«Եթե 2018-ին Նիկոլին իշխանության բերելը միամտություն էր, ռոմանտիզմ էր, ապա 2021-ին հունիսի 20-ին Նիկոլին ձայն տալը մեղք էր, եւ ես այդ մարդկանց ասելիք ունեմ»,-այսօր Տելեգրամ ալիքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հարցն ուղիղ էր ձեւակերպած՝ մեղավոր համարո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր 2018-ին ձեզ մերժեցին եւ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության:
«Մեղավոր չեմ համարում այն քաղաքացիներին, ովքեր 2018-ին մեզ մերժեցին եւ Նիկոլին բերեցին իշխանության»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ 2018-ի իրադարձությունների համար բոլոր կողմերն իրենց մեղքն ունեին, այդ թվում նաեւ իրենք՝ իբրեւ գործող իշխանություն, նաեւ նրա համար, որ տարիներ շարունակ չէին պատասխանել իրենց հասցեին գեներացվող ստերին եւ դրանք նստվածք էին թողել մարդկանց սրտերում:
«Եթե որեւէ քաղաքական գործիչ խոստանում է հեշտ լուծում դժվար խնդիրներին՝ միանգամից մի բանով խփեք նրա գլխին, որովհետեւ հնարավոր չէ դժվար խնդիրներին հեշտ լուծումներ տալ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ խորհուրդ տալով դասեր քաղել 2018-ին տեղի ունեցածից եւ այլեւս երբեք պոպուլիզմին չտրվել:
Ինչ վերաբերում է 2020-ի ընտրություններին, Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանք, այո, կեղծվել են, բայց միեւնույն է՝ Նիկոլ Փաշինյանը ստացել է ձայներ: Նա նաեւ հիշեցրեց, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների դեօկուպացիա, հիմա, սակայն, այդ մասին ոչ միայն չի խոսում, այլ անում է քայլեր, որոնց արդյունքում այդ տարածքներն Ադրբեջանին են անցնելու նաեւ իրավական առումով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ