«Ազգային արագացում» հանրային նախաձեռնությունը շուրջ երեք տարի իրականացնում է հայերենի թվայնացման 3 հիմնական նախագծեր նեյրոցանցային ծրագրավորման, մեքենայական խոր ուսուցման (Deep Learning) ճանապարհով. դրանք են՝ բնականին մոտ արհեստական ձայների սինթեզը (Text to Speech), խոսքի ճանաչումը՝ վերծանումը (Automatic Speech Recognition) եւ մեքենայական թարգմանությունը (Neural Machine Translation)։ Թվային գործիքների հայաֆիկացումը պահանջված է մեր օրերում։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, հատկապես փետրվարի 24-ից սկսած, որ աշխարհում գլոբալ համակարգն այլեւս չի լինելու նախկինի պես։ Ներկայիս անկայունությունը, պատերազմները տանելու են գլոբալ կապերի խզման, ինչը նկատվում է պատժամիջոցների կիրառմամբ, որոնք էլ ավելի են խորացնում անջրպետները։ Այս համատեքստում առավել արդիական է դառնում թվային գործիքների հայաֆիկացումն անվտանգային նպատակներով։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ազգային արագացում» հանրային նախաձեռնության ղեկավար Արտակ Հովսեփյանը նշեց, որ մենք չենք կարող հենվել միայն արտաքին ռեսուրսների վրա, այլ անհրաժեշտ է հայերենով դրանց զարգացումը, ինչպես նաեւ ազգային ցանցի ստեղծումը։
«Հայտնի է, որ ձայնը մնում է կառավարման ամենից արագ եւ արդյունավետ միջոցը կրիտիկական պահերին։ Չմոռանանք, որ ժամանակակից պատերազմների ելքը վճռվելու է կառավարման վահանակների առջեւ, որտեղ մարտ վարող օպերատորները պետք է ընդունակ լինեն առաջ անցնել հակառակորդից արագության հաշվին»,- հավելեց նա։
Հայերեն ձայնի սինթեզի (TTS) մասով մասնագետը նշեց, որ անցած տարվա արդյունքներով կարողացել են հայերենի հնչյունաբանական կանոնների իրականացման ճանապարհով հասնել կենդանի՝ խոսակցական լեզվին համապատասխան բնականության։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեքենայական թարգմանությանը, ապա, ըստ զրուցակցիս, այն դառնալու է թարգմանական նոր շարժման գործիք, որը թույլ կտա շատ արագ տեմպերով ու մեքենայացված թարգմանելու համաշխարհային նորույթները, արժեքավոր տեղեկություններն ու գիտելիքները։ Դա կօգնի նոր կրթվող սերնդի ընկալումներում արժեւորել մայրենին որպես գլոբալ գիտելիքների ստացման հուսալի աղբյուր։ Հովսեփյանը նշեց, որ իրենց նպատակն է ձեւավորել հավաքական բանականություն հայերեն լեզվամտածողության հիմքերի վրա, այսինքն՝ ազգային բնույթ հաղորդել արհեստական բանականությանը, որի շնորհիվ այն կծառայի բացառապես մեր հավաքական շահերին ու նպատակներին։
Մեքենայական թարգմանությունների մասով մեծ աշխատանք է իրականացվում Արցախում։ Մասնավորապես նախաձեռնության հետ համագործակցում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը «Արցախը որպես հայկական մեծ տվյալների (Big Data) ձեւավորման եւ արհեստական բանականության մշակման կենտրոն» ծրագրի շրջանակներում։ Հովսեփյանն այս աշխատանքներում նման ակտիվությունը բացատրում է նախեւառաջ արցախցուն բնորոշ կարեւոր առանձնահատկություններով՝ նպատակասլացությամբ, համառությամբ եւ աշխատասիրությամբ։ Մեր ժամանակների բացասական ազդեցությունները չեն զգացել խորությամբ։ «Արցախցին կարողանում է կենտրոնանալ իր աշխատանքի վրա եւ խնդիրներն ինքնուրույն լուծել՝ ապահովելով վերջնական արդյունք։ Միաժամանակ նրանք լավ են զգում առկա վտանգները եւ ընդունել են դրանք որպես հնարավորություն։ Արցախի բնակչության սակավ ռեսուրսների պարագայում սա ճանապարհ է մեքենայացման հնարավորություններն օգտագործելու համար»,- ընդգծեց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: