Մտավորականների միության ավագանու դիմումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին
Մենք՝ Մտավորականության միության Ավագանու անդամներս, մտահոգված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակույթի և Սփյուռքի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակով, որոշեցինք դիմել իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներիդ, հույս ունենալով, որ կտեսնեք մեր հայրենիքում ձեր կուսակցության գործունեության արդյունքում ստեղծված իրավիճակը, ճիշտ կկողմնորոշվեք հայրենի երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու հարցերում:
Իբրև թե խաղաղություն եք ուզում՝ պատերազմի փոխարեն։ Բայց ճկուն դիվանագիտություն ունեցող թշնամին պարտադրվող պայմաններով «խաղաղությունը» ծուղակ է դարձրել և Հայաստանի Հանրապետությանը նոր ու միակողմանի զիջումների առաջ է կանգնեցրել՝ ստիպելով ճանաչել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում է. քանի դեռ Հայաստանի Հանրապետության անսահման լիազորություններով օժտված միապետ-վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, տարածքային, դիրքային, քաղաքական, դիվանագիտական, հաղորդակցական զիջումներ կորզել ՀՀ-ից ու Արցախից…
Կարդացեք նաև
Տեղյա՞կ եք, որ ՀՀ սահմաններում ամեն հողակտորի, բնակավայրի համար թուրքերի հետ պայքար է գնում: Նման իրավիճակ է տիրում նաև Արցախի Հանրապետությունում։ Թե բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, արտոնությունները մթագնել են ձեր՝ ակամա երեսփոխաններ, նախարարներ, պաշտոնյաներ դարձած ՔՊ-ականներիդ ուղեղները։ Ինչպես երևում է, դուք ավելի բարձր եք գնահատում ձեր անձնական շահը հանրային, պետության շահից։ Իսկ դա դեպի համընդհանուրի, պետության կործանում է տանում։
Սյունեցի այն քաջորդիները, որոնք ունակ են կազմակերպելու երկրամասի պաշտպանությունը, քանի որ նման փորձ ունեն, ներկա ՔՊ-ական «արդարադատության» կամքով անազատության մեջ են հայտնվել, այդպես խոչընդոտելով կազմակերպելու հայկական բնակավայրերի պաշտպանությունը: Շիկահող, Կեմաց, Ծավ, Հանդ, Սրաշեն բնակավայրերը հենց ձեր անտարբերության պատճառով հայտնվել են ադրբեջանցիների պաշարման մեջ։
Դուք չեք ուզում մտահոգվել երկրի անվտանգության մասին։ Կազմալուծել եք երկրի պաշտպանական համակարգը, օրեցօր թուլացրել թշնամուն երկրի դիմադրողականությունը։ Ամեն օր նորանոր դիրքեր եք զիջում։
Բաքուն, Անկարան տարիներ շարունակ մեր պատմության կեղծման ու մշակութային արժեքների յուրացման քաղաքականություն են վարում, միլիոնավոր նավթային գումարներով աշխարհով մեկ տեղեկատվական դաժան պատերազմով ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Զուգահեռ նոր նախապայմաններ են պարտադրում: Լավ, դա մեր երդվյալ թշնամու ձեռագիրն է: Ինչո՞ւ դուք պատասխան պայմաններ չեք առաջարկում: Առանց Արցախի սահմանների վերականգնման, զավթած տարածքների վերադարձի, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Բաքվի զնդաններում կտտանքների ենթարկվող ռազմագերիների վերադարձի ընդունելո՞ւ եք թշնամու պարտադրանքը: Միայն թե պահպանե՞ք ձեր իշխանությունը, արտոնյալ վիճակը:
Ձեր շարքերում շատերն են ենթարկվել ձեր առաջնորդի կամքին, ու Արցախը հայտարարում են մեր թշնամի երկրի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Կառավարության, Ազգային Ժողովի, Քաղաքացիական pայմանագիր կուսակցության բոլոր անդամնե՞րդ եք կիսում ձեր անփոխարինելի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմնորոշումը այս հարցում, դրանով իսկ ծառայում Բաքվի նավթա-գազային սուլթան Իլհամ Ալիևին:
Եթե ողջ աշխարհը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան ասում են, որ Արցախի հարցը չի լուծվել, ՔՊ-ն իր առաջնորդի հետ լուռ է։ Եթե Իլհամ Ալիևը հայտարարում է, որ լուծել է Արցախի հարցը, ապա ՔՊ-ականները ոչինչ չեն պատասխանում, իսկ իրենց առաջնորդը հայտնում է, որ Արցախը ադրբեջանական տարածք է։
Ինչո՞ւ ոչինչ չասացիք Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հակահայ համաձայնագրի մասին։ Ոչինչ չեք ասում բռնազավթված Հադրութի, Արցախի մյուս շրջանների բնակավայրերի, հազարավոր բնակիչների բռնագաղթի մասին։ Ձեր առաջնորդը թույլ չի՞ տալիս, թե ուղղակի ասելիք չունեք։ Երկրի անվտանգությունը չի՞ հետաքրքրում ձեզ։ Այն թողել եք մի անձի՝ վարչապետի կամայական որոշումներին։ Իսկ նրա կամար հայրենիքի վրա վերահաս վտանգավոր այս պահին ամենակարևորը ոչ թե երկրի անվտանգությունն է, բանակի վերականգնումը, այլև ռեստորանների սեղաններին աղի քանակը, որը, նրա համոզմամբ միակ ամենակարևոր ռազմավարական խնդիրն է:
Արցախի խնդրում կարող ենք հիշեցնել, որ երեք հազար տարիների ընթացքում, երբ Մայր հայրենիքը այս կամ այն քաղաքական իրավիճակում կորցրել էր իր պետականությունը, արցախահայությունը տասը անգամ ստեղծել է իր անկախ կամ վասալ պետական կարգավիճակը, այդպես պահպանելով իր տարածքային ամբողջականությունը, մշակույթը, ինքնությունը։ 1988 թ․ Բաքվի իշխանությունների բռնաճնշման դեմ ապստամբությունն ու անկախ պետության՝ Արցախի Հանրապետության ստեղծումը երեքհազարամյա ժառանգության հիշողության արդյունք է։
Արհամարհելով արցախցիների ինքնորոշման իրավունքը, մինչ օրս ոչ մի ՔՊ-ական չի հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինելու։ Համոզված եղեք, սա բնութագրում է ձեր կուսակցության դեմքը։
Գալով իշխանության, ոչինչ չարեցիք հանրությանը կրկին կապելու սեփական մշակույթին, գրականությանը: Գրչի հարվածով վերացնելով Մշակույթի նախարարությունը, սկսեցիք անտեսել արվեստի, գրականության գործիչներին: Իսկ առանց մշակույթի հանրությունը նետվում է անարդարության, անպատասխանատվության, կոռուպցիայի, թալանի գիրկը: Դուք էլ լավ գիտեք, որ հանրության, ազգի, պետության գոյատևման հիմքը մշակույթն է, նրա գրականությունը, այսինքն՝ հիշողությունը: Մի՞թե առանց Մաշտոցի, Խորենացու, Բյուզանդի, Եղիշեի, Նարեկացու, Աբովյանի, Րաֆֆու, Թումանյանի, Չարենցի հնարավոր է ազգի գոյատևումն ու շարունակականությունը:
Հայության մի կարևոր հատվածը՝ Սփյուռքը, անդամահատել, կտրել եք հայրենիքից, որն էլ ավելի է թուլացրել թե սփյուռքահայության համայնքները և թե Հայաստանի պետականությունը: Հավատացնում ենք, որ նման անհեռատես քաղաքականությունը անհանգստացնում է մտավորականներիս:
Վախենում եք ծպտուն հանել։ Երևի մտքում էլ եք վախենում վարչապետի ստվերից։
Լավ, Աստծո պատժից չեք վախենում, իսկ համաժողովրդական ցասումից է՞լ չեք վախենում, իսկ դարեր շարունակ ձեր անունները հայ ժողովրդի դավաճաններ Մերուժան Արծրունու, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի, Մելիք Ֆանյուլի կողքին դասվելուց չե՞ք սարսափում: Թե ձեր առաջնորդը համոզել է, թե ձեր իշխանությունը հավերժ է:
Դուք գնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի գծած ուղիով, որը վերջերս կրկին առաջարկեց հայությանը, որ հրաժարվի Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ պահանջատիրությունից, մոռանա 1915 թ․ ցեղասպանությունը, Հայ դատը, նրա համաշխարհային ճանաչումը։ Երբևէ չե՞ք մտածել, թե կարևորագույն հարցերում ձեր լռության, անտարբերություն, պատասխանատվություն չստանձնելու արդյունքում ուր եք տանում երկիրը։
Դուք ձեզ երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չե՞ք զգում:
Ձեռնտո՞ւ է ճգնաժամը խորացնելու գնով իշխանությունը ձեր ձեռքում պահելու համար ամենը «հնի» ու «նորի» միջև պայքարի վերածել: Թողեք ասպարեզը, թողեք երկրի ղեկը: Հայոց արգանդը չի չորացել: Նոր, առողջ ու կարող ուժեր կան, որոնք կորող են երկիրը դուրս բերել վիհի երախից: Երկրին անհրաժեշտ է ոչ թե բաժանող, իրարից տարանջատող վարչապետ, այլև կարող ուժերը իրար միավորող, մարդկանց ուժերը, ունակությունները տեսնող ու գնահատող երկիրը հզորացնելու ճանապարհը կանխորոշող առաջնորդ:
Ինչո՞ւ եք պապանձվել։ Վախենում եք վարչապետից, որովհետև թեթևակի տրտունջի դեպքում հեռացնո՞ւմ է աշխատանքից, զրկում ընտանիքը կերակրելու հնարավորությունից։
ՔՊ-ականներ, քանի ուշ չէ, ուշքի եկեք, Հայրենիք ենք կորցնում: Դա չե՞ք տեսնում: Թե Նիկոլ Փաշինյանի աչքերով եք նայում ամեն ինչին: Կորցրել եք զգալու, տեսնելու ունակությունը:
Ուրեմն միացեք, որոշում կայացրեք՝ հարազատ ժողովրդի հե՞տ եք, թե նրա թշնամու։ Սա ասում ենք, քանի որ հայրենիքի լինել չլինելու խնդրի առաջ ենք հայտնվել:
Մի՛ սարսափեք մի մարդուց, որը սպառնում է «պատին ծեփել, ասֆալտին փռել», հեռացնել աշխատանքից, կրճատել պարգևավճարը:
Համարձակ եղեք, եթե ոչ, ապա ասպարեզը նոր ուժերին թողեք:
Հայ ժողովուրդը, նրա հետ էլ ողջ հայ մտավորականությունը կանգնած են վճռական որոշման գալու առջև․ իսկ առանց ներկա վարչակազմի հեռացման անհնար է երկիրը փրկել աղետից։
Եթե իրոք չեք կողմնորոշվում, ապա ինքնակամ գիտակցված հեռացեք, դուռ բացեք ազգային միասնականության առջև: Դրանով իսկ մեծ ծառայություն մատուցած կլինեք հայրենիքին:
Մտավորականների միության ավագանու մամուլի հաղորդագրություն
Մթոմ մտավորականների միություն կա, հլա պարզվում է ավագանի էլ ունի․․․ Սա կեղծ անանիմկա է հիշեցնում