Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետեւանքով գնաճի կանխատեսումները, բնականաբար, աճի ուղղությամբ են»․ ԿԲ նախագահ

Մարտ 21,2022 13:12

«Մեր գործողությունները խելամիտ էին եւ ժամանակին։ Արդյունքում նոյեմբերին պիկի հասնելուց հետո` 9,6%, գնաճը դեկտեմբերին եղավ 7,7, հունվարին՝ 7,1, իսկ փետրվարին՝ 6,5%։ Աշխարհի բացառիկ երկրներից էինք, որտեղ գնաճի հետագիծը ոչ թե աճել է, այլ նվազել։ Այսօր ԱՄՆ-ում գնաճը 7%-ից բարձր է»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով գնաճի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգություններին։

Մարտին Գալստյանը նշեց, թե ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետեւանքով ինչ կարելի է ակնկալել․ «Կանխատեսումները, բնականաբար, աճի ուղղությամբ են։ ԿԲ-ն տոկոսադրույքը 1,25%-ով բարձրացրեց, բայց դա պայմանավորված է ոչ միայն գնաճի սպասումների մտավախություններով, այլեւ ռիսկերով։ Եթե այսօր ՀՀ-ն գնա միջազգային շուկա եւ թողարկի եվրապարտատոմսեր, ապա դրանց եկամտաբերությունը կլինի դոլարով արտահայտված 8%-ից ավելի։ Տարածաշրջանային անորոշություններ կան, եւ ներդրողներն այս տարածաշրջանում ներդրումները շարունակելու տեսանկյունից ուզում են փոխհատուցում՝ 6%, իսկ նախկինում 3% էր, եւ այդ տեսանկյունից ոչ մեկը չի կարող կանխատեսել, որ նման բաներ կլինեին։ Պատերազմից երկու ամիս անց՝ հունվարին, միջազգային ներդրողներին ՀՀ-ում եվրապարտատոմսերի տեսքով 750 միլիոնի ներդրում անել համոզելը ճիշտ քաղաքականություն էր»։

ԿԲ նախագահի խոսքով՝ եթե առաջիկայում արձանագրեն, որ գնաճը հասել է այնպիսի մակարդակի, երբ անվտանգության խնդիրներ, սոցիալական խմբերի խնդիրներ կլինեն, անհրաժեշտություն կլինի թիրախավորված գործիքներ կիրառելու․ «Դա մեր գործիքակազմից դուրս է»։

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ գյուղատնտեսական ոլորտը ծանր վիճակում է ՝ սերմացուի, վառելիքի հասանելիության, հողերի օգտագործման տեսանկյունից․ «Նման պայմաններում ինչպե՞ս եք կանխատեսել, որ գյուղատնտեսությունում աճ է գրանցվելու»։

Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Մենք տարվա մեջ չորս անգամ վերանայում ենք մեր կանխատեսումները։ Մեր լավագույն դատողություններն այս պահի դրությամբ այն են, որ բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ՝ կան որոշակի դրական զարգացումներ, որոնք մենք տեսնում ենք կառավարության օժանդակության ծրագրերում։ Ներդրումների սուբսիդիա է տրվում, ամբողջությամբ սուբսիդավորվում են վարկերը։ Վիճակագրության համաձայն՝ 4-րդ եռամսյակում մենք գյուղատնտեսության կտրուկ աճ ենք ունեցել, ինչը եւս մտել է մեր հաշվարկների մեջ։ Կանխատեսում ենք, որ տարվա ընթացքում գյուղատնտեսության աճը կլինի 3,8%»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031