Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը». Human Rights Watch և Freedom House-ը հաշվետվություն են հրապարակել. JAMnews

Մարտ 21,2022 11:21

JAMnews. Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունը 2021թ.-ի համար։ Իր հաշվետվությունում FH-ը Ադրբեջանն անվանել է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր։ HRW հաշվետվությունում նաև արտացոլվել է հարավկովկասյան այդ պետության համար արդիական խնդիրների մանրամասն վերլուծությունը։

Human Rights Watch-ի 2021 թ-ի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը նախկինի պես փխրուն է։ Ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։

Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու և գերեվարվելու ռիսկի՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ HRW-ն կարծում է, որ այդ ամենն «անհրաժեշտ է դարձնում միջազգային մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի որոշման հարցում»։

2021 թ-ի մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր և կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան և անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռևս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով՝ ընդդիմության և մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը, ասված է հաշվետվությունում։

Նշվում է նաև, որ, չնայած պատերազմի մեկնարկից հետո կառավարության և քաղաքական ընդդիմության միջև լարվածության նվազմանը՝ այլընտրանքային կարծիքների նկատմամբ կառավարության կոշտ դիրքորոշումն անփոփոխ է մնացել։ Դեռևս ուժի մեջ են օրենքները, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ 2021 թ-ին անհամար տեղեկություններ են տարածվել կտտանքների և անմարդկային վերաբերմունքի մասին։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, համացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ։

Առաջին չափանիշով Ադրբեջանը ներառված է անազատ երկրների ցանկում։

Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատությունն աշխարհի 70 երկրներում։ Այստեղ Ադրբեջանը նույնպես անազատ երկրների շարքում է։

Երրորդ հատվածում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում։ Ժողովրդավարության գնահատականը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի վարկանիշներ։

Երրորդ կետով Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ գործում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի անցկացրել», — նշված է հաշվետվությունում։

Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031