Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիա ջան, կներես, որ քո արդար մանկական ցասման մեղավորներին դեռ չենք վռնդել, կներես, որ հայրենիքը դեռ չենք մաքրել ներքին թշնամուց». Մամիջանյանը՝ արցախցի երեխային

Մարտ 21,2022 13:34

«Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի էլ ոչ մեկ երբեք լկտիություն չունենա ասել՝ ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք: Որպեսզի երբեք ԱԺ-ն, որը առաջնային մանդատ ունեցող կառույց է, այլեւս երբեք չմնա լուսանցքում բանակցային կարեւորագույն որոշումների ժամանակ»,- այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու թեմայով «Պատիվ ունեմ» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ այս գումարման ԱԺ-ի խորհրդարանական ընդդիմությունը «կոֆե խմող» ընդդիմություն չի ու չի լեգիտիմացնում իշխանական ապազգային որոշումները. «Օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը եւ վարչապետը համապատասխանաբար 3 եւ 6 ամիսը մեկ գրավոր փակ գաղտնի ձեւաչափով զեկույց են ներկայացնում ԱԺ-ին հիմնական արտաքին քաղաքական ուղղություններում բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի եւ առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ նշված պատգամավորները հրավիրվելու են ԱԺ՝ հարցերին պատասխանելու համար»:

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչի համար է եկել ԱԺ՝ մանդատը ստացել է՝ իշխանափոխության համար, բայց նմանօրինակ սահմանափակումները անհրաժեշտ են, քանի դեռ իշխանության են մարդիկ, որոնք Հանրայինի եթերով բացահայտ ադրբեջանական թեզեր են հնչեցնում, ԱԺ ամբիոնից չեն ասում, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են, այդպես էլ չեն համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մամիջանյանը ելույթը եզրափակեց ներողությունով. «Ես ներողություն եմ ուզում խնդրել փոքրիկ Մարիայից, որը հայտնի դարձավ մի քանի օր առաջ տարածված տեսանյութով: Արցախցի փոքրիկը իշխանության մեջ գտնվող շատ ու շատ մարդկանցից զգալիորեն ավելի հայրենասեր ու պահանջատեր է: Մարիա ջան, դու եւ իմ սանիկը նույն տարիքի եք, կներես, որ քո արդար մանկական ցասման մեղավորներին մենք դեռ չենք վռնդել, կներես, որ հայրենիքը դեռ չենք մաքրել ներքին թշնամուց, կներես մեզ, ճուտիկ ջան, բայց քո պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել: Մարիա ջան, խոստանում եմ, որ մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որ քո մասնակցությամբ հաջորդ տեսանյութերում պատմես բացառապես քո նոր անհոգ մանկական հիշողությունների մասին Արցախից եւ քո կողմից այդքան սիրված Շուշիից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031