Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը եվրոպական քաղաքակրթության այսօրվա երեք առանցքային հենասյուներն են, առանց որոնց, կամ նույնիսկ դրանցից մեկի, կարող ենք ասել, որ նման քաղաքակրթություն այլեւս գոյություն չունի: Այդ արժեքները հեշտությամբ չեն տրվել, դրանք ձեռք բերելու համար Եվրոպայում արյունահեղ պատերազմներ են եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմների ընթացքում: Երկրորդ աշխարհամարտից հետո այդ սկզբունքները դրվեցին եվրոպական քաղաքակրթության հիմքում՝ իրավական համակարգում, պետությունների կառուցվածքում ու արժեհամակարգում, եւ թվում էր՝ դրանք այլեւս հաստատուն, անխախտելի ու աներկբայորեն ճանաչված արժեքներ են:
Սակայն Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ մեզանում դրանց գերագնահատված լինելու առնչությամբ կասկածներ առաջացան: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, հօգուտ Ադրբեջանի, ուղղակիորեն եւ անթաքույց մասնակցեց պատերազմին, իսլամ ահաբեկիչներ տեղափոխեց պատերազմական գոտի, որտեղ հայերի դեմ օգտագործվում էին արգելված զինատեսակներ: Այդ ողջ ընթացքում Եվրոպան խորհրդավոր լռություն էր պահպանում, ոչ մի երկիր չդատապարտեց քաղաքակրթական հիմունքների ակնհայտ ոտնահարումները: Փաստորեն՝ ազգային շահերն ավելի բարձր դիտվեցին, քան հռչակված համամարդկային արժեքները:
Երբ ուկրաինացի փախստականները սկսեցին գալ Եվրոպա, ԵՄ երկրների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հայտարարեցին, որ ուկրաինացիները, ի տարբերության իրաքցիների, սիրիացիների եւ աֆղանացիների, սպիտակամորթ, քրիստոնյա մարդիկ են, քաղաքակրթված ազգի ներկայացուցիչներ եւ, հետեւաբար, կարելի է նրանց համար բացել սահմանները: Միեւնույն ժամանակ՝ ռուսներն ու ռուս մշակույթը, էթնիկ ռուսների սեփականությունը, ըստ էության, հայտարարվում են օրենքից դուրս եւ ենթարկվում խտրականության: Սրան ին՞չ անուն տալ, եթե ոչ եվրոպական արժեհամակարգի բազիսային դրույթների կոպտագույն խախտում:
Հիմնական խնդիրը, որն ավելի խորքային է, եվրոպական քաղաքակրթության ճգնաժամն է, երբ հայտարարված համընդհանուր արժեքները եւ օրենսդրական նորմերը ենթարկվում են քաղաքական նպատակահարմարությանն ու երկրների տվյալ պահի շահերին:
Կարդացեք նաև
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 9-րդ համարից