Մարտի 23-30-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը, որի նպատակն է պահպանել ու տարածել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնի գոյության տարիներին 51 համերգ է կայացել, 170-ից ավելի պրեմիերաներ, թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի սիմֆոնիկ ստեղծագործություններ, ձայնագրվել 250-ից ավելի երաժշտական երկեր:
«Նախորդ տարիների համեմատ ես ունեմ այն տպավորությունը, որ փառատոնն իսկապես դրվում է աննախադեպ ռազմավարական նշանակության հարթակի վրա: Դա է փաստում այն հանգամանքը, որ այս փառատոնի շուրջ, ավելի քան երբեւէ սերտացել է Սիմֆոնիկ նվագախմբի եւ Կոմպոզիտորների միության համագործակցությունը», – «Sputnik Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Առհասարակ, այն մեծ պակասորդը, որ ունենք երաժշտական կյանքում, այն է՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը, ըստ էության, լրացնում է սիմֆոնիկ նվագախումբը: Այն ահռելի վաստակ ունի մեր կոմպոզիտորական արվեստի ոչ միայն հանրայնացման, ներքին լսարանին ճանաչելի դարձնելու, այլեւ միջազգայնացման առումով: Մի քանի անուններ կարելի է տալ՝ սկսած Ջոն Տեր-Թադեւոսյանից: Փառատոնը ԿԳՄՍ նախարարության ռազմավարական հենակետն է, եւ ես հույս ունեմ, որ այն համալիր միջոցառումները, որ մտադիր ենք իրականացնել, նպաստելու են փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը», – ասաց Խզմալյանը: Նա նշեց, որ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ հաճախ են խոսել հատկապես ժամանակակից հայ երիտասարդ կոմպոզիտորների գործերի կատարման անհրաժեշտության մասին:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կարեւորությունն իրենց նվագախմբի համար: Ասաց, որ նման ծավալի աջակցություն երբեւէ չեն ունեցել: «Խոսելով Հայաստանում ապրող ժամանակակից հեղինակների մասին՝ նշեմ, որ նրանց ստեղծագործությունների կատարումը մեծագույն իմպուլս է իրենց համար: Ներկայում աշխարհում ընթացքող իրողությունները վկայում են, որ երկիրը պետք է ձեւավորի իր մշակութային առաջարկը աշխարհին: Մեր նվագախումբը ոչ միայն 13 տարի կազմակերպել է փառատոն, այլեւ ձայնագրություններ է արել, ունենք մեծագույն արխիվ, որը թվայնացրել ենք: Ժառանգությունը ոչ միայն պետք է պահպանել ու կատարել, այլեւ պետք է փոխանցել հաջորդ սերունդներին», – ասաց Սերգեյ Սմբատյանը:
«Փառատոնի միջազգային մակարդակի կազմակերպումը մեզ իրավունք է տալիս պնդելու, որ Հայաստանում ունենք հեղինակներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել աշխարհին: Փառատոնի առաքելությունն էլ այն է, որ կարողանանք առաջարկը ճիշտ ձեւավորել եւ մատուցել աշխարհին», – հավելեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը հիշեց, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը: «Յուրաքանչյուր հեղինակ առաջին հերթին ցանկանում է հնչել իր երկրում, հետո նրանց գործերը, որ ձայնագրվում եւ թվայնացվում են, ներկայացվում են արտասահմանում», – ասաց կոմպոզիտորների միության նախագահը: Նա նաեւ հիշեց, թե ինչպես էր ժամանակին Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանը հնչեցնում բոլոր երիտասարդ կոմպոզիտորների գործերը, որոնցից շատերը կատարվեցին նաեւ արտասահմանում ու հայտնի անուններ դարձան: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնում ունեն մենակատարներ, որոնք հնչեցնելու են հայ կոմպոզիտորների՝ հատկապես երկար տարիներ չկատարված ստեղծագործությունները: Նա հոբելյաններից էլ խոսեց. «Այս տարի լրանում է Էդուարդ Բաղդասարյանի եւ Օհան Դուրյանի 100-ամյակը: Մեր փառատոնն առաջին իսկ տարիներից անդրադառնում էր հոբելյար կոմպոզիտորներին: Անցյալ տարվանից փոխվել փառատոնի ձեւաչափը: Եթե նախկինում փառատոնը նվիրվում էր մեկ կոմպոզիտորի, ապա անցյալ տարվանից սկսած՝ փառատոնը սկսեցինք կառուցել մի քանի հոբելյանների ներգրավմամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ