Հայագիտության եւ կիրառական արվեստի մասնագիտական բնագավառի ավագ սերնդի ներկայացուցիչ, արվեստագետ-ազգագրագետ, պետական եւ հասարակական գործիչ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Ստեփանի Դավթյանի կյանքը (1893-1978թթ.) երեք շրջափուլերի մի հանրագումար է՝ մանկավարժական եւ պետական-հասարակական, բռնադատվածության եւ գիտական գործունեության: Եզակիորեն քիչ է պատահում, որ ուսումնասիրողը նաեւ ստեղծագործող լինի: Այս պարագայում Ս. Դավթյանն առանձնանում է ե՛ւ որպես ստեղծագործող վարպետ, ե՛ւ որպես գիտնական արվեստագետ, հմուտ եւ բանիմաց ազգագրագետ: Նրա ասեղնագործ աշխատանքները, ժանյակներն ու գործած կարպետները հանգրվանել են Հայաստանի մի շարք թանգարաններում: Այդ գործերը հագեցած են գույնով, քնարերգությամբ, լի են կյանքի ազնիվ հիացումով: Նա թելերով նկարել-գործել է այն՝ ինչ զգացել ու տեսել է: Անձեռակերտ են հյուսած ժանյակները: Խորը, զարմանալի է նրա արվեստի զգացողության աշխարհը, որը լի է նաեւ տառապանքով:
Տարբեր տարիների պաշտոնավարելով Խորհրդային Հայաստանի ժողովրդական կրթության բաժնում, լինելով լուսավորության ժողկոմի տեղակալ, զբաղվել է մշակույթին առնչվող կազմակերպչական, նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կրթության հարցերով: Սերիկին երախտագիտությամբ է հիշում քրդական համայնքը, որի շնորհիվ, Լուսավորության Ժողկոմի թույլտվությամբ, քրդերեն լեզվով, բայց հայերեն տառերով, 1921թ. Էջմիածնի տպարանում հրատարակվեց քրդագետ, ազգագրագետ Լազոյի (Ղազարյան Հակոբ) կազմած քրդերեն առաջին այբբենարանը՝ «Շեմս»-ը (Արեւ): 1934-37թթ. Ս. Դավթյանը ղեկավարում է Երեւանի քաղաքային խորհրդի ժողովրդական կրթության բաժինը, խմբագրում է մի շարք մանկապատանեկան թերթեր ու ամսագրեր, եղել է դրանց հիմնադիրներից: Համարվում է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի (ՏՅՈՒԶ) հիմնադիրներից մեկը: 1936թ. վերջից մինչեւ 1937թ. օգոստոսը, Ս. Դավթյանի նախաձեռնությամբ եւ իր տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ Երեւանում կառուցվել է դպրոցական յոթ շենք, ինչպես նաեւ Աբովյան փողոցի վրա գտնվող ՀՍՍՀ ԳԱ Ակադեմիայի հին շենքը:
Կեղծ զրպարտանքներով՝ 1937թ. օգոստոսի 4-ին Ս. Դավթյանը ձերբակալվում է: Դատապարտվում է ՀԽՍՀ ՔՕ 17-65 եւ 68 հոդվածներով, որպես աջ տրոցկիստական կազմակերպության անդամ, կրթության վնասարար ու Ներսիկ Ստեփանյանի կին: Ազատազրկվում է 10 տարով, կից՝ հինգ տարով քաղաքական իրավունքների սահմանափակմամբ: Աքսորվում է Մագադան:
Տարիներ անց, Ե. Չարենցի մասին գրած հուշերում, այդ դժոխային օրերի մասին Ս. Դավթյանը հիշել է. «Մենք համոզված էինք, որ մեր օրերում չի կարող ողբերգություն լինել… Բայց եղավ պատմության մեջ չտեսնված ողբերգություն. կապարի պես ծանրություն իջավ մեր սրտերի, մեր էության վրա… ամեն մարդ դիմանալ չէր կարող: Վտանգը պտտվում էր մեր գլխի վրա, մեր շրջապատը դատարկվում էր արագորեն, անհասկանալի կերպով, ինչպես երեւի լինում է ժանտախտի ժամանակ: Ծանր պայմանները օղակում էին, ճնշում»:
Աշխարհից կտրված, կյանքից պոկված բանտային ու զրկանքների դաժան տարիները չկոտրեցին նրա համառ ու տոկուն կամքը: Դրանք ծանր փորձությունների ժամանակներ էին: Օրերի պարապը լրացնելու եւ մտքով դաժան առօրյայից կտրվելու համար, սկսում է զբաղվել ասեղնագործությամբ: Ձեռագործ աշխատանքների, հյուսվածքների նախշերի հորինվածքներում է գտնում հոգեկան անդորրը եւ հավասարակշռությունը: Վճռական բնավորության տեր այս կինը տոկաց, ճակատագրի դավերն ու ցավերը ամրացրին հոգին, միտքն ու կամքը: Հետագայում, իր համոզմունքներից մեկն այն է եղել, որ մարդու ճշմարիտ էությունը, տեսակը եւ բարոյականության չափը ստուգվում է բանտում եւ աքսորում: Իր ձեռքով գրված մի ինքնակենսագրականում Սերիկը հիշում է. «Իմ աշխատանքային գործունեության վերելքի ժամանակ ես զրպարտվել եւ 1937թ. օգոստոսի 4-ին ձերբակալվել եմ, աքսորվելով Կոլիմա, Մագադան:
Ճամբարներում աշխատել եմ ամենատարբեր բնագավառներում եւ ձեռք բերել մի քանի մասնագիտություն, որոնցից իմ կյանքում մեծ տեղ զբաղեցրեց ձեռագործը: 1937 թվականից, դեռեւս բանտում լինելով, այլ կանանց հետ զբաղվում էի կար ու ձեւով, ձեռագործ աշխատանքով: Ճամբարում, մագադանյան տեղի կար ու ձեւի արտադրամասում, մի քանի տարի շարունակ բրիգադիր եմ եղել, ուր հնարավորություն ունեի մոտիկից ծանոթանալ Սովետական Միության շատ ժողովուրդների ձեռագործ աշխատանքներին: Հայաստան վերադառնալով համոզվեցի, որ չեմ կարող մասնակցել կրթական եւ կուսակցական աշխատանքներին եւ իմ ողջ ազատ ժամանակը նվիրեցի հայկական ժողովրդական ձեռագործ արվեստի ուսումնասիրությանը: Այս գործում շատ օգնեցին այն հմտությունները, որոնք ինձ մոտ զարգացած էին դեռեւս մանկությունից՝ գորգագործության եւ ձեռագործի բնագավառներում, ինչպես նաեւ տեսական այն պատրաստվածությունը, որը ձեռք էի բերել Սարատովում՝ ազգագրագետ, պրոֆեսոր Սոկոլովի մոտ, որը ամենի մասին հետաքրքրվում էր Արեւմտյան Հայաստանից եկած եւ Սարատովում, Սամարայում ու Մերձվոլգյան շրջաններում ապրող հայ գաղթականներից»:
1954թ. վերականգնվում են Ս. Դավթյանի իրավունքները: 1956թ. վերջնականապես արդարացվում է: Ծննդավայր Դիլիջանից տեղափոխվում է Երեւան: Չնայած առաջացած տարիքին եւ խաթարված առողջությանը՝ մեծ եռանդով ու նվիրումով ձեռնամուխ է լինում լուրջ գիտական աշխատանքի: Տարիները չպետք է կորչեին:
1958-78թթ. ղեկավարելով ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը՝ գիտական աշխատանքը զուգակցում է գործնականին. շտապելով լրացնել այն բացը, որը խլել էին ազատազրկման տարիները: Նրա նախաձեռնությամբ Հայաստանի շատ բնակավայրերում (Երեւան, Էջմիածին, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Սեւան) հիմնվում են ձեռագործի խմբակներ:
Երկար տարիներ ջանասիրաբար ուսումնասիրում է միջնադարյան հայ արվեստը, մանրանկարչությունը, ոսկերչությունը, փայտագործությունը, ճարտարապետությունը, խաչքարային զարդարվեստը եւ քանդակը, վստահ լինելով, որ ասեղնագործությունն իր ներքին բովանդակությամբ եւ ոճով ընդհանրություն ունի արվեստի այս ճյուղերի հետ: Հաջորդիվ լույս են տեսնում Ս. Դավթյան գիտնականի ալբոմներն ու մենագրությունները՝ «Ասեղնագործության ձեռնարկ» (Ե., 1956թ. եւ 1963թ.), «Հայկական ժանյակ» (Ե., 1966թ.), «Հայկական ասեղնագործություն» (Ե., 1972թ.), «Հայկական կարպետ» (Ե., 1975թ.), «Մարաշի ասեղնագործություն» (Ե., 1978թ.), «Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության» (Ե., 1981թ.) աշխատությունները (վերջին երկուսը հետմահու): 70 տարեկանում, 1963թ. Ս. Դավթյանը արվեստագիտության գծով պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն:
Սկզբում աշխատում է բռնադատվածների կարի արտադրամասում: Ավելի ուշ, քրեական հանցագործ երիտասարդ մի կին, ում համար Սերիկը գեղեցիկ ժանյակե ժապավեն էր գործել, այն ցույց է տալիս բանտային ղեկավարությանը: Այդ դիպվածով Սերիկին աշխատանքի են տեղավորում ասեղնագործության բարաքում, որտեղ բանտապահների եւ զինվորականների ընտանիքների կանանց համար ասեղնագործում է զանազան իրեր:
Աքսորից վերադառնալով, Ս. Դավթյանը հետը բերում է մի իր, որից չի բաժանվում ողջ կյանքում: Առաջին հայացքից դա աննշան եւ անհրապույր թվացող մի առարկա է. սովորական, տարբեր գույնի կտորներից եւ մորթուց պատրաստված, տիկնիկի տեսքով բարձիկ, նախատեսված ասեղների համար (ասեղաման): Այն պատրաստել է ճամբարում, 1940-45թթ. ընթացքում:
Յուրօրինակ ասեղամանն օգտագործվել է ստեղծողի, իսկ մինչեւ 1990-ական թթ. վերջը նրա դստեր՝ Ներիկ Ներսեսի Դավթյանի կողմից: Առարկան պահվում է Ս. Դավթյանի ընտանիքում, ժառանգների մոտ: Չհաշված իրի առանձին մաշվածությունը՝ պահպանվել եւ դիմակայել է ժամանակին: Այն Սերիկի հետ շրջագայել ու երկար ճանապարհ է անցել՝ Մագադան-Մոսկվա-Դիլիջան-Երեւան: Ի՞նչն է նրան կապել աննշան եւ անշուք թվացող այդ ասեղամանին՝ թերեւս դրա գաղտնիքը կիմանար միայն Ս. Դավթյանը: Մեզ մնում է միայն ենթադրել: Կարծում ենք, որ այն թանկ է եղել նրա համար, ունենալով նաեւ մասունքի նշանակություն: Երկար տարիներ առարկայի մասին խոսվել է ընտանիքում: Միայն մեկ չպարզաբանված հարց. ինչո՞ւ է աքսորի եւ բռնադատվածության տարիների դժբախտությունները մոռանալ ցանկացող Ս. Դավթյանն այն պահել, ավելին, ամեն օր աչքի առաջ ունենալով՝ օգտագործել:
Ոճավորված ասեղամանը արտաքինով բավականին հետաքրքիր է: Ընդհանուր երկարությունը 12 սմ, 5 մմ է: Պատրաստված է չորս տեսակի եւ գույնի կտորներից, բուխարու բնական մորթուց (գլխի մազերը), հիմքը բամբակից, մի քանի տեսակի թելերից, ալյուրի թանձր մածուկից, կարմիր ու սեւ թանաքից: Հետաքրքիր է, որ կենցաղային սուղ պայմանների եւ կարիքի մեջ, Ս. Դավթյանը կարողացել է գտնել նման կտորներ ու համապատասխան թելեր, ավելին՝ ունեցել է ստեղծագործելու ցանկություն: Ոճավորված տիկնիկը հետաքրքիր տեսքով է: Առաջին հայացքից հարց է առաջանում, թե ի՞նչ մտքով եւ նպատակով է ստեղծվել այդ կերպարը: Նույն հաջողությամբ, եւ ավելի դյուրին, նա կարող էր որպես ասեղաման պատրաստել սովորական բարձիկ, որն ավելի քիչ օժանդակ նյութեր, ստեղծագործական հմտություններ եւ ժամանակ կպահանջեր: Հավանաբար այն նրա համար երկակի իմաստ եւ խորհուրդ է ունեցել: Ստեղծագործական լուրջ աշխատանք է տարված դեմքի ստեղծման, դրան շեշտված բնավորություն տալու վրա: Այն հիշեցնում է սեւամորթ, փոքրիկ եւ գեղեցիկ աղջկա: Ակնագնդերը նկարված են ալյուրից պատրաստած մածուկով, որը ամուր է, մնայուն եւ չորանալու դեպքում պահում է ճերմակ գունային երանգը: Մնացած մանրամասնությունները վրայից նկարվել են մածուկին սեւ թանաք կամ մոխիր խառնելու միջոցով ստացած ներկով ու կարմիր թանաքով: Նույն տարբերակով է արվել տիկնիկի բերանը եւ հոնքերը: Ստեղծագործող հեղինակը ոտքեր եւ ձեռքեր չի կարել, դրանով բարձիկը ասեղաման լինելու ընդհանուր իմաստից եւ տեսքից չզրկելու համար: Վզին կարմիր վզկապ է:
Բարձիկի հատվածը չնայած երկարատեւ գործածությանը, բավականաչափ լավ է պահպանվել: Այն երկերես է: Առաջամասը կարված է սեւ թավիշից, իսկ հետնամասը՝ գունավոր կրեբդիշինից: Կտորները հավանաբար կտրվել են մաշված հագուստից կամ օգտագործվել է ձեռքի տակ եղած կտորների մնացորդները: Մաշվածության հետքը միայն առաջամասի սեւ թավիշի վրա է, որին խրվել են ասեղները:
Հենց դրա շնորհիվ է երեւում, թե ինչ է բարձիկի ներսում: Սա ամենաուշագրավն է. այն լցված է բանտարկյալ կանանց մազերով, որոնք դուրս են եկել մաշված կտորի ճեղքերից: Դրանք տարբեր գույնի, տարիքի եւ հաստության են: Առաջին հայացքից զարմանալի թվացող եւ կիրառված այդ երեւույթի վրա լույս է սփռում այն, երբ ծանոթանում ես Ս. Դավթյանի աշխատություններին: Երկարամյա իր ուսումնասիրություններից եւ կյանքի փորձից ելնելով, նա գրում է, որ ասեղները պետք է. «…խնամքով պահել ասեղամանի մեջ, կամ բարձիկի վրա, որի մեջ լցվում է բամբակ, բուրդ, թեփ, ավազ, մազ, ըստ որում ամենահարմարը վերջինն է»: Արվեստաբանի առաջարկած ասեղների պահպանության այս ձեւը Հայոց ձեռագործական արվեստի կենցաղում շատ կիրառելի է եղել: Մարդկային մազերի մեջ ասեղը պահելով՝ այն չի ժանգոտում, ինչը չի կարելի ասել բամբակից կամ բրդից պատրաստված ասեղամանների պարագայում: Բարձիկը երկարատեւ գործածման առարկա է դարձել հենց մարդկային մազի շնորհիվ: Ի դեպ, դրա վրա առ օրս պահպանվել են այն ստեղծողի մատնահետքերը, քանի որ մազից պատրաստված լինելու պատճառով այն երբեք չի լվացվել: Օգտագործվել է խնամքով:
Փաստը, որ այն լցված է բռնադատված կանանց, այդ թվում նաեւ Սերիկի մազերով, իր դստերը՝ Ներիկին հայտնել է հեղինակը, որի մասին վկայում են ժառանգները: Ի՞նչն է ստիպել, սակայն, Ս. Դավթյանին չբաժանվել ասեղամանից՝ դժվարանում ենք ասել, կարող ենք միայն ենթադրություններ անել: Ինչո՞ւ է այն պատրաստել դպրոցական սեւամորթ աղջկա տեսքով կամ ի՞նչ է մտածել դրան նայելիս, օգտագործելիս, կրկին կարող ենք առաջնորդվել ենթադրություններով: Դպրոցական աղջկա տեսքով ոճավորված ասեղամանը եզակի, թանգարանային մասունք է, փաստացի վկայություն բանտային ստեղծագործական առարկա լինելով: Տարիներ շարունակ դրանից չբաժանվելը վկայում է, որ այն հատուկ նշանակություն է ունեցել արվեստագետի համար: Այն իր մեջ ամփոփում է մայրական այն սերն ու ջերմությունը, որից տարիներ շարունակ զրկված են եղել նրա երկու զավակները եւ որին նայելիս՝ ապագայի իր երազանքներն ու նպատակները, մտքերն է փոխանցել Ս. Դավթյանը: Կենցաղային գործածության առարկայի միջոցով է արտահայտվել կյանքի հանդեպ սերը, ձգտումը եւ վերածնումը, ինչու չէ նաեւ ստեղծագործական սերը: Արգելափակության տարիների հիշողություններից մի միտք ունի Սերիկը. «Պատահում է, որ մեկ էլ այդ ընկճված հոգու խորքերից, մարդու էության թաքուն ծալքերից մի ինչ-որ տաղանդավոր, ստեղծագործական տաք շունչ է ծնվում, եւ մարդը շտկում է մեջքը, հավատում, որ կարելի է ապրել, համբերել, տոկալ, պայքարել, դիմանալ, ազատվել…»:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2022