Այսօր տելեգրամյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց այն մասին, թե ինչո՞ւ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն չճանաչեց Արցախի անկախությունը: Արմեն Աշոտյանը բացատրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցություններ էին ընթանում, եւ եթե այդ ժամանակ Հայաստանը ճանաչում էր Արցախի անկախությունը, ապա սկսվում էր պատերազմ, Հայաստանն աշխարհի, ՄԽ աչքերում լինում էր սխալ եւ բանակցություններին վերջ էր դրվում:
Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ական իշխանությունը դա չարեց 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ այդ ժամանակ, պատերազմի երրորդ օրը, Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին եւ ասաց, որ եթե մի քանի օր էլ տեւեց պատերազմը՝ մենք ճանաչում ենք Արցախը: 1,5 օր անց պատերազմը ավարտվեց: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, պատերազմն ավարտվեց մեր բանակի, զինվորների կամքի եւ տոկունության շնորհիվ, բայց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի այս դիվանագիտական քայլը մեծ ազդեցություն ունեցավ:
Բանախոսը նկատեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, ՀՀ իշխանությունը մի քանի լեգիտիմ հնարավորություն ստացավ Արցախը ճանաչելու. դրանք այն ժամանակ էին, երբ Ադրբեջանը խախտում էր կրակը դադարեցնելու մասին երեք համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ղեկավարների միջամտությամբ: Իր կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ճանաչեր Արցախի անկախությունը, մենք այժմ կունենայիք ճանաչված Արցախ եւ ներկայիս իրավիճակը չէինք ունենա, երբ Նիկոլը փորձում է ՄԽ-ի օգնությամբ Ադրբեջանին հանձնել այն, ինչը չի հանձնել 44-օրյայի ընթացքում: Խոսքը Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու՝ Ադրբեջանի փոխանցած հինգ առաջարկների մասին է, որոնց շուրջ բանակցություններ սկսելու խնդրանքով Հայաստանը դիմել է ՄԽ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ