«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է կազմակերպել «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին:
Ինչպես նշեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, նախագծի ընդունման դեպքում ՀՀ ԱԳ նախարարը եւ վարչապետը համապատասխանաբար 3 եւ 6 ամիսը մեկ գրավոր փակ գաղտնի ձեւաչափով զեկույց են ներկայացնելու ԱԺ-ին հիմնական արտաքին քաղաքական բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի եւ առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ հարցերին պատասխանելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ մտահոգություն կա, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են գալ այս նախագծի իրացման դեպքում եւ սուտ տեղեկություններ հայտնեն. «Մենք սուտը քրեականացնելու մասին նախագիծ ենք դրել շրջանառության մեջ, որը դեռ չի քննարկվել ԱԺ-ում, ստացել ենք կառավարության դիրքորոշումը: Կառավարության դիրքորոշումը շատ խորհրդանշական էր, կառավարությունը ասել է, որ դա դեմ է խոսքի ազատությանը, ամենայն լրջությամբ եմ ասում»:
Կարդացեք նաև
Արշակ Զաքարյանը Մամիջանյանին հարցրեց՝ ի՞նչ սպասելիքներ ունեք մի այսպես կոչված «դատարանից» եւ դատավորից, որտեղ եւ դատավորները եւ ատենակալներից մեծամասնությունը, չհաշված ընդդիմությունը, հենց հանցագործներ են. «Հայամետ որեւէ օրենքի քննարկման ժամանակ նույնիսկ ալարում են ներկա լինել իշխանությունները: Իրենց ասած ընդամենը բանակցությունն է իրենց հետաքրքրում, ոչ թե հայ ժողովուրդն ու հանրային շահերը: Ի՞նչ սպասելիքներ ունեք»:
Մամիջանյանը պատասխանեց. «Ի՞նչ սպասելիք ես կարող եմ ունենալ մի խորհրդարանից, որը դեմ եղավ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծմանը, ի՞նչ սպասելիք կարող եմ ունենալ մի խորհրդարանից, որը տապալեց մեր գործընկերների ներկայացրած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ հայտարարությունը: Ի՞նչ սպասելիք ես կարող եմ ունենալ մի խորհրդարանից, որը մերժեց «Շուշիի համաձայնագրի» հակընդդեմ ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը: Շարքը կարող եմ երկար շարունակել: Բայց պայքարի ընթացքում եղել են դեպքեր, երբ միջոցառման վայր հասնելուց, նույնիսկ մինչեւ դա մենք գիտակցել ենք, որ այդ փոքր միջոցառումը հաջողության չի հասնելու, բայց հայրենիքը պաշտպանելուց հոգնել հնարավոր չի: Մենք պարտավոր ենք բոլոր գործիքակազմերն օգտագործել, որ հասկանանք, թե որտեղ են այս իշխանությունների կարմիր գծերը՝ բանակցային գործընթացում»:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ: Նա ասաց, որ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հետ ուղերձ են նախաձեռնել, որով ուզում են, որ հայությունը վերսկսի Արցախի անկախության ճանաչման գործընթացը, հայտարարի, որ սատարում են դրան. «Մենք արդեն հաջողությունների հասել ենք, բավականին հետաքրքիր մարդիկ ստորագրել են դրա տակ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ իշխանությունների հետ թեւ թեւի տված ոչնչացնում են Արցախի ճանաչման բոլոր հիմքերը, էռոզիայի են տանում: Մենք լուրջ վտանգներ ենք տեսնում: Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք այն տպավորությունը, որ ոչինչ էլ չի արվում Արցախի ճանաչման, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խնդիրն առաջ տանելու: Մինսկի խմբի համանախագահները հրաժարվում են հանդիպում ունենալ, երբ որ նրանց վրա Ալիեւը գոռգոռաց, նրանք ոչինչ էլ չեն անում: Հիմա գազամուղն են պայթեցնում, մյուս անգամ կկտրեն կապը Արցախի հետ ու կասեն՝ դե դուրս եկեք Արցախից, իլյուզիաներ՝ պատրանքներ չպետք է ունենալ»:
Նա ասաց, որ իր ելույթներից հետո տարբեր մարմիններ են հրավիրում, թե՝ «իշմար ես տալիս, իբր մենք թույլ ենք»: Բագրատյանն ասաց. «Հա բա ինչ, թույլ եք, ոչ բյուջե կա, ոչ մի բան էլ չկա, ձեր օրոք թույլ ենք: Խի Ադրբեջանը չի՞ բացում կայքերը տեսնում՝ Հայաստանի բյուջեն ավելացե՞լ է, թե պակասել է, հնարավոր չի, այդքան հիմա՞ր են իրենք: ԱԺ կայքում, կառավարության, ֆիննախի կայքում բյուջեն կախած է: Ի՞նչ եք ուզում: Մանավանդ Ուկրաինայի դեպքերի հետ կապված մարդիկ ուշադիր նայում են՝ ե՞րբ հարձակվեն ՀՀ-ի վրա: Ուրիշ թեմա չկա: Իրական առումով գնաճը հանած իրենք բյուջեն ավելացնում են 22% ու առնում են այնպիսի զենքեր… Հիմա ես ՀՀ-ում եմ ապրո՞ւմ, թե՞ Ադրբեջանում, զենքերը մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրան: Նորագույն «Բայրաքթարները բարձրանում են մինչեւ 13 կմ, հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը: Առաջարկելու ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր, 16-ից 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մի անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, հերիք է այդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է: Կապսուլներ՝ 3-5 մետր խորությամբ: Մի հատ այդպիսի հնարավորություն տանք մարդուն՝ ոչ մի թիզ հող չեք հանձնի: Մի հատ այդպիսի բան արեք, 300-400 մլն-ի պատմություն է Հայաստանի սահմաններին այդպիսի կապսուլներ կառուցելը, մենակ պրեմիա եք ձեզ տալիս»:
Բագրատյանը զգուշացրեց վտանգի մասին ու ՔՊ-ականներին հարցրեց՝ հետո ի՞նչ եք ասելու աշխարհին, ասելու եք՝ մի հա՞տ էլ ցեղասպանություն ունեցանք, թե՞ ասելու եք՝ մեզ սա «քցեց», չպաշտպանեց. «Մենք ենք մեզ նախ քցում՝ անկախ նրանից, թե ինչպիսի ստրատեգիական գործընկերներ ունենք, որոնք կարծում եմ, եթե մեզ ճիշտ ենք պահում, երբեք իրենց սխալ չեն պահի: Մենք չենք կարող զինվորին հանենք նստացնենք բայրաքթարի դեմը ու ասենք՝ դե կռվի: Այդպիսի կռիվ չի լինում, ամեն մի զենք ունի իր պատասխանը ու պատասխանը 5-10 անգամ ավելի էժան է, քան հարձակողական զենքը: Ոչինչ չի արվում, այս ամբիոններից հայտարարվում է, թե այսինչ զինատեսակներից լիքը ունենք, մի հատ ցուցանմուշ չունենք: Ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել՝ օրերը կտաքանան, կչորանան, փորձը ցույց է տալիս, որ թուրքը ցեխի մեջ չի սիրում թաղվել կռվելուց ու վտանգը ավելի քան 50% է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում: Թող ես սխալ լինեմ, պատրաստվենք դրան»:
Նա հայտարարեց, որ պատերազմի վտանգը 50%-ից ավելի է գնահատում ու սպասում է, որ կլինի հարձակում Հայաստանի վրա, մնացած «ստից» խոսակցությունները, թե կլինի սահմանազատում, սահմանագծում, դրանք չի անելու հակառակորդը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ