Առաջին անգամ Հայաստան է այցելել ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը
Պատահել են դեպքեր, երբ առաջին անգամ Հայաստանում ներկայացող հյուրախաղորդ երաժշտի համերգային ազդագրի երեւալուն պես աժիոտաժ է սկսվել նաեւ մասնագետների շրջանում։ Տվյալ պարագայում, խոսքը ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյի մասին է, որը օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկավ թավջութակի համաշխարհային գրականության հայտնի ու հաճախ կատարվող Էդուարդ Էլգարի կոնցերտի մեկնաբանմամբ։
Իսկ ինչո՞վ բացատրել մեր երաժիշտների հետաքրքրությունը դեպի ֆրանսիացի թավջութակահարը, պարզեցինք արվեստագետների հետ զրույցում։ Պատճառը մեկն է. կատարողական արվեստի հսկաներ՝ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ ջութակահար Լորդ Եհուդի Մենուհինի խորհրդով 1988թ. 18-ամյա պատանի Մարկը մասնակցել է Գերմանիայում ավանդաբար անցկացվող հեղինակավոր՝ Բախի անվան մրցույթին, շահելով միանգամից երկու մրցանակ՝ առաջին եւ «Բախի լավագույն կատարման համար»։
Ֆիլհարմոնիկի հետ գլխավոր փորձից հետո Մարկ Քոփեյը մեզ մի քանի րոպե տրամադրեց։ Նա ոգեւորությամբ տեղեկացրեց, որ նախօրեին վարպետության դաս է անցկացրել մեր երիտասարդ թավջութակահարների հետ։ «Ցանկացած երկրում հյուրախաղերին զուգահեռ մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ։ Բնականաբար, առաջին անգամ եմ լսում ձեր թավջութակահարներին եւ շփվելով նրանց հետ, հավաստիացնում եմ՝ ունեք տաղանդավոր սերունդ։ Ես պարզապես ինձ երջանիկ եմ զգում»,- ասաց նա, հավելելով, որ երիտասարդ երաժիշտներին ուշադրության կենտրոնում պահելը «ժառանգել» է Ռոստրոպովիչից։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե տաղանդը՝ տաղանդ, բայց ոչ պակաս կարեւոր է, ասենք՝ ունենալ Ռոստրոպովիչի եւ Մենուհինի նման հովանավորյալներ, այն էլ կարիերայի սկզբում, մեր զրուցակիցը համակարծիք լինելով, ասաց, որ Ռոստրոպովիչը ոչ միայն մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդ երաժիշտներին, այլեւ բառի իսկական իմաստով հարստացնում թավջութակի համար գրականությունը, ոգեւորելով կոմպոզիտորներին գրել նոր ստեղծագործություններ։
«Հենց առաջին հանդիպման ժամանակ նա կարողանում էր կոմպոզիտորին ոգեւորել, համոզել գրել նոր գործեր։ Իսկ աշխարհում հարյուրից ավելի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Պրոկոֆեւը, Շնիդկեն, Խաչատրյանը, Բերնսթայնը ստեղծագործում էին հատկապես Ռոստրոպովիչի համար, որը դառնում էր նրանց գործերի առաջին կատարողը»,- ասաց թավջութակահարը։
Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ինքն է՞լ է Ռոստրոպովիչի օրինակով համոզում կոմպոզիտորներին երկեր գրել թավջութակի համար, Մարկ Քոփեյի պատասխանը հակիրճ էր՝ իհարկե, այո. «Վերջին շրջանում համագործակցում եմ հեղինակություն վայելող, արմատներով հայ, ֆրանսաբնակ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի հետ։ Ունեմ տաղանդավոր հայ երաժիշտ ընկերներ՝ ֆրանսաբնակ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյան, բրիտանաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան, որն ըստ իս՝ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների թվում Խաչատրյանի կոնցերտ-ռապսոդիան կատարել է նրա ծննդյան 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում»։
Թավջութակահարը հանդես է գալիս համաշխարհային ճանաչում ունեցող խմբերի հետ, անվանի դիրիժորների ղեկավարությամբ, հետեւաբար կարեւոր էր նրա կարծիքը մեր ֆիլհարմոնիկի մասին։ «Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցնելու եմ բրիտանացի կոմպոզիտորի թավջութակի կոնցերտը, որտեղ կերպարների բազմազանությունը, մեղեդիական հագեցվածությունը եւ հարմոնիայի թարմությունը ակնհայտ են, որոնց ակունքները բրիտանական ֆոլկլորում են։ Բնականաբար, այս ստեղծագործությունը մեկնաբանել եմ շատ նվագախմբերի հետ։ Ձեր ֆիլհարմոնիկի հետ փորձի առաջին հնչյուններից անակնկալի եկա, թե դիրիժորն ու նվագախումբը ինչպես են զգում բրիտանական ֆոլկլորի նրբությունները։ Իսկ ավելի ուշ մտաբերեցի ընկերոջս՝ Չաուշյանի խոսքերը, որ հայերը բազմադարյա մշակույթ ունեն, ինչն էլ հենց օգնում է հասկանալ այլ ժողովուրդների մշակույթը»,- հայտնեց Մարկ Քոփեյը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2022