«Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» թեմայով գիտաժողովին մասնակցող ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում վերլուծելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները եւ Հայաստանի իշխանությունների արձագանքը դրանց, ասաց. «Չի բացառվում, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական կազմում, չի բացառվում, որ ԵԱՀԿ-ում վերանայումներ լինեն, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, անպայման վերանայվելու է, վերանայվելու է կազմը, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ վերանայելու են իրենց ռազմական բաղադրիչը:
Բնականաբար, միաբեւեռ աշխարհը այլեւս չի լինելու եւ գործելու է բազմաբեւեռ աշխարհի տրամաբանությունը, խիստ կարեւորվելու է Չինաստանի դերակատարությունը, մեր տարածաշրջանում ավելի սրվելու է Իրանի եւ Թուրքիայի մրցակցությունը:
Այս ամենը մեծ կամ փոքր չափով վերաբերում է մեզ: Հիմա, ինչպես ասում են, աշխարհի խնդիրները մեզ քիչ էին, մեր իշխանությունն էլ դավադիր է տգետ ու կապիտուլյանտ: Այսինքն, ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում: Եվ այս ամենից պետք է շատ լուրջ հետեւություններ անենք: Մենք աշխարհը չենք կարող փոխել, աշխարհակարգը չենք կարող հարմարեցնել մեզ: Բայց պարտավոր ենք գոնե մեր ներսը կարգի բերել, որպեսզի ցանկացած զարգացման՝ ամենավատ եւ ամենալավ, պատրաստ լինենք»:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է դա անել, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իշխանությունը փոխել այսօր: Մենք արդեն պետք է փոխած լինեինք: Եթե այսօր հնարավոր չի, վաղը, եթե հնարավոր չի, մյուս օրը: Եվ սա բառացի եմ ասում: Սրանք նոր աշխարհակարգի, հետպատերազմական Հայաստանի նոր, լրջագույն պրոբլեմների լուծման հետ որեւէ կապ չունեն: Ընդհակառակը, ավելի վատացնում են մեր երկրի վիճակը»:
Կարդացեք նաև
ՊՆ նախկին փոխնախարարը տեսնում է այն ռիսկերը, որ կարող ենք ունենալ սխալ քաղաքականության հետեւանքով. «Պատերազմ, «իզգոյի» կարգավիճակում հայտնվել, մերժված լինել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի կողմից, զրկվել տնտեսական զարգացման հնարավորություններից, պարենային անվտանգության հարցերում հայտնվել վերջին վագոնում: Այսինքն, տակը ինչ մնա՝ կտան, չի՞ մնա՝ չեն տա: Կամ էլ հայտնվել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական երրորդ-չորրորդ երկրների ցանկում: Այսինքն, մի բան տվեք՝ ուտեն, չմեռնեն, մինչեւ տեսնենք ինչ է լինում: Սրանք մեզ տանում են այդ ուղիով: Կոմունիկացիաներից, ոչ, կարող է դուրս մնանք: Իսկ ամենակարեւոր եւ ամենամեծ ռիսկն այն է, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցը, մեր ռազմաքաղաքական բոլոր հավասարակշռությունները, որ իրականացրել ենք միջազգային համագործակցության մեջ: Հատկապես, հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, երկկողմ ակտիվ հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ, տարածաշրջանում մեր ունեցած կարեւոր դերակատարությունը այսօր չկա: Այսինքն, Հայաստանը այս պահին չի լուծել իր անվտանգության խնդիրը: Նույնիսկ չունենք ազգային անվտանգության փոփոխված հայեցակարգ, եւ ոչ մեկը դրա մասին չի մտածում: Աղաման դնել-չդնելու խնդիրը փոխում են, բայց պետության, երեք միլիոն մարդու անվտանգության հայեցակարգին որեւէ մեկը անդրադառնալու նեղություն չի տալիս իրեն»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Վերջին հարցին, թե ի՞նչ անել՝ ռուսի փե՞շը բռնել, նա պատասխանեց. «Հայ-ռուսական համագործակցության ռելսը մեզ համար պետք է լինի առաջնորդող, մնացած բոլոր ռելսերը՝ զուգորդող: Մենք մի բան պետք է շատ հստակ հասկանանք: Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ: Գործընկերը նա է, որ ինչ-որ փուլում դու ես իրեն օգտակար լինում, ինչ-որ փուլում նա՝ քեզ: Իսկ այստեղ երբեմն մտածում են, որ մենք ոչինչ չանենք՝ ամերիկացիները թող գան, մեզ օգնեն, կամ ռուսները գան՝ մեզ պահեն: Այդպես չի լինում: Եվ մեր պատմությունը դա ցույց է տվել հարյուր անգամ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ