Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնական բանկը կառավարության վիճակն էլ ավելի է վատթարացնում»․ «Առերեսում»

Մարտ 19,2022 23:41

Ռուսաստանը մեր գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման գծով։ Կանխատեսվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվեն տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ, գների աճով, կնվազեն դրամական փոխանցումները։ Եվ բացասական սպասումներից է, որ Հայաստանը պարենային ապահովության մարտահրավերի առջեւ է։

Շվեդական Handelsbanken բանկը մարտի 21-ից կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի և Հայաստանի հետ։ « Մենք պատժամիջոցների տակ գտնվող երկրներ տարանցիկ փոխանցումների բարձր ռիսկ ենք տեսնում»,- նշել են բանկում: Շվեդական բանկը մտավախություն ունի, որ Վրաստան և Հայաստան դրամական փոխանցումները կարող են վերաուղղվել պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։

«Ակնհայտ է, որ տնտեսական պատերազմի շրջանակներում երկու կողմերը փորձելու են հնարավորինս մեկը մյուսին վնաս հասցնել եւ «պատուհանները» կամ «միջանցքները», որոնք թույլ կտան այդ պատերազմի հետեւանքները մեղմել՝ նրանք փակելու են։ Այդ հնարավորություններից մեկն էլ Հայաստանն է»,– ասում է «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա՝ «Եթե ծավալները մեծանան՝ ոչ միայն այդ շվեդական բանկը, այլ նաեւ այլ բանկեր եւս կհետեւեն այդ օրինակին»։

«Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգն արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,- հավաստիացրել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կանխատեսումն է, թե «բանկային համակարգի կոլապս» կամ լուրջ խնդիրներ չեն լինի։

ՀՀ գլխավոր դրամատունն ավելի հոռետես է դարձել․ մարտի 15-ին հրապարակված կանխատեսումներով՝ 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.6%, մինչդեռ նախորդ տարեվերջին կանխատեսվում էր 5.3% աճ։ Ըստ Սուրեն Պարսյանի՝ ԿԲ–ն նույնիսկ դեռ լավատես է։ Իսկ Գագիկ Մակարյանը նշեց, թե կենտրոնական բանկը տեսնում է, թե կառավարությունն ինչ ռիթմով է աշխատում․ «Կառավարության օրակարգն էականորեն չի փոխվում՝ մարտահրավերներ հաղթահարելու օրակարգ չունի կարծես թե»։ Ըստ նրա քննադատության, եթե իրենք այդ օրակարգը չեն փոխելու, շարունակելու են նույն ռիթմով՝ «Բնականաբար, այս ֆորս մաժորային վիճակում կարող ենք տնտեսական ակտիվության եւ տնտեսական աճի, ՀՆԱ–ի աճի էական կորուստներ ունենալ»։

Սուրեն Պարսյանը փորձեց պաշտպանել կառավարությանը․ «ԿԲ–ն կառավարության վիճակն էլ ավելի է վատթարացնում»։ Նրա այս պնդման համար հիմք էր ծառայել այն փաստը, որ մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%․«Սրանով տնտեսական ակտիվությունը ապախթանում է Կենտրոնական բանկը։ Կառավարությունը պետք է տնտեսական աճ ապահովի, հարկեր հավաքագրի՝ ԿԲ–ին դա չի հետաքրքրում․ նրան հետաքրքրում է իր թիվ մեկ նպատակը՝ գների կայունությունը»։

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ «Տնտեսական եւ սոցիալական խնդիրները մեզ մոտ հաճախ իրար խանգարում են։ Սոցիալական բեռն անընդհատ կախված է տնտեսության պոչից։ Հիմա հարց է առաջանում՝ մեզ համար ավելի լավ էր սրեինք սոցիալական խնդիրնե՞րը, թե՞ սոցիալականը մեղմեինք, բայց տնտեսականը տուժեր։ Այս բալանսի, մտածելակերպի մեջ կառավարությունն ու ԿԲ–ն պետք է գային ինչ որ կոմպրոմիսի՝ կամ չեն եկել, կամ եկել են այս մոդելով»։

«Նրանք հակաճգնաժամային միջոցառումների պլան չունեն՝ ակնհայտ է։ Կառավարության տնտեսական բլոկն առհասարակ անջատված է դրամավարկային քաղաքականությունից, պետական կառավարումից՝ իրարից անկախ, ընթացիկ հարցեր են լուծում։ Բայց գլոբալ տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է մեր երկրում՝ նաեւ սա է հանգեցնում այս ճգնաժամային իրավիճակներին,– ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։ – Այս ճգնաժամային իրավիճակում նրանց այդ ապիկարությունը եւ թուլությունը շատ ակնհայտ երեւում է»։

Գործատուների հանրապետական միության նախագահի տեսակետն է, թե այս իրավիճակում պետությունը պետք է մենակ չթողնի գործատուներին․ «Ինչպես կորոնավիրուսի հաղթահարման համար 24 միջոցառումների ծրագիրը գործարկվեց՝ այստեղ էլ պետք է առանձին փաթեթով լինի միջոցառումների ծրագիր»։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է մարտահրավերները հաղթահարող նոր գործառույթներ իրականացնի։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031