանները։ Այսպիսի «ծնկած» վիճակում թուրքերի հետ հարաբերությունների հաստատմանը գնալը ԱԺ նախկին փոխխոսնակը ինքնասպանություն է համարում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ