Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ-ն կհեռանա ասպարեզից

Մարտ 19,2022 10:00

Անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն, ինչպես միշտ, 1-2 օր քննարկվեց եւ հետո, բնականաբար, մոռացվեց: Ես էլ դրան չէի անդրադառնա, եթե դա առիթ չլիներ խոսելու ընդհանրապես հայաստանյան քաղաքական մշակույթի մասին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պաշտոն ստացավ՝ վարչապետ Փաշինյանը նրան նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Մարուքյանը հայտարարել է, որ այդպիսով սպասարկելու է Հայաստան պետության շահը: Քանի որ նրա գիտելիքների եւ հայրենասիրության վրա չեմ կասկածում, ուզում եմ հավատալ, որ այդպես էլ լինելու է: (Ուրիշ հարց, որ մեր երկրի իշխանությունն ինքը չգիտի, թե որն է այդ շահը՝ այդ առիթով խորհուրդ կտամ կարդալ նախկին արտգործնախախար Վարդան Օսկանյանի հոդվածը):

Բայց խնդիրն այստեղ անձնական չէ: Բացառված չէ, որ հայ դիվանագիտությունը Մարուքյանի նշանակումից շահելու է: Բայց քաղաքական դաշտն, իմ կարծիքով, դրանից տուժելու է, որովհետեւ, ըստ էության, դա նշանակում է կուսակցություններից մեկի՝ «Լուսավոր Հայաստանի» լուծարում: Իհարկե, զուտ ձեւականորեն նման քաղաքական կառույց կարող է գոյատեւել, բայց հիշենք, որ թղթի վրա այժմ Հայաստանում կան մի քանի տասնյակ կուսակցություններ, այդ թվում՝ «Օրինաց երկիրը», «Ազգային միաբանությունը», ՔԴՄ-ն, ԱԺՄ-ն եւ այլն: Խնդիրն այն է, որ Հայաստանում չի կարող լինել ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարը պետական պաշտոն ունի կամ, ինչպես այլ դեպքերում է լինում, խորհրդարանական իշխող խմբակցության անդամ է: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կուսակցությունը քննադատում է, ասենք, երկրի արտաքին քաղաքականությունը:

Երբ Մարուքյանը վայր կդնի կուսակցական տոմսը, միեւնույն է, «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է ընկալվել որպես «Մարուքյանի կուսակցություն»: Այդ կուսակցության անդամները չեն կարող քննադատել իշխանությանը, եւ եթե անգամ քննադատեն, դա անկեղծ չի հնչելու եւ նրանց «երեսով են տալու», որ իրենց «շեֆը» պետական պաշտոնյա է: Ի դեպ, կուսակցությունների լիդերների նման քայլերը նաեւ, այսպես ասած, «հետադարձ ուժ ունեն». մարդիկ հետին թվով սկսում են կասկածել՝ արդյո՞ք կուսակցականներն իրենց նախկին գործունեության ժամանակ անկեղծ էին:

«Լուսավոր Հայաստանի» համար իշխանամետ կուսակցություն լինելն էլ անիմաստ է. «երկրորդ ՔՊ» կամ «ՔՊ շտրիխ» լինելը լուսավոր հեռանկար չի բացում: Ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն «ՔՊ շտրիխին», երբ կա «ՔՊ»-ն: Դարձյալ հիշեցնեմ. Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունները կորցրեցին իրենց ընտրողներին, երբ հիշյալ գործիչները միացան իշխանությանը (բնականաբար, պետական շահը սպասարկելու նպատակով): Իհարկե, իշխանությունը կարող է կեղծիքներով անցկացնել իր «շտրիխ» կուսակցությունների ներկայացուցիչներին խորհրդարան: Բայց վստահ եմ, որ այդպիսի՛ պատգամավոր դառնալը Գեւորգ Գորգիսյանին, Անի Սամսոնյանին կամ Տարոն Սիմոնյանին չի հետաքրքրի:

…Իսկ ընդհանրապես ցավալի է, որ «Ժառանգությունից» հետո ասպարեզից հեռացավ ազատական գաղափարների ջատագով եւս մի կուսակցություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    Փաստորեն, ցանկալի թեկնածուին խորհրդարան մտնելու համար բավական է, որ իշխող կուսակցությունը առաջադրի և/կամ սատարի նրա թեկնածությունն այն ընտրատարածքում, որտեղ նա ավելի շատ համախոհներ ունի։ Պարզ, առանց բարդ դավադրությունների կարիքի:
    Իսկ եթե կուսակցությունն ունի գաղափարախոսություն և համակիրներ, և եթե այն անձնական գրպանային կուսակցություն չէ, ապա որտեղ և ինչ կարգավիճակով է աշխատում Մարուքյանը, ոչ մեկին չի հետաքրքրի։ Լավ կստացվի՝ սա և՛ կուսակցության, և՛ երկրի, և՛ Մարուքյանի օգտին է, և եթե վատ է ստացվում, ապա դա վատ է և՛ կուսակցության, և՛ երկրի, և՛ Մարուքյանի համար։ Այստեղ կտեսնենք, թե կոնկրետ ինչն է առաջնային թե կուսակցության, թե Մարուքյանի համար։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Ես էլ նիկոլի գիտելիքների եւ հայրենասիրության վրա չեմ կասկածում: Թուրքերն իրեն չորս տարի առաջ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակեցին, որ հանձնի Արցախը ու շուտափույթ «խաղաղության դարաշրջան» բացի: Ապրի մեր ազգակործան դուխով պատուհասը, որ փայլեց իր ողջ քիրվայական-պարտվողական-հողատվական հմայքով, Հայաստանը դարձրեց թուրքական վիլայեթ ժողովրդավարության բաստիոն, հայ դիվանագիտությունը՝ ծիծաղկուն մի արաբատ, հայոց բանակը՝ լրտեսների ու դանակահարության մարշալների որջ, իսկ Հայաստանի տնտեսութունը՝ գռզոների չարչիական արոտավայր…

  3. Լավատես says:

    Սիրո հականիշը անտարբերությունը չի, սիրո հականիշը ատելությունն է, մինուս հինգի հականիշը զրոն չի, այլ պլյուս հինգն է, պատերազմի հականիշը խաղաղությունը չի, այլ գոյաբանական՝ իրարից կախված ռազմավարական համագործակցությունն է: Չարի հականիշը չեզոքը չի, չարի հականիշը բարին է: Մենք մեզ համար անկախ, հանգիստ, խաղաղ, չեզոք ապրում էինք, բայց սա չէ բարին, եթե չարը չլիներ, բարու կարիքն էլ չէր լինի, բոլորս իրարից անկախ չեզոք կապրեինք, բայց չարի ներկայությամբ անկախ, հանգիստ, խաղաղ ու չեզոք ապրելը՝ նույնն է թե ջունգլիներ մտնես առանց զենքի, իբր դու չես պատրաստվում որեւէ գազանի վրա հարձակվես, հա, դու չես պատրաստվում, բայց հո գազանը նման համով կերակուր իր ձեռքից բաց չի թողնի: Ուրեմն, ո՞րն է բարին, բարին այն է, որն ամենաքիչը չեզոքացնում է չարին, միայն պլյուս հինգն է փնտրելով ու գտնելով մինուս հինգին, իրեն զոհաբերում է եւ դրանով չեզոքացնում չարին եւ փրկում ազգը վարակվելուց ու հիվանդանալուց եւ սովորեցնում եւ ուժեղացնում ազգի դիմադրողականության համակարգը, ինչպես արյան սպիտակ գնդիկները՝ բարու զինվորները հայտնաբերում են հարուցիչ մանրէներին եւ այդ սպիտակ գնդիկներն իրենց կյանքի գնով, որը հերոսություն չի, այլ իրենց առաքելությունն է, ոչնչացնում են ներթափանցած թշնամի մանրէներին: Բանակն ու ԱԱԾն մեր առաքյալների կորստի գնով խելք է հավաքում եւ դառնում պատրաստ չարի նման ոտնձգություններին արդյունավետ եւ առանց կորուստների չեզոքացնել դրանց, երբ չարը միմիկրիայով փորձում է ներթափանցել օրգանիզմ: Ինչպե՞ս տարբերել չարը բարուց, եթե բարին ինչ ասում է, նույնն էլ իրականացնում է, իսկ գառան մորթի հագած գայլը լավ բաներ է ասում, բայց անում ճիշտ հակառակը, այսինքն՝ ստացվում է, որ այսուհետ չարի լեզուն՝ դա սատանայի լեզուն է՝ ինչ ասում է, դրա հակառակը պետք է հասկանաս, եթե ինչ որ պետական կամ քաղաքական գործիչ իր խոսքի տերը չի, ուրեմն հաստատ սատանայի կլանից է:
    Կրկնեմ, բարին չարի չեզոքացուցիչն է, ինչպես հիմնային սոդան ջրի՝ չեզոք նյութի է վերածում թթվային քացախին, ջուրը լավ բան է, բայց բարին ջուրը չի, չնայած, չարի լավն էլ այն է, որ միայն չարին հաղթահարելով է բարին ուժեղանում, ուրիշ ձեւ չկա: Բարին իր խոսքի տերն է: Իբր բարի, բայց իրականում ջրիկ մարդիկ, բարիանանք, քանի կա չարը, ուրեմն կա եւ բարու անբավարարվածություն, այսինքն՝ մենք մեր առաքելությունը լրիվ չենք իրագործում: Սկսենք ճիշտը խոսելուց ու խոսքներիս տերը լինենք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031