Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ավիացիան ու ՀՕՊ-ն արդեն մշակել են անօդաչու տեխնիկայի դեմ պայքարի մարտավարությունը. ոչնչացվում է թուրքական անօդաչուների միֆը. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 19,2022 10:24

Տեսանյութերը, որոնք ցուցադրում են, թե թուրքական, իսրայելական եւ ադրբեջանական արտադրության անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ «բայրաքթարները», ինչպես են 2020 թ. աշնանը շարքից հանում հայկական ռազմական տեխնիկան, ակնհայտ է, ուկրաինացի զինվորականներին հիմքեր են տվել՝ ենթադրելու, որ իրենք էլ նույնքան հեշտ կլուծեն Դոնբասի հարցը հերթական հակամարտությունում:

Ուշադրություն է գրավում այն փաստը, որ մարտական գործողությունների առաջին օրերին Անկարայում Ուկրաինայի դեսպանատունն իր թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է ռուսական ռազմական տեխնիկան խոցող «բայրաքթար» անօդաչուների աշխատանքը: Ինչպես Լոնդոնից հաղորդել է «Ջեյնս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Ուկրաինայի Գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Սերգեյ Շապտալան փետրվարի 27-ին այդ տեսագրությամբ կիսվել է հետեւյալ բառով՝ «մաշալլահ» (թուրքերեն՝ հիանալի-խմբ.):

Սակայն, ինչպես պարզվեց իրականում, ռազմական գործողությունների ուկրաինական թատրոնը քիչ բանով է հիշեցնում Լեռնային Ղարաբաղը, որի երկնքում անպատիժ կերպով գործում էին թուրքական «բայրաքթարները»: Թուրքական անօդաչուներ խփելու մասին առաջին տեղեկությունները ստացվեցին արդեն փետրվարի 24-ին: Փետրվարի 24-27-ը, համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանության պաշտոնական հաղորդումների, խփվել է 9 «բայրաքթար»:

Սկսած մարտի 5-ից՝ թուրքական անօդաչուները կրկին հայտնվեցին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ամփոփագրերում: Մասնավորապես՝ մարտի 5-13-ը օդատիեզերական ուժերի ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության, ինչպես նաեւ ռազմական ՀՕՊ-ի կողմից խոցվել է 19 «բայրաքթար»: Պարզ է, որ շարունակություն է լինելու։ Միաժամանակ Անկարան մնում է իր նախկին դիրքորոշմանը, որ թուրքերը պատասխանատվություն չեն կրում «Bayraktars TB2»-ի գնորդների արածի համար։

Կարելի է ենթադրել, որ Թուրքիայում «բայրաքթարների» արտադրության տեմպերն անսահմանափակ չեն: Բացառված չէ, որ «Բայկար» ընկերությունն ուկրաինական զինվորականների հարցումները բավարարելու համար կարող է փոխել ունեցած արտահանման հայտերի կատարման հերթականությունը՝ առաջնահերթությունը տալով Ուկրաինային: Օրինակ՝ 2021 թ. մայիսին Վարշավան Թուրքիայից գնել է 24 «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք։ Պայմանագիրը նախատեսում է երկրի զինված ուժերին հակատանկային հրթիռներով 4 անօդաչու թռչող սարքի մատակարարում։ Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մատակարարումները պետք է իրականացվեին 2022-2024 թթ.: Սակայն թուրքական կողմը կարող է այդ մատակարարումներն ուղղել դեպի Ուկրաինա։

Ավելին՝ չի կարելի բացառել, որ «Բայկար Մակինա» ընկերությունն Ուկրաինային կմատակարարի թուրքական ավելի ծանր «Ակինջի» անօդաչուներ։ Թուրքիան արդեն «Ակինջիի» արտահանման վերաբերյալ առաջին պայմանագիրը կնքել է, եւ համաձայն «Ջեյմս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տվյալների՝ մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը ստորագրած մյուս կողմն Ուկրաինան է, որն այդ անօդաչուի համար շարժիչներ է ուղարկել Զապորոժիեի «Մոտոր Սիչ» ընկերությունից: Այսօր շարժիչների տեղափոխումը Զապորոժիեից Լեհաստան, ապա՝ Թուրքիա, իրականանալի խնդիր չէ, բայց «Մոտոր Սիչն» ավելի վաղ «Բայկար» ընկերության 20 շարժիչ է տրամադրել, որոնք օգտագործվել են «Ակինջի» անօդաչուների արտադրության ծրագրում:

«Նեզավիսիմայա գազետան» նշում է, որ մարտի 13-ի դրությամբ ուկրաինական երկնքում ոչնչացվել է հակառակորդի տարբեր նշանակության՝ հետախուզականից մինչեւ հետախուզա-հարվածային 139 անօդաչու թռչող սարք: Դա վկայում է այն մասին, որ ռուսական ավիացիան ու ՀՕՊ-ն արդեն մշակել են անօդաչու տեխնիկայի դեմ պայքարի մարտավարությունը եւ ապագայում կկատարելագործեն այն:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031