Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ Կլասիկո

Մարտ 20,2022 20:27

Այսօր երեկոյան մոլորակը կբաժանվի երկու մասի՝ սերուցքայիններ և կապտանռնագույններ։ Տարիներ շարունակ մրցաշրջանի գլխավոր դիմակայությունը համարվել և համարվում է Էլ Կլասիկոն. Կատալոնական Բարսելոնան կհյուրընկալվի Մադրիդի Ռեալին՝ հանրահայտ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում։

Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա այս դիմակայությունը կարևոր է համարվում ոչ միայն մրցաշարային աղյուսակում պայքարի տեսանկյունից, այլ նաև Էլ Կլասիկոն երկու թիմերի համար սկզբունքային դիմակայություն է…

Թիմերը այսօրվա մրցավեճին մոտենում են մարտական և բարձր տրամադրությամբ։ Բարսելոնան անցյալ տարի խորը ճգնաժամ էր ապրում. Մեսսիի հեռանալը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլից անակնկալ դուրս մնաց և հայտնվեց Եվրոպա լիգայում, իսկ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում հայտնվել էր 9֊րդ հորիզոնականում։ Մարզչի պաշտոնում նշանակվեց ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Չավին։ Մի քանի ամսվա ընթացքում Չավիին հաջողվեց կարգավորել թիմում տիրող մթնոլորտը, ինչպես նաև ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում Բարսելոնան մարտական կազմ հավաքեց և բարելավեց խաղամակարդակը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կապտանռնագույնների կազմը համալրեցին Օբամեյանգը, Ադամա Տրաորեն, Ֆերան Տորրեսը և թիմի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը։

Այս տրանսֆերները ծանրակշիռ դեր ունեցան Բարսելոնայի հաջող խաղի համար։ Լա Լիգայում և Եվրոպա լիգայում հաջող մրցելույթներից ոգևորված՝ Բարսան պատրաստ է Մադրիդում պայքարել հաղթանակի համար։

Մադրիդի Ռեալը այս մրցաշրջանում բավական լուրջ հավակնություններ ունի։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում շարունակում է վստահորեն զբաղեցնել առաջին հորիզոնականը և իրեն հետապնդող Սևիլյայից առաջ է 10 միավորով։ Չեմպիոնների լիգայում մայրաքաղաքայինները տպավորիչ քամբեք իրականացրին։ Առաջին խաղում 1։0 հաշվով զիջեցին Պարի Սեն Ժերմենին։ Սակայն Սանտյագո Բերնաբեուում 90 րոպեն չափազանց երկար էր ֆրանսիացիների համար։ Մադրիդը հաղթեց Բենզեմայի տպավորիչ հեթ-տրիկի շնորհիվ և դուրս եկավ ¼ եզրափակիչ։ Սերուցքայինները լավ մարզավիճակ են հավաքել և չեն պատրաստվում զիջել Լա Լիգայում՝ այն էլ պատմական մրցակցին՝ Բարսելոնային։
Երկու թիմերի միջև տարբերությունը մրցաշարային աղյուսակում բավական մեծ է, սակայն եթե Բարսելոնան առավելության հասնի այսօրվա դիմակայությունում և շարունակի հաջող հանդես գալ մրցաշրջանի մնացած հատվածում՝ շանսեր կունենա պայքարել Պրիմերայի տիտղոսի համար։ Անկախ մրցաշարային աղյուսակի դասավորությունից՝ այսօր երկու թիմերն էլ մարտական տրամադրված պայքարելու են հաղթանակի համար։

Հանդիպումից առաջ՝ երկու կողմերն էլ կորուստներ ունեն. Մադրիդյան ակումբի հիմնական խնդիրը թիմի ռմբարկու Կարիմ Բենզեմայի վնասվածքն է, ինչպես նաև խաղին չի մասնակցի թիմի ձախ պաշտպան Ֆերլան Մենդին։ Կատալոնական ակումբի կորուստները ավելի շատ են. Սերժինյո Դեստ, Անսու Ֆատի, Ումտիտի, Բալդե և Սերժի Ռոբերտո։ Եթե Բալդեն և Ումտիտին այնքան էլ նշանակալի կորուստներ չեն Բարսայի համար, ապա մյուսները անկասկած համարվում էին հիմնական կազմի ֆուտբոլիստներ։ Չնայած կորուստներին՝ թիմերը հիմնական կազմում ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք մինչև վերջին րոպեն կպայքարեն հաղթանակի համար։

Մի քանի հետաքրքիր փաստեր Կլասիկոյի մասին. Վերջին 5 Կլասիկոներում Մադրիդյան ակումբը անընդմեջ հաղթանակի է հասել կատալոնացիների նկատմամբ։ Անկասկած կապտանռնագույնները կփորձեն փոխել այս վիճակագրությունը։ Բացառիկ հաջողության կարող է հասնել նաև սերուցքայինների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը կդառնա առաջին մարզիչը պատմության մեջ, ով հաղթել է թոփ 5 առաջնությունները։ Հիշեցնենք՝ նա չեմպիոն է դարձել Իտալիայում՝ Միլանի հետ, Անգլիայում՝ Չելսիի, Ֆրանսիայում՝ ՊՍԺ֊ի, իսկ Գերմանիայում՝ Բավարիայի հետ։ Եթե Անչելոտիին հաջողվի հաղթել Լա Լիգան, ապա իտալացի մասնագետը կդառնա բացառիկ հաջողության հեղինակ։ Էլ Կլասիկոյում հաղթանակը անկյունաքարային կլինի չեմպիոնության համար պայքարում։

Կլասիկոն շարունակում է տոնախմբություն մնալ ֆուտբոլասերների համար։ Չնայած բացակայում են Ռոնալդուն և Մեսսին, Ինյեստան և Չավին (որպես ֆուտբոլիստ), Կասիլյասն ու Վալդեսը, Պույոլը և Ռամոսը, ինչպես նաև ուրիշները՝ պատմությունը շարունակվում է, և Կլասիկոն շարունակում է մնալ ամենադիտարժան իրադարձություններից մեկը մարզական աշխարհում։ Հանդիպումը կկայանա այսօր կեսգիշերին։ Ինչ արդյունք էլ գրանցվի՝ վստահաբար մենք ականատես կլինենք բարձրակարգ ֆուտբոլի…

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031