Ժողովուրդների լեգենդներն ու ասքերը, երգերն ու պարերը, կարճ ասած՝ ազգի յուրօրինակ այդ տարեգրությունը արտահայտում է նրա անցյալը, ներկան, մաքառումները, երազանքներն ու ձգտումները, նրա իմաստությունն ու գեղեցիկի զգացողությունը։ 2023թ. վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը, որին ընդունված է ասել, թե բոլոր ժամանակներում նրան ներկայացնելու կարիք չկա, կտոնի իր 65-ամյակը։ Այսօր էլ խոսելով այդ անսամբլի մասին, հիշատակվում է, որ այն եղել է ու կա հայկական պարարվեստի քարոզիչը։ Ճիշտ է, դեռ հոբելյանական տարի չէ անսամբլի համար, բայց փաստենք, որ 60 եւ ավելի տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսը հիացմունքով եւ ջերմորեն է ընդունել տղամարդկանց կրակոտ ու կանանց քնարական պարերը։
Այս տարի պարի պետականը երկրորդ անգամ Ազգային օպերային թատրոնում մարտի 23-ին ընդարձակ ծրագրով կներկայանա հանդիսատեսին։ Նախորդ մենահամերգից հետո մեզ հասած լուրը, թե համերգին ներկա են եղել նաեւ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժվող մեր հերոս տղաները, հաստատեց անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, նշելով, որ այդպես լինելու է առաջիկա բոլոր համերգներին, քանի դեռ «Զինվորի տան» կարիքն ունի թեկուզ մեկ հոգի։ Մեր հարցին ի պատասխան, թե հայաստանյան մարզերում այդքան ցանկալի պարի պետականը պատրաստվո՞ւմ է առաջիկայում կրկին ելույթներ ունենալ, պարոն Չանչուրյանը ներկայացրեց ամենամոտ ծրագրերը. «Մարտի 27-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան պետական թատրոնում, տեղի «Հորովել» երգի-պարի անսամբլի հետ (գեղավեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան, գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գեւորգյան) կունենանք համատեղ համերգ։ Հետո արդեն մարզային աշխարհագրությունը կընդլայնենք Արցախի պարի պետականի հետ (գեղարվեստական ղեկավար` Ռաուլ Բաբայան)։ Եթե ինչ-ինչ խանգարող հանգամանքներ չլինեն, հանդես կգանք բոլոր մարզերում»։
Դիտարկմանը, թե պարի պետականը այն կոլեկտիվն է, որի համերգներին մշտապես սպասել են արտասահմանում եւ որի շրջագայությունների գրաֆիկը հստակեցվել է գոնե մեկ տարի առաջ, անսամբլի տնօրենը պատասխանեց. «Միշտ այդպես է եղել։ Օրինակ՝ 2021թ. ամեն ինչ պատրաստ էր Կիեւում ապրիլի 26-ին, Լվովում՝ ապրիլի 28-ին մենահամերգով հանդես գալու համար։ Գիտեք, որ հատկապես Ուկրաինայի այդ քաղաքներում ինչ մեծ հայկական համայնք է կենտրոնացած։ Բայց… Ցավոք, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, ու տա Աստված, որ գոնե շուտ ավարտվեն, մենք էլ մեկնենք շրջագայությունների Սանկտ Պետերբուրգ, այնուհետեւ Մոսկվա, հետո արդեն անսամբլի մենահամերգները կշարունակվեն Կրասնոդարում, Ռոստովում եւ Սոչիում»։ Իսկ թե երբ են նախատեսված ռուսաստանյան հյուրախաղերը, մեր զրուցակիցը հայտնեց՝ Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 28-ին, Մոսկվայում՝ հոկտեմբերի 2-ին։ Զրույցի ընթացքում խոսելով արտասահմանյան շրջագայությունների մասին, տեղեկացանք, որ վերջինը կայացել է Վրաստանում՝ 2019թ.։
Էրիկ Չանչուրյանին խնդրեցինք ներկայացնել մշակութային կոլեկտիվներում վերջին շրջանում հարցերի հարց դարձած սերնդափոխության խնդիրը, որը հավանաբար չի շրջանցում նաեւ իրենց անսամբլը։ Մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ այսօր անսամբլն ունի 19 տղա եւ 22 աղջիկ, երաժշտախումբը (ղեկավար՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան)՝ 14 արտիստ, ապա մանրամասնեց. «Մենք սերտ համագործակցում ենք Երեւանի պարարվեստի քոլեջի տնօրինության հետ, այս պահին էլ ունենք անսամբլում պրակտիկա անցնող աղջիկներ եւ տղաներ։ Կարճ ասած՝ սերնդափոխության հարցը մեզ մոտ բնականոն ընթացք ունի։ Տարեսկզբին անսամբլի արտիստների կազմը համալրել է 44-օրյա պատերազմի մասնակից, հիանալի երիտասարդ՝ Վահան Գեւորգյանը»։
Պարարվեստի ոլորտում կան անուններ, որոնց արվեստին կարելի է մշտապես անդրադառնալ՝ անկախ ծննդյան կամ հոբելյանական տարեթվերից։ Բայց քանի որ այս տարի լրանում է Վանուշ Խանամիրյանի ծննդյան 95 եւ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակները, որոնց ներդրումը պարարվեստի ոլորտում ընդհանրապես եւ պարի պետականում՝ մասնավորապես, ոչ թե մեծ, այլ վիթխարի է, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ պետականորեն նշվելո՞ւ են հոբելյանները։ Պարոն Չանչուրյանն ընդամենն ասաց, որ անսամբլը մեծանուն արվեստագետների հոբելյանին կանդրադառնա աշնանը, համերգային ձեւաչափով։
Զրույցին ներկա պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանին էլ հարց ուղղեցինք, թե առաջիկա համերգին անակնկալ՝ նոր բեմադրված համարի տեսքով, կներկայացնե՞ն։ Պարոն Կարապետյանի խոսքերով՝ ներկայացվող 16 համարներից կան այնպիսիք, որոնք դեռ տարիների բեմական կենսագրություն չունեն, բայց առաջին անգամ անսամբլը կներկայացնի «Արարատյանը»՝ Կարեն-Սեւակի երաժշտությամբ եւ իր բեմադրությամբ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2022