Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է ստույգ կանխատեսել՝ արդյոք Մոսկվան Երեւանին Արեւմուտքից սահմանազատվելու կոշտ պահանջ կդնի՞, թե՞ կնախընտրի հայկական «դուռն» իր կարիքների համար դեռեւս բաց պահել»

Մարտ 21,2022 14:00

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ադրբեջանական կողմը կարող է գնալ զանազան սադրանքների՝ մի կողմից արցախահայության կամքն ընկճելու եւ արտագաղթելու տրամադրություններ սերմանելու նպատակով, իսկ մյուս կողմից՝ ՀՀ գործող իշխանություներին զանազան զիջումների մղելու համար:

-Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից հեռացվելու շեմին է, ընթանում է Ռուսաստանի՝ այսպես ասած մեկուսացման գործընթաց: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ի մեկուսացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես արտաքին քաղաքականության ասպարեզում:

-Եվրասիայի վերաֆորմատավորման ընթացիկ փուլում կարող է գործարկվել «ԽՍՀՄ-2» մոսկովյան նախագիծը, որի՝ այս պայմանական անվանումը դրա իրական բովանդակության ու ռազմավարական նպատակների հետ ոչ մի առարկայական կապ չի ունենալու: Այս նախագծի կարեւորագույն բաղադրատարրերից մեկը Ռուսաստանի կատարյալ անջրպետվելն է Եվրոպայից: Դժվար է այս պահին ստույգ կանխատեսել՝ արդյոք Մոսկվան Երեւանին Արեւմուտքից սահմանազատվելու կոշտ պահանջ կդնի՞, թե՞ կնախընտրի հայկական «դուռն» իր կարիքների համար դեռեւս բաց պահել ՝ սա մարտավարական հարց է:

-Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում ադրբեջանական ներխուժումներ կան եւ դրանք, ցավոք, շարունակական բնույթ են կրում: Խաղաղության դարաշրջան բացելու՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններն արդյոք համարժե՞ք են այս իրավիճակին: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ի՞նչ եք կարծում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ա՞ճ կգրանցվի:

-Ադրբեջանական կողմը կարող է գնալ զանազան սադրանքների՝ մի կողմից արցախահայության կամքն ընկճելու եւ արտագաղթելու տրամադրություններ սերմանելու նպատակով, իսկ մյուս կողմից՝ ՀՀ գործող իշխանություներին զանազան զիջումների մղելու համար: Ուկրաինական պատերազմը Մոսկվայի համար Արցախի հետ կապված մտահոգություններն «օրինաչափորեն» ետին պլան են մղում՝ Կրեմլում դժվար թե ցանկանան առճակատվել Բաքվի հետ: Ինքներս շատ դեպքերում պետք է ելքեր գտնենք ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կանխելու կամ չեզոքացնելու համար: Ընդ որում, դա պետք է արվի ինչպես քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործիքակազմի կիրառմամբ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի 6 նախապայմաններին ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը, որում չկար հստակ արձանագրում, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով չի ընդունում այդ նախապայմանները, եւ մյուս կողմից ինչի՞ մասին է վկայում հայկական կողմի դիմումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ բանակցություններ կազմակերպելու առիթով:

-Կարծում եմ, որ պաշտոնական Երեւանն այս կերպ ձգտում է առանց իրավիճակն ավելի սրելու կանխել Բաքվի ուղիղ ռազմական սպառնալիքների ու շատաժի մթնոլորտում հակառակորդի հետ «բանակցություններ» վարելու հեռանկարը: Արցախյան հիմնախնդրի կարգավորման նրբություններին լիարժեք տիրապետող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք անդամ-պետությունների միջնորդությունը տեսականորեն կարող է նախադրյալներ ապահովել արդար եւ իրավահավասար բանակցային միջավայր ձեւավորելու համար:

-Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից 2 օր անց պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Հայաստանին ներկայացրել է առաջարկները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանդիպման արդյունքները:

-Որպես միջանկյալ արդյունք կարող ենք դիտարկել հենց Հայաստանի դիմումը Մինսկի խմբի երեք համանախագահ-պետություններին՝ հայ-ադրբեջանական բանակցություններին միջնորդի եւ, ըստ էության, նաեւ անկողմնակալ արբիտրի դերում մասնակցելու առաջարկով: Տեսնենք՝ ի՞նչ արձագանք կլինի Հայաստանի այս դիմումին:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ է այժմ կատարվում Արցախում: Գազամատակարարման անջատումները, հոգեբանական ճնշումները, հայկական բնակավայրերի գնդակոծությունները, լուրեր են շրջանառվում, թե ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնի ներքո հնարավոր է ռուսական ուժերն այնտեղից դուրս գան: Ձեր դիտարկմամբ, ի՞նչ է կատարվում:

-Արդեն նշեցի, որ ադրբեջանական կողմն իսկապես կփորձի ռուս-ուկրաինական պատերազմից իր համար առավելագույն օգուտները կորզել Արցախում: Այս նպատակով Բաքուն կարող է դիմել եւ դիմում է տարատեսակ սադրանքների, որոնց ռուս խաղաղապահների արձագանքը բավարար չափով արդյունավետ ու կոշտ կարող է եւ չլինել: Արցախի գազամատակարարման ընդհատման պատմությունն ասածիս վկայությունն է: Այդուհանդերձ ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումն Արցախից մոտակա առնվազն մեկ տարվա ընթացքում քիչ հավանական եմ համարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031