Ռուս-ուկրաինական պատերազմի 23-րդ օրն է։ Հրթիռակոծվում են ուկրաինական քաղաքներ, օդանավակայաններ, ենթակառուցվածքներ։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի մայրաքաղաքի՝ Կիեւի գրավման վտանգը մեծ է։
Պատերազմի առաջին օրից սկսած, Ուկրաինան լքել է 3,16 մլն մարդ։ Ուկրաինայից փախստականները ապաստանում են հիմնականում հարեւան երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում։ Պաշտոնական տվյալներով, Ուկրաինայում հայ համայնքի թիվը կազմում է մոտ 500 հազար։ Նրանցից շատերը ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով լքել են Ուկրաինան՝ տեղափոխվելով հարեւան երկրներ։
Արփի Բուգուլյանը Կիեւում ապրում է 2015 թվականից։ «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ Կիեւը, Երեւանից հետո, հարազատ քաղաք է դարձել, քանի որ Կիեւում է տեղի ունեցել իր կյանքի ամենակարեւոր իրադարձությունները՝ ընտանիք է կազմել, 2 երեխա ունեցել, երկրորդ մասնագիտությունն է ձեռք բերել՝ «ֆուդբլոգ»-ի էջ է վարում, խոհարարական կրթություն է ստացել։ Ու թվում էր, թե երազանքները հերթով իրականություն պիտի դառնային, եթե պատերազմ չսկսվեր։
«Անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ Ուկրաինայում այսպիսի մեծածավալ պատերազմ կսկսվի։ Բայց ավաղ, ոչինչ մեր ձեռքերում չէ։ Ամեն ինչ այնքան հանկարծակի ու արագ սկսվեց, որ մի պահ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, երբ առավոտյան 6:45-ին տեսա խցանումները, մարդկանց խուճապը, օդային տագնապի ձայները։ Ամեն ինչ սկսվել էր վաղ առավոտյան՝ ժամը 4:30-5:00 կողմերը։ Ռուսաստանը ռմբակոծել էր Ուկրաինայի ռազմական նշանակություն ունեցող շատ կետեր։ Տեսա, որ մարդիկ շտապում էին դեպի արեւմուտք՝ հույս ունենալով, որ այնտեղ ավելի ապահով է։ Իրականում մինչեւ այս պահը այդպես էլ կա»։ Արփին պատմում է, որ հենց գիտակցեց, թե ինչ է կատարվում, արագ հավաքել է ճամպրուկը՝ առաջին անհրաժեշտության իրերով ու ընտանիքով դուրս են եկել. «Որոշեցինք ընտանիքով գնալ գրասենյակ, քանի որ 24-րդ հարկում ենք բնակվում, ու եթե նույնիսկ էլեկտրականության հետ խնդիր լիներ, 2 բալիկների հետ դժվար կլիներ իջնելը։ Ես խոհարարական բլոգ եմ վարում Ինստագրամում, ամեն օր հարյուրավոր նամակներ եմ ստանում, մարդիկ հարցնում են՝ արդյոք վերցրել եմ բոլոր իրերը, արդյոք ոչինչ չեմ մոռացել։ Կարելի է ասել՝ ոչինչ չեմ վերցրել, յուրաքանչյուրիս համար ընդամենը մեկ հատ ավել հագուստ։ Հասնելով գրասենյակ՝ հասկացանք, որ այնտեղ էլ ապահով չէ, անընդհատ նամակներ էինք ստանում, որ պետք է թաքնվել ապաստարաններում։ Բարեբախտաբար գրասենյակի տարածքում կար նկուղային հարկ, որն ուներ հարմարություններ։ 3 ընտանիք՝ 10 մեծահասակ եւ 6 երեխա, 6 օր ապրեցինք այնտեղ»։
Արփին Աստծուն փառք է տալիս՝քաղցած չեն մնացել, ամուսինը հենց առաջին օրը այդ խնդիրը լուծել է։ Ասում է՝ հոգնել էին արագ պատրաստվող սնունդ ու պահածոյացված ձուկ ուտելուց, բայց նաեւ գիտակցում է՝ կարող էր շատ ավելի վատ լիներ։
Կարդացեք նաև
«Եղել են պահեր, որ հուսալքվել եմ, լաց եմ եղել, բայց հենց հիշում էի այն մարդկանց, ովքեր այդ պահին մետրոյի հատակին էին քնում, այն կանանց, ովքեր մետրոյում ծննդաբերում էին, այն տատիկ-պապիկներին, ովքեր խոր ծերության կորցրել են տունն ու անդորրը, ուշքի էի գալիս ու ինձ իրավունք չէի վերապահում դժգոհել։
Հոգեպես շատ դժվար օրեր եմ ունեցել, բայց երբեք չեմ չարացել։ Ինձ շատ են գրում, որ բարի եմ, այո ես ինձ խոստացել եմ՝ ինչ էլ լինի բարությունը չեմ կորցնի»։
Ասում է՝ քաղաքը լքել են հանուն երեխաների, չնայած, որ նկուղում, որտեղ ապաստանել էին, պայթյունի ձայներ գրեթե չէին լսվում. «Բայց պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե տարածքին մոտ ինչ-որ տեղ ռումբ գցեին։ 2 օր առաջ այդպես էլ եղել էր, շոկի մեջ էի, երբ տեսա նկարները, թե պայթյունի հետեւանքով ինչ վիճակում էր այն մետրոն, որից օգտվել եմ, շուկան, որտեղից 7 տարի մթերքներ եմ գնել։ Պատերազմ, արհավիրք է»։
Ընտանիքը որոշեց դուրս գալ, երբ պայթեցվեց հեռուստաաշտարակը, որը, ինչպես Արփին է պատմում, իրենց բնակության վայրից ընդամենը 3 կիլոմետր է հեռու. «Այդ պահին ամուսինս դուրս էր եկել հաց վերցնելու, գործընկերոջ կինն էր թխել երեխաների համար։ Հասկացանք, որ չնայած դուրս գալը ռիսկային է, մնալն էլ ժամ առ ժամ ավելի վտանգավոր է դառնում»։
Նրա պատմելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, իսկ ավելի կոնկրետ հյուպատոսության բաժինն է օգնել, որպեսզի դուրս գան Կիեւից, ասում է՝ դեսպանի խորհրդական Մարինե Հայրապետյանն է շատ աջակցել. «Կիեւից դուրս ենք եկել մարտի 2-ին ՄԱԿ-ի կազմակերպած շարասյունի հետ։ Սկզբում չգիտեինք, թե ուր էինք գնում։ 12 ժամ վարելուց հետո որոշեցինք գիշերել Խմելնիցկիյում։ Առավոտյան շարունակեցինք ճանապարհը։ Եւս 12 ժամ ու արդեն Մոլդովայում էինք։ Ամուսինս ՀՀ քաղաքացի է, ոչ մի խնդիր չի առաջացել սահմանին։ Ուկրաինայի ամբողջ տարածքում՝ ցանկացած գյուղ կամ քաղաք մտնելիս «բլոկ-պոստեր» էին, ստուգում էին անձնագրերն ու մեքենան։ Մարդիկ պաշտպանում էին իրենց տները։ Երբեք չեմ մոռանա զենքով ու զինվորականի հագուստով այն մարդուն, ով ցրտին կանգնած՝ անցնող մեքենաներին խնձորներ էր բաժանում։ Լացելու չափ հուզիչ էր այդ տեսարանը»։
Արփին ընտանիքով հիմա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում է։ Ասում է՝ այս քաղաք եկան Հայաստան վերադառնալու մտքով, բայց պարզվեց, որ ուղիղ չվերթ չկա. «Իսկ մենք մեքենայով ենք, երեխաների հետ 32 ժամ ճանապարհին, շատ դժվար կլինի։ Բացի այդ, ճանապարհը Օդեսայով է, որտեղ հիմա շատ վտանգավոր է։ Հիմա հույսով սպասում ենք, որ շուտով ամեն ինչ կավարտվի ու կվերադառնանք տուն»։
Արփին ասում է՝ անչափ հուզիչ է, երբ մարդիկ անտարբեր չեն մյուսների վշտին ու ցավին, իր հետեւորդները հարազատի պես անհանգստանում էին, հետաքրքրվում էին ընտանիքի մասին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2022