Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Աշոցք-Բավրա հատվածը փակ է․ այն գիշերը տեղի ունեցած ձնաբքի պատճառով երկու մետր բարձրությամբ ձյունով է պատվել։
Այս պահին աշխատանքներ են տարվում ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որը հենց այս պահին գտնվում է Աշոցքում։
Նա նաև տեղեկացրեց, որ փակ է Ամասիայի ամենահեռավոր գյուղ՝ Շաղիկ տանող ճանապարհը։ Նշենք, որ Արփի լճի ափին գտնվող գողտրիկ այս տեղանքը, որտեղ թե ՛ դպրոցը, թե՛ տները գերժամանակակից են, մարդիկ ապրելու խնդիր չունեն, զբաղվում են անասնապահությամբ՝ հետզհետե դատարկվում է հենց ճանապարհի չվերանորոգված, իսկ ձմռան ամիսներին փակ լինելու պատճառով։ Գյուղացիների փաստմամբ, այստեղ շտապօգնության մեքենա երբեք չի մտնում։
Կարդացեք նաև
Փակ է նաև Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ տանող ճանապարհը։ Այս երեք ուղղությունից բացի, Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի փաստմամբ, մարզի մնացած հատվածները երթևեկելի են։
Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութեր է հրապարակել՝ վարորդներին հորդորելով եղանակային վատ պայմաններում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
«Շիրակի մարզում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Շիրակի մարզում դեռևս փակ են Աշոցքի, Ամասիայի և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Սպասարկող ընկերությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ