Սկիզբը՝ այստեղ:
«Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից
Վաղ առավոտյան, երբ բոլորն էլի քնած էին, մենք նկուղից հանելով այն, ուղեւորվեցինք որսորդների մարզային միության սառնարանային համալիր, որը գտնվում էր Մանֆրեդի տնից մոտ 50 կմ հեռավորության վրա: Մանֆրեդն իր գրպանից հանեց հսկայական համալիրի դռան բանալին, բացեց դուռը, միաժամանակ ինձ տեղեկացնելով, որ որսորդմիության բոլոր անդամներն էլ ունեն այդ բանալիներից: Մենք խոզին դրեցինք կշեռքի վրա: Այն կշռում էր 72 կգ: Այնուհետեւ Մանֆրեդը մոտեցավ գրասեղանին, մանրամասն լրացրեց սեղանի վրա դրված ապրանքագիրը երկու օրինակից՝ քաշը, նույնիսկ գույնը, ապա խոզի փորի մասից առանձնացրեց այն ամենն, ինչը ուղարկվելու էր բժշկության ոլորտում օգտագործելու: Այդ ամենը լցրեց մի պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ տեղավորեց դրանց համար նախատեսված փոքր սառնարանում: Հետո միասին խոզին մտցրեցինք հսկայական սառնարանի մեջ, ուր տասնյակ խոզեր էին կախված:
-Յուրաքանչյուր կենդանու համար առանձին սառնարան է նախատեսված: Չի կարելի բոլոր տեսակի կենդանիներին մի սառնարանում պահել,- աշխատելու հետ միասին բացատրում էր Մանֆրեդը:
Ամեն բան վերջացնելուց հետո, մենք վերադարձանք տուն այն ժամանակ, երբ Մանֆրեդի կինը՝ Էդիտան, նախաճաշը պատրաստել էր եւ ճիշտ ժամանակին դիմավորեց մեզ:
Կարդացեք նաև
Ախր գերմանացիները չեն սիրում անտեղի ժամանակ վատնել…
Նախաճաշից հետո Մանֆրեդն ինձ հայտնեց, որ մի քանի օրից մարզում նշվելու է որսորդների տոնը: Նա ասաց նաեւ, որ այդ տոնին իր դասընկերուհի Մարգոտ Հոնեկերը, նույն ինքը՝ ԳԴՀ-ի կանցլեր Էրիխ Հոնեկերի կինը, Բիթթերֆելդում անցկացվող այդ տոնին հաճախ է մասնակցել եւ ցանկություն է հայտնել այս անգամ եւս ներկա գտնվել…
Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան հարյուրավոր որսորդների փողերի անկանոն շչակների հետ Բիթթերֆելդից 30 կմ հեռավորության վրա գտնվող հսկայական բացատում, նախատեսված ժամանակից մի քանի րոպե էլ շուտ, սկսվեց մարդկանց հոսքը դեպի բացատ: Հենց այդ պահին մենք Մանֆրեդի հետ դիմավորեցինք Մարգոտին: Նա ժամանել էր միայնակ, առանց ուղեկցողների, իր փոքրիկ «Տարաբանտ» երկտակտանի ավտոմեքենայով, որը մոտավորապես մեր «Մոսկվիչների» չափերին է: Հետագայում Մանֆրեդից իմացա, որ նա միշտ նման ձեւով է տեղաշարժվում, մանավանդ, երբ որսի էր գալիս Բիթթերֆելդի տարածաշրջան, որտեղ ծնվել եւ անց էր կացրել մանկության ու պատանեկության տարիները:
Ես շատերի մոտ եմ նկատել շինծու, ցուցադրական, երբեմն՝ կեղծ ժպիտներ: Մարգոտի ժպտացող դեմքն այնքան անկեղծ էր, սիրալիր, քնքուշ ու անմիջական, որ մարդկանց մոտ աննախադեպ համակրանք էր առաջանում դեպի այդ կինը: Ես բախտ ունեցա նրա հետ մի քանի ժամ անցկացնելու, որի ընթացքում զարմանքի հետ խորը հիասթափություն ապրեցի մեր ղեկավարների կանանց, ղեկավար պաշտոններում աշխատող կանանց ու նրանց շրջապատի նկատմամբ, որոնց տհաս ու գոռոզ դեմքերը հիշելիս, ներեցեք, սրտխառնոց էի ունենում: Իսկ հիմա, երբ տարիներ են անցել այդ օրից, հարյուրապատիկ հիասթափություն է համակում էությանս, ցավով համեմատելով այժմյան ղեկավարների տիկնանց շքեղ ապրելաձեւի, շրջապատի նկատմամբ նրանց վերաբերմունքի եւ նրանց ամենուրեք «ուղեկցող» արհամարհանքի հասնող գոռոզության հետ… Իբր այդքան «ուղեկիցները» քիչ են, դեռ թիկնազորի քանի՜-քանի աժդահաներ էլ վերադիր: Բա՞: Հո տրաքելու չե՞ն, «խեղճերը»…
Մանֆրեդն ու Մարգոտը չէին հանդիպել շուրջ երեք ամիս: Նրանք ջերմ գրկախառնվեցին, որից հետո Մանֆրեդը ներկայացրեց ինձ, կնոջս ու երեխաներիս: Մարգոտը բարեւելով, մի կաթոգին ու քնքուշ ժպիտ ուղղեց մեզ, կարծես մեզ էլ էր կարոտել: Ապա միասին առաջացանք բացատ: Ապշեցուցիչ մի տեսարան էր բացատում, գրավիչ, անսահման հետաքրքիր, մեզ համար անսովոր ճոխությամբ ու շքեղությամբ: Փայտյա փոքրիկ, սիրունիկ, աննկարագրելի գեղեցկությամբ ձեռակերտված տնակներն իրենց գրավչությամբ գերազանցում էին մեկը մյուսին: Յուրաքանչյուր տնակ կառուցված էր առանց նախորդին կամ հաջորդին նմանակելով եւ ծառայում էր նախօրոք ծրագրված նպատակին: Ամեն մեկն ուներ իր «մասնագիտացված» կարգավիճակը, որոնք անթիվ էին ու բազմազան: Ամենամեծ «տեսականին», իհարկե, ընձեռված էր որսորդական պարագաներին՝ հրացաններ, դաշյուններ, սվիններ եւ անպայման որսորդության հետ կապված հուշանվերներ: Հատուկ սահմանված վայրերում, «որսորդական» կաթսաների մեջ ամենուրեք արդեն եփվում էին տեղացի որսորդների կողմից որսացած կենդանիների մսերը: Տնակների միջեւ մեկընդմեջ տեղակայված էին հրաձգարանները, որոնց մոտակայքում ամենահոծ բազմությունն էր կուտակվել: Այս ամենով հիացած ու կարծես վերացած, մենք առաջ էինք շարժվում դեպի բացատի կենտրոն: Դեռ հեռվից տեսանելի դարձավ պոլիէթիլենով կառուցված մի ահռելի շինություն, որին մոտենալով լսում էինք բազմաթիվ կրակոցներ ու, կարծես թե՝ աքաղաղների «ծուղրուղուներ»: Այնքան բնական «ծուղրուղուներ», որ հեռվից թվաց, թե հսկայական թռչնանոցում կրակոցներով քնած աքաղաղներ են արթնացնում: Դա կենտրոնական հրաձգարանն էր, մուտքը հատուկ հրավիրատոմսերով՝ միայն որսորդների համար: Մեր հրավիրատոմսերի մասին նախօրոք հոգացել էր Մանֆրեդը:
Երբ ներս մտանք՝ ապուշ կտրեցի ցնցող տեսարանից: Հարյուրավոր «կրակակետերից» կրակում են ու կրակում: Թիրախներն աքաղաղների մետաղյա պատկերներն են, որոնց խփելուն պես մի այլ աքաղաղ էր դուրս թռչում թաքստոցից «ծուղրուղուով», իսկ մեկ ուրիշն էլ՝ շինության կտուրից կարծես նմանակում էր նրան: Եվ այս ամենն ամենայն կազմակերպվածությամբ ու «մարտական լրջությամբ»: Այնպես, որ մենք կարող էինք երեւակայել մեզ, որպես թե մասնակցել ենք Գերմանիայի որսորդների ամենակարեւոր «ճակատամարտին»… Ես դեռ չգիտեի, որ ամենաթեժ «ճակատամարտն» առջեւում է եւ ինձ բախտ է վիճակվելու հաղթանակել…
Մարգոտը նկատում էր իմ անսահման հետաքրքրությունն այդ ամենի նկատմամբ եւ իմ կցկտուր գերմաներենի միջոցով հասկացա, որ նա Մանֆրեդի հետ ինչ-որ բան է պայմանավորվում, որը, ցավոք՝ մնաց անիրագործելի: (Մի քանի օր անց, երբ Բեռլինի Գլխավոր կայարանից Մանֆրեդը ճանապարհում էր մեզ, հայտնեց, որ Մարգոտը ցանկացել էր որսի գնալիս իրենց հետ ինձ էլ վերցնել…):
Իսկ կենտրոնական հրաձգարանի թվատախտակի վրա գրվում էին այն մարդկանց անունները, ովքեր ավելի անվրեպ էին կրակում: Սակայն, նրանց մեջ դեռեւս չէր հայտնվել մեկը, ով հինգ հնարավորից հիսուն միավոր հավաքեր: Այս ընթացքում Մանֆրեդը Մարգոտին տեղեկացրել էր, որ բանակում ծառայության ընթացքում, ես ավտոմատի հինգ կրակահերթով հիսուն միավոր եմ հավաքել, որի համար հրամանատարությունն ինձ տասնօրյա արտահերթ արձակուրդ է տրամադրել: Իմ մասին որեւէ տեղեկություն ստանալիս, Մարգոտն ազնվորեն ժպտում էր: Ես նկատեցի, որ այս վերջին՝ «ամենակարեւոր տեղեկությունը» շատ հետաքրքրեց նրան: Ահա թե ինչո՞ւ, նա Մանֆրեդի հետ որոշել էր անակնկալ մատուցել ինձ…
Շարունակելի
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2022