Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան

Մարտ 19,2022 14:00

«Թելման Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Ենգոյանը կրկին եկան Կարեն Դեմիրճյանի մոտ եւ նրան առաջարկեցին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»,-Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը շարունակում է իր բացահայտումները:

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն «Առավոտի» հետ զրույցների շարքում շարունակում է ներկայացնել Հայաստանի նորագույն պատմության շրջանին, տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող ուշագրավ մանրամասներ, որոնց ներկա է եղել ինքը: Իր բացահայտումների այս շարքն, ըստ մեր զրուցակցի, օգնելու է հանրությանն՝ իմանալ ճշգրիտ տեղեկություններ՝ պատմական անցքերի վերաբերյալ, որոնք, իր գնահատմամբ, հանրությանը ներկայացվել են ընտրողաբար եւ ըստ որոշակի շահերից ելնելով: Ճշմարտությունը, մեր զրուցակցի համոզմամբ, օգնելու է հանրությանը՝ առաջիկա զարգացումներում ճիշտ կողմնորոշվելու համար: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Մովսես Շահվերդյանի վարկածն այն մասին, թե ինչպե՞ս Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան եւ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը, որը Արմեն Սարգսյանի հեռանալուց հետո, մնացել էր թափուր:

«Ռոբերտ Քոչարյանն իր գրքում գրում է այդ մասին, բայց շատ բնական է, որ գրում է այն, ինչին ինքը տեղյակ է: Մինչդեռ դա նախապատմություն ունի: 1996-ի ընտրություններից հետո, Հայաստանում շատ բարդ իրավիճակ ստեղծվեց. վարչապետ դարձավ Արմեն Սարգսյանը եւ ընդամենը 6 ամիս աշխատեց: Ինչ-ինչ պատճառներով նա լքեց Հայաստանը: Թելման Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Ենգոյանը կրկին եկան Կարեն Դեմիրճյանի մոտ եւ նրան առաջարկեցին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Հարցը քննարկվեց, քննարկմանն ինչ-որ մի պահ ներկա են եղել նաեւ Գարիկ Ղուկասյանը, ով այն ժամանակ «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր ինժեներն էր եւ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը: Կարեն Սերոբիչն ասաց՝ մտածեմ՝ մեկ-երկու օրից կպատասխանեմ: Քննարկումների ընթացքում Կարեն Սերոբիչը Գարիկ Ղուկասյանի եւ Ստեփան Դեմիրճյանի առաջ հարց դրեց՝ դուք կհամաձայնվե՞ք, օրինակ, արդյունաբերության նախարար աշխատել: Ես հիշում եմ, Գարիկը պատասխանեց՝ ի՞նչ արդյունաբերության նախարար, արդյունաբերություն չկա, միայն տուրիզմ եւ առեւտուր կա: Իսկ Ստեփան Դեմիրճյանը կատեգորիկ հրաժարվեց:

Հետագա քննարկումների ընթացքում հանգեցինք մի եզրակացության, որ եթե Կարեն Սերոբիչը համաձայնի առաջարկին, ՀՀՇ-ական իշխանությունները չեն աշխատելու այնպես, ինչպես Կարեն Սերոբիչն է ցանկանում. նրա առաջարկներն ու ծրագրերը չեն ընդունվի: Իսկ Կարեն Սերոբիչն էլ չի աշխատելու այնպես, ինչպես ՀՀՇ-ն է ցանկանում: Հետեւաբար, հարցն օրակարգից դուրս էր գալիս, մանավանդ որ, մեր մտքում կար հետագայում նախագահական ընտրություններին մասնակցության հարցը: Չէինք ցանկանում, որ Կարեն Դեմիրճյանի անունը որեւէ կերպ ասոցացվեր այդ օրվա իշխանությունների հետ:

Կարեն Դեմիրճյանը մի այսպիսի հարց էլ առաջ քաշեց՝ ասաց՝ ղարաբաղցիները շատ են դժգոհում Հայաստանի իշխանություններից, որ նրանք ոչ Ղարաբաղի հարցում, ոչ էլ սոցիալ-տնտեսական բնագավառում Ղարաբաղի համար չեն անում այն, ինչ որ կարող են: Այսինքն, ավելին են կարող, բայց չեն անում: Կարճատեւ քննարկումից հետո, ես պարզապես ասացի՝ եթե այդպես են կարծում, միեւնույն է, Հայաստանի վարչապետի աթոռն էլ ազատ է, միգուցե Ղարաբաղից, այդ դժգոհողներից որեւէ մեկին բերե՞ն: Նա նաեւ անձամբ թող տեսնի, թե Հայաստանն իրականում ի՞նչ հնարավորություններ ունի, ի՞նչ կարող է անել, ինքն էլ թող անի եւ իրենց բարձրացրած հարցերին լուծում տա: Այդ խոսակցությունից ընդամենը մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց Հայաստանում՝ վարչապետի պաշտոնում:
Հիմա ասում են՝ Վազգեն Սարգսյանը բերեց. այո, Վազգեն Սարգսյանը գնացել եւ առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին, բայց թող Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն ասի, թե ինչպե՞ս է որոշում ընդունել՝ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին»,- պատմում է Մովսես Շահվերդյանը:

Առաջիկայում մեր զրուցակիցը խոստանում է անդրադառնալ 1998-99 թվականների իրադարձություններին եւ բացահայտել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի իրական պատճառները: Իր գնահատմամբ, այդ իրադարձություններից շատ բան այսօր հայտնի չեն, եղածներն էլ հանրությանն ընտրողաբար են ներկայացվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031