Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որն «Ալեն Սիմոնյանի տեղակալ» ընտրվելը բացատրում էր նրանով, որ սա եւս մեկ լիազորություն է ընդդիմության համար՝ նիստ կվարեն, արտահերթ ելույթի իրավունքից կօգտվեն, այս ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ է նիստ վարել։ Հիմնականում Ալեն Սիմոնյանը կամ նրա երկու ՔՊ-ական տեղակալներն են նիստը վարում։ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ նիստ վարելու առաջարկ անո՞ւմ են իրեն, թե՞ անում են՝ ինքը չի ցանկանում վարել։ Սաղաթելյանը, սակայն, ասաց, որ իր նպատակն Ազգային ժողովում նիստ վարելը չէ։ «Եթե առաջարկեն, որ տվյալ նիստը ես վարեմ, չեմ կարծում, որ դեմ կլինեմ։ Բայց իմ նպատակը նիստ վարելը չէ»,- ասաց նա։
– Բայց չե՞ն առաջարկել երբեւէ։
– Եղել են դեպքեր, որ առաջարկել են։ Եղել է դեպք՝ վարել եմ, եղել է դեպք՝ առաջարկել են, բայց էդ պահին հարմար չի եղել։ Բայց իմ նպատակը երբեք դա չի՝ նիստ վարել Ազգային ժողովում։
– Հիմա այս լծակները քանի՞ քայլ են մոտեցրել ձեզ իշխանափոխությանը։
Կարդացեք նաև
– Դե, հիմա, ամեն ինչին էդպես նայելը․․․
– Ես ձեր դաշինքի հռչակած դրույթներից ելնելով եմ այս հարցը տալիս, ասում էիք, որ պետք է օր առաջ հեռացնեք այս իշխանություններին։ Հիմա քանի՞ օր եք մոտեցել այդ հեռացմանը։
– Հարցը համարում եմ շատ պարզունակ, այսինքն՝ ի՞նչ եք ինձանից ակնկալում, ասենք՝ ասեմ, մեկուկես օր մոտեցրե՞լ եմ․․․
– Հարցս գուցե պարզունակ է, բայց բխում է ձեր արած հայտարարություններից, հռչակած մոտեցումներից։
– Ինչ որ հայտարարել ենք, ինչ որ հռչակել ենք, ուժի մեջ է, մենք առաջին գծով եւ առաջին ճակատով բոլոր հնարավորություններն իրացնելով՝ պայքարելու ենք էս իշխանություններին հեռացնելու համար։ Դեռ ամեն ինչ առջեւում է։ Եթե մինչեւ հիմա չի ստացվել, չի նշանակում՝ հարցը փակվել է, կամ այլեւս մեր կարեւոր օրակարգերը դարձել են այն, ինչ քննարկվում է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: