Մարտի 5-6-ը, Լեհաստանի Բիդգոշ քաղաքում տեղի ունեցավ կարատեի 21-րդ «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարը։ Հայաստանի կարատեի միության հավաքականի մարզիկներ Դավիթ Թարոյանն ու Կամո Ունանյանն այս կարևոր մրցաշարում նվաճեցին մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ։
Հավաքականի մարզիկ Դավիթ Թարոյանը, շոտլանդացու հետ թեժ պայքարում, կիսաեզրափակչում ձեռքի լուրջ վնասվածք ստացավ, բայց բրոնզե մեդալի համար գերազանց հաղթանակ տարավ։
Իսկ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, 3։0 հաշվով հաղթելով լեհ մարզիկին, արժանացավ Ոսկե մեդալի և դարձավ առաջնության հաղթող։
Ի դեպ, կարատեի միջազգային կարևոր մրցաշարին Հայաստանի կարատեի միության հավաքականի մարզիկները մեկնել էին մարզիչ Տիգրան Մուրադյանի ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
«Հայաստանի կարատեի միության հավաքականի մեր տղաների՝ հատկապես Կամո Ունանյանի գրանցած բոլոր արդյունքներով հպարտանում եմ»,- հաղթանակի համար շնորհավորելով, մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Կարապետյանն, ում հովանավորությամբ են տղաները մեկնում մրցումների։
Ըստ զրուցակցի, մեր օրերում նման մրցումներ կազմակերպելն արդեն իսկ բարդ է, ուր մնաց թե մեկնել ու բարձր պահելով երկրիդ պատիվը՝ հաղթանակած վերադառնալ, ինչպես անում են մեր հավաքականի մարզիկները։
«Մեր երկրի պատիվը բարձր պահելու համար հայ մարզիկը վտանգում է և՛ առողջությունը, և՛ կյանքը։ Օրինակ, հենց այս, «Central Europe Open» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցելու համար Կամո Ունանյանն անտեսելով առողջական խնդիրները, առանց երկմտելու զօր ու գիշեր մարզվելով մեկնեց մրցաշարին ու ոսկե մեդալ նվաճելով դարձավ առաջնության հաղթող»,- հպարտորեն արձանագրեց Լ․Կարապետյանն ու շտապեց համեմատական եզրահանգումներ անել․ «Գուցե այլ երկրներում մարզիկներն ավելի շատ հնարավորություններ ունեն, քանի որ իրենց համար խոշոր ներդրումներ են անում, բայց ոչ միշտ են բարձր արդյունքներ գրանցում։ Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ենք ֆինանսապես աջակցում մեր տղաներին, երբեմն հենց մարզիկն է ներդրում անում, որպեսզի մեկնի հեղինակավոր մրցաշարին ու վերադառնում է հաղթանակած։ Դա խոսում է մեր մարզիկների լավ պատրաստվածության մասին։ Այ հենց դրանում վստահ լինելով էլ որոշեցի կանգնել Հայաստանի հավաքականի կողքին ու աջակցել, որպեսզի աշխարհում և ամենուրեք, որտեղ որ մասնակցում են մրցումների, բարձր պահեն մեր երկրի պատիվը։ Դրա համար շնորհակալ եմ մեր հավաքականին, քանի որ իրոք դժվար ճանապարհով են այդ ամենին հասնում, բայց փոխարենը մեր և երկրի պատիվն են բարձր պահում՝ ամենօրյա տաժանակիր մրցումների արդյունքում»։
Չլինելով սպորտի աշխարհից, Լիլիթ Կարապետյանն ասում է, որ այս ոլորտում ներդրում անելն իր համար գերնպատակ է ունեցել․ «Որպեսզի, մեր երկրի դրոշը բարձր ծածանվի աշխարհի տարբեր հեղինակավոր սպորտային մրցումներում։ Օրինակ, նախորդ տարի, Կամոյի առաջարկով հավաքականի մարզիկների համար նույնիսկ աշխատավարձ էինք սահմանել, որպեսզի մարզվելուն զուգահեռ չմտածեն գումար վաստակելու մասին»։
Աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարվա պլանների մասին Լիլիթը երկմտեց․ «Այս տարվա պլանների մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի որ չենք կարող կանխատեսել, թե վաղն ինչ կարող է լինել։ Բայց հնարավորինս ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր հավաքականի կողքին լինեմ։ Շատ կուզենամ, որ աշխարհի վիճակը կայունանա, որպեսզի կարողանամ հնարավորություն ունենալ ավելի շատ մարզիկների հովանավորել, որոնք էլ՝ մեր երկրի պատիվը բարձր կպահեն միջազգային ռինգերում»։
Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայություն