Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից եւ ավարտական ակտից: Նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է: Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչո՞ւ չեք բերել, ես եմ հիշեցնում: Էն, որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել»։
Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Ճարտարապետական եւ քաղաքաշինական վարչությունում խնդիր կա եւ լուծում է այդ խնդիրը: Ասաց նաեւ, որ շաբաթը երեք օր փոստ է նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին. «Միգուցե, այո, ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ, դա էլ է գործ: Ինձ մոտ փոստ չի մնում: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ հարգելիս, խնդիր ունենք, կներեք, 5 օր հետո կամ 10 օր հետո կպատասխանենք: Իսկ եթե ասում են՝ քաղաքապետը զբաղված է, ավարտական ակտերը չի ստորագրում, ես այդտեղ արդեն ուրիշ միտում եմ տեսնում: Մի՛ արեք ընենց, որ սկսեմ զբաղվել արդեն անուններով, տեսնեմ, թե ով է ասել։ Եթե ձեր մոտ խնդիր կա ավարտական ակտերի հետ կապված, եկեք, ասեք՝ խնդիր կա, հասկանանք՝ ինչումն է խնդիրը: Եթե ես առավոտյան փոստը չնայեմ, դուք ժամը 9-ից ոչ մի բանով չեք զբաղվելու: Եթե ժամը 12-ին, 1-ին փոստը նայեի, այդ ժամից էիք սկսելու գործ անել, ժամը 6-ը գալու էր, 5 րոպե պակաս թողնելու էիք, գնալու էիք, գործերն էլ էդպես մնալու էր»:
Քաղաքապետը հավելեց՝ գիտեմ՝ ինչ եմ ասում, էլի, ասում են՝ «Не первый день замужем»։
Նա հորդորեց, որ աշխատակիցները շատ զգույշ լինեն, երբ քաղաքապետի անունից ինչ-որ բան են ասում. «Փոքր քաղաք է, էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում է: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ ինիցիատորները մի քանի հոգի են»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ