Հայաստանը անմասն չէ այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում աշխարհում: Հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունը, այնուամենայնիվ, թողնում են ՀՀ տնտեսության վրա: Այն, ինչ մենք տեսնում ենք, բնական երևույթ է:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով մասնավորապես տարադրամի շուկայի կտրուկ տատանումներին:
Անդրադառնալով կտրուկ տատանումներին զուգահեռ առկա գնաճին, որը, սակայն, չի նվազում, նա մի քանի գործոն առանձնացրեց. «ԿԲ-ն գների կայունությունն է ապահովում, գնաճը զսպելն ավելի շատ առնչվում է կառավարության գործունեությանը: Այստեղ պատկան մարմինները պետք է հիմնական դերակատարություն ունենան: Խոսքը, մասնավորապես, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և այլ մարմինների մասին է, նաև էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի»:
Նրա դիտարկմամբ, գնաճն առհասարակ կապված է բազմաթիվ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններից:
Կարդացեք նաև
«ՀՀ-ն հիմնականում ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է: Սա պետք է հաշվի առնենք՝ գնահատելու այն հնարավորությունները, այն օբյեկտիվ վիճակը, որում հայտնվել ենք: Մենք ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայում ձևավորված գներով: Ուստի բնական է, որ մեծամասամբ մենք մեծ բան չենք կարող անել գների վրա ներազդելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել երկու գործոն: Ընդգծենք, որ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները չէ, որ մենք ներմուծում ենք: Դրանց զգալի մասն արտադրվում է նաև ՀՀ-ում: Այստեղ բավականին կարևոր է գնագոյացման գործընթացը վերահսկելը: Կարևոր է հասկանալ, թե, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք դրա մի մասը ինքներս արտադրել ու ինքնաբավ լինել: Կարծում եմ՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի տասը ապրանքախմբից առնվազն 7-ի առումով ՀՀ-ն կարող է ինքնաբավ լինել»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այս պարագայում հնարավոր է նվազեցնել այն կախվածությունը, որը կա ներմուծումներով ու համաշխարային գործոններով պայմանավորված ստեղծված գնաճի պայմաններում»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում