JamNews. Քաղաքական և տնտեսական մեկուսացումը, որում հայտնվել է Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, չի կարող անհետևանք մնալ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Հայաստանի փորձագետների կարծիքով՝ հնարավոր է Ռուսաստանի թուլացում, որը ձեռնոց է նետել Արևմուտքին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելով։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոնֆլիկտի սրացումը չի ավարտվելու միայն ուկրաինական պատերազմով, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Այն կարող է ավելի տևական լինել՝ վերածնելով սառը պատերազմի ուրվականը։
Փորձագետը խորհուրդ է տալիս պատրաստ լինել ծանր հետևանքների։
Կարդացեք նաև
«Նախևառաջ, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նույնիսկ Արևմուտքի հետ իր համեստ փոխհարաբերություններում, — ասել է քաղաքագետը «Հետագծերի» թղթակցի հետ զրույցում։ – Չեմ բացառում, որ Ռուսաստանը մեզ առաջարկի հրաժարվել Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից»։
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն տարբեր ոլորտներում համագործակցում են 2006 թ-ից Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում (IPAP – Individual Partnership Action Plan), որը թարմացվում է երկու տարին մեկ։
Պողոսյանը պնդում է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին տարիներին ֆորմալ բնույթ են սկսել կրել, սակայն նույնիսկ դրանց կարող է վերջ տրվել։
«Եթե Մոսկվան կտրուկ սառեցնի հարաբերություններն Արևմուտքի հետ, Ռուսաստանը կարող է պահանջել դադարեցնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը, որի հիմքերը դրվել են 2019 թ-ին։ Այս նախաձեռնության բովանդակությունը մեծ չէ, սակայն այն կա և ԱՄՆ հետ հարաբերությունների ցուցանիշ է», – ասում է Պողոսյանը։
«Առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցականի տակ է Ղարաբաղում ռուս խաղաղապահների լեգիտիմության հարցը»
Ռուսաստանի միջազգային մեկուսացումը չի կարող շրջանցել Հայաստանը, կարծում է նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Երևանի համար մանրևրելու արտաքին քաղաքական դաշտն արդեն լրջորեն նեղացել է, և այս գործընթացը կարող է կտրուկ արագանալ։ Կարելի է կանխատեսել Հարավային Կովկասի գործընթացներին Արևմուտքի ներգրավվածության մակարդակի զգալի նվազում։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տխուր հեռանկար ունի», — ասում է Գրիգորյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ այս դեպքում հայկական կողմի համար բացասական հետևանքներն ավելի իրատեսական են դառնում։
«Հատկապես՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Բաքուն Մինսկի խմբի համանախագահների առաքելությունն ավարտված է համարում և պարբերաբար դժգոհություն է հայտնում ռուսական խաղաղապահ առաքելության առնչությամբ։ Բայց դրան իրական այլընտրանք չկա», — կարծում է Գրիգորյանը։
Նա կանխատեսում է Արևմուտքի դիրքորոշման կտրուկ փոփոխություն, երբ ղարաբաղյան հակամարտությունը կարելի կլինի ռուսական գործոնի զսպման առումով դասել հետխորհրդային մյուս հակամարտությունների շարքին։
Արամ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: