«Սյունիքի մարզի օպերատիվ շտաբը երեկվանից՝ մինչեւ այս պահը ստացել է մոտ 172 զանգ։ Ահազանգերը վերաբերում են ճանապարհի մասին տեղեկատվությանը, Իրանի քաղաքացիները զանգում են Կապան քաղաքում կեցության հարցերով։ Շատ են նաեւ խցանումների մեջ հայտնված քաղաքացիներից ահազանգերը․ ողջ գիշեր ճանապարհին մնացած ուղեւորների են տեղափոխվել։ Մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց», – այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար էդգար Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ մարզպետարանում նախօրեին՝ մարտի 20-ին, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի աշխատանքները համակարգում է Էդգար Մարտիրոսյանը։
320 իրանցի զբոսաշրջիկ շտաբի աջակցությամբ տեղավորվել է Կապանի հյուրանոցներում, հյուրատներում, անհատական բնակելի տներում։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարը չի բացառում, որ զբոսաշրջիկների մի փոքր հատվածը կարողացել է ինքնուրույն լուծել հարցերը, քանի որ վերջին երկու օրերին զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել դեպի Սյունիք։ Անցած գիշեր Կապանի հյուրանոցներում եւ հյուրատներում ազատ տեղ չի եղել։
Կարդացեք նաև
Տեղացած առատ ձյունը, հավանաբար, անակնկալի է բերել Սյունիքի մարզի ճանշինընկերություններին։ «Չեմ ասի, որ ճանշին ընկերությունները չեն աշխատում, ուղղակի ինձ թվում է, որ պետք էր ավելի լավ կազմակերպել աշխատանքը։ Ձյան այն ծավալը, որ այս երկու օրվա ընթացքում տեղաց, բավականին դժվարացրել է ճանշին ընկերությունների աշխատանքը», – ասում է Էդգար Մարտիրոսյանը։
Համայնքապետարանները նույնպես չեն հասցնում մաքրել իրենց ենթակայությամբ գտնվող տարածքները։ Մասնավորապես, Քաջարանի համայնքապետարանին աջակցել է «Աժդանակ» ընկերությունը, որի տեխնիկան երկու օր է ինտեսիվ աշխատում է՝ մաքրելով Կապան-Քաջարան միջպետական, ինչպես նաեւ Քաջարանի փողոցները։
Գորիսում միայն մեկ՝ Շահումյան փողոցն են հասցրել մաքրել։ Քաղաքի մնացած հատվածները դժվարանցանելի են։
Ի դեպ, Սյունիքի մարզպետարանում գործող օպերատիվ շտաբի՝ շուրջօրյա գործող` 077933955 հեռախոսահամարով կարող են զանգահարել ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք։ Բոլոր ահազանգողներին տրամադրվում է համապատասխան աջակցություն։ Պատասխանատուների հավաստմամբ՝ օպերատիվ շտաբը կգործի այնքան ժամանակ, մինչեւ ճանապարհները չբացվեն ու իրանցի վերջին զբոսաշրջիկը չճանապարհվի Վայոց ձորի մարզ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ