«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է կազմակերպել «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին:
Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նախ խոսեց Արցախում ստեղծված իրավիճակի մասին. «Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսպես կոչված 5 սկզբունքներ ներկայացնում: Այն, թե ինչ մասին են այդ սկզբունքները, դուք բոլորդ ծանոթ եք՝ Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են: Չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրը, որի ներքո Ադրբեջանը ձեւակերպում է այս պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափերի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի եւ դիրքերի ուղղությամբ: Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է՝ զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ: Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է եւ աջակցում է նաեւ Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը ՀՀ ԱԳ նախարարի այցն էր Անթալիայի եւ դրան հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները: Այս ամենին ի պատասխան՝ Երեւանը լուռ է: Ավելի ճիշտ՝ շարունակում է խոսել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մասին:
Առավել քան զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումների եւ Արցախում ստեղծված սոցիալական, հումանիտար անելանելի իրավիճակին: Նույնքան զավեշտալի եւ անընդունելի է ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի, կամ ավելի ճիշտ՝ պահանջների վերաբերյալ: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ պատասխանե՞լ եք այդ 5 պահանջներին, թե՞ ոչ: Եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը: ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Չգիտե՞ն արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ: Չե՞ն հասկանում արդյոք, որ այս կերպ Արցախը գործընթացից դուրս են թողնում, թե՞ հերթական անգամ Ադրբեջանի օրակարգն են սպասարկում, հերթական անգամ՝ ի հաշիվ Հայաստանի, Արցախի ու հայության կենսական շահերի:
Վանեցյանն ասաց, որ Արցախում հանդիպումներ է ունեցել վերջերս ու տեղում անձամբ ծանոթացել խնդիրներին. «Հասկացա, որ բացի չլուծված անվտանգային խնդիրներից, այսօր Արցախն ունի ծայրահեղ սոցիալական սուր խնդիրներ: Արցախի համար մենք այսօր ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր: Ունենք խնդիր գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես փորձում է այսօր ներկայացնել Հայաստանի իշխող ուժը, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը եւ «կարգավիճակ» բառն արտասանելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները»:
Կարդացեք նաև
Վանեցյանը նշեց նաեւ, որ մեր երկրում ամեն օր ճակատագրական որոշումներ են կայացվում, բանակցություններ են վարում մարդիկ, որոնք բերել են այս աղետալի վիճակին ու դեռեւս իշխանություն են. «Մենք ունենք արդարացի պահանջ ստանալու այդ գործընթացի մասին պարբերաբար թարմացվող հաշվետվություն ու այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա համար է»:
Նա ընդգծեց, որ այն գործիքակազմը, որն առաջարկում են իրենք, թույլ կտա հաշվետվողականությունը բարձրացնել եւ հանրությանը մասնակից դարձնել երկրի ապագային վերաբերվող գործընթացներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ