Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձուն, թռչնամիսը կթանկանա՞ն. արտադրողն ահազանգում է, որ Լարսում կուտակվել է թռչնակերը, պաշարները վերջանում են

Մարտ 19,2022 14:30

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 17-ին խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված. թիրախում վերջերս ձվի գնի էական նվազումն էր, հետո՝ արձանագրված բարձրացումը, դրանց պատճառները։ Նախ ասվեց, որ շուկայում ի հայտ եկած նոր խաղացող «Շիրակ» ֆաբրիկայի կողմից ձվի գնի իջեցման հետեւանքով շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով փակվում է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան։ Քննարկմանը ներկայացած՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը նախ տեղեկացրեց, որ շուկայում «Շիրակ»-ի մասնաբաժինն ավելի քիչ է, քան տասը տոկոսը. «Ուստի հանձնաժողովը հաստատեց, որ գերիշխող դիրք չկա, եւ եթե տնտեսվարողը չունի գերիշխող դիրք, ուրեմն չի կարող գերիշխող դիրքի չարաշահում իրականացնել, այդ թվում՝ վարել այնպիսի գնային քաղաքականություն, որ լինի չարաշահում։ Այսինքն, գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»։

«Շիրակի»՝ շուկայում մյուս արտադրողների վրա հնարավոր վատ ազդեցության առնչությամբ ֆաբրիկայի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը նշեց. «Եթե այստեղ չինարեն խոսենք, դա դեռ չի նշանակում, որ չինացի ենք։ Հնարավոր է, որ «Լուսակերտը» փակվեց։ Բայց հնարավոր է, որ Ուգանդան Տանզանիային պատերազմ հայտարարի, եւ այդ պատճառով լինի… պարզապես շատ վատ տնտեսություն է վարվել «Լուսակերտ» ընկերության կողմից, որը, ցավոք, ժամանակի ընթացքում բերել է այդ ընկերության փլուզմանը։ Ժամանակին տնօրեն եմ եղել եւ շատ լավ պատկերացնում եմ ընկերությունում եղած խնդիրները։ Կարծում եմ՝ պատճառները միայն «Շիրակ» թռչնաֆաբրիկայում փնտրելը ճիշտ չէ, պետք է համակողմանի ուսումնասիրել պատճառահետեւանքային կապը, որը բերեց «Լուսակերտ» ընկերության փլուզմանը»։

Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եղավ, որ «Շիրակի»՝ շուկա մուտք գործելու հետեւանքով ձվի գինն իջավ մինչեւ 18 դրամ, իսկ հիմա դարձավ 60 դրամ։ Մանասե Եփրեմյանն այսպես բացատրեց. «Համաձայն եմ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչի հետ, որ խնդիրը չի գալիս մեկ ֆաբրիկայից, այլ սահմանադրությունից, որի 11-րդ հոդվածն ասում է՝ ՀՀ-ում երաշխավորվում է ազատ մրցակցությունը։ Մեկ այլ հոդվածով ամրագրված են գերիշխող դիրքը, հակամրցակցային համաձայնությունը, անբարեխիղճ մրցակցությունը։ Ո՞վ կարող է ինձ ապացուցել, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան գերիշխող դիրք ունի։ Միանշանակ ասում եմ՝ գերիշխող դիրք ունեցող մենք դառնալու ենք հունիսին։ Ունենք այդ հզորությունը եւ պայքարելու ենք դրա համար, բայց այս ժամանակահատվածում մեր արտադրանքը շուկայում չի անցել տասը տոկոսը։ Իսկ հունիսի կեսերին կդառնանք 15% ու կլինենք գերիշխող դիրք ունեցող ընկերություն, իհարկե ՝ «Արաքս» թռչնաֆաբրիկայից հետո»։

Թագուհի Թովմասյանը տարակուսեց՝ սահմանադրությունն է մեղավո՞ր, սահմանադրություն պետք է փոխենք, որ ձվի գինն իջնի՞։ Մանասե Եփրեմյանն առարկեց. «Ոչ, սահմանադրությունը պետք է փոխենք, որ նման քննարկումներ չանենք»։ Հնչեց օրակարգային հարց. Զատկի տոնին ընդառաջ՝ ձվի գինը թանկանալո՞ւ է նորից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ որեւէ պետական մարմին չի կարող դա երաշխավորել. «Կարող են թռչնաբույծները երաշխավորել։ Իսկ թե ինչու եղավ նշյալ իրավիճակը, ապա կամ թռչնաբույծներն են սխալ հաշվարկ անում, կամ ինչ-որ բան ափսոսում են։ Վաճառքի հստակ ժամանակահատվածներ կան։ ՀՀ-ում ձուն վաճառվում է երկու անգամ՝ Զատիկից եւ Նոր տարուց առաջ։ Երբ թռչնաբուծարանը թռչունների հետ կապված սխալ հաշվարկ է անում, Նոր տարուց հետո ավել ձու է մնում, եւ հունվարին ձվի վաճառք գրեթե չկա, սկսվում են կուտակումներ։ Մենք տասը կազմակերպություններում ստուգել ենք, որ կան կուտակված եւ չմակնշված ձվեր, որոնց մի մասը մտել է շուկա։ Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի տնտեսվարողներն ասեն՝ կթանկանա՞, թե ոչ։ Այս տարի ներկրում դեռ չի եղել»։

«Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Սմբատ Շահինյանն այնուհետեւ հայտարարեց, որ թռչնաֆաբրիկաներն այսօր խնդրի առաջ են. «Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով տեղի ունեցող սահմանափակումները… ուսումնասիրե՞լ եք՝ ներկրվող թռչնի կերի վաճառքի գներն ինչքան են բարձրանում։ Սա խնդիր է եւ կազդի արժեքի բարձրացման վրա։ Ամենասարսափելի խնդիրը նաեւ այն է, որ հնարավոր չի թռչնակերը հասցնել ՀՀ։ Տրանսպորտային հարցերով ես եմ զբաղվում։ Լարսում կուտակումներ են ձյան պատճառով, բայց կան եւ արհեստական կուտակումներ։ Վարորդները տասը օր այնտեղ են։ Մաքսային սպասարկման տասը կետերից մեկն է սպասարկում, այն էլ կես ժամը մեկ։ Չորս-հինգ հազար մեքենայի կուտակում կա։ Վարորդները ստիպված գումարներ են վճարում, որ հերթն առաջ բերեն։ Թռչունը ո՞նց սպասի, որ կերը մեկ ամիս ուշ բերեն։ Չկերակրես, ուրեմն կորուստները սարսափելի են եւ անդառնալի։ Ես կարծում էի՝ հավաքվել ենք նման հարցը քննարկելու համար։ Ո՞նց հասցնենք, ո՞նց օգնենք թռչնաֆաբրիկաներին։ «Արաքս»-ն, օրինակ, ինչպե՞ս է կեր ճարում։ Կերի պաշարը սպառվում է։ Թռչունները պահելու խնդիր կա»։

Գեւորգի Ավետիսյանն արձագանքեց, որ խնդիրն արդարացիորեն է բարձրաձայնվում, որովհետեւ Լարսում երեք հազարից ավելի մեքենա է կանգնել. «Լարսը պարզաբանում է, որ պատճառը եղանակն է»։ Թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հակադարձեց. «Ես կարող եմ տալ վարորդների նկարահանած տեսանյութերը, կտեսնեք, թե որոնք են պատճառները»։ Ավետիսյանը նկատեց՝ զանգեն ռուսներին ու հարցնեն, թե ինչու են խաբո՞ւմ։ «Ոչ, բանակցել է պետք»,-արձագանքեց թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը։ Ապա Ավետիսյանը հավելեց, որ Լարսի անցակետում այս պահին թռչնի կեր բերող մի քանի մեքենա է կանգնած. «Առաջարկել էի Նովոռոսիսկից բարձել ու բերել Փոթի, բայց չի ստացվում։ Սա լուրջ խնդիր է։ Կթանկանա, թե ոչ, այլ հարց է։ Էկոնոմիկայի նախարարությունը հիմա բանակցում է, որ ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքը մեզ չվերաբերի։ Մոտ հարյուր հազար տոննա ցորեն է բերվում որպես կեր, մոտ 250 000 տոննա էլ՝ ալյուրի համար։ Բանակցում ենք, որ մեր համար արտահանումը չսահմանափակվի։ Տեսնենք՝ ինչ կստացվի, բայց Լարսի բացվելն այլ մակարդակով է պետք հասկանալ։ Երեք հազարից ավելի մեքենան խնդիր է։ Հնարավոր չէ այդքանն արագ բաց թողնել։ Ոնց բաց կթողնեն՝ պարզ չի։ Գիտեմ նաեւ, որ սառցարանային պայմաններում կուտակված թռչնամիս ունենք։ 22%-ն ուկրաինական է, որը չի լինելու, 21%-ը՝ ՌԴ, իսկ 30%-ն ապահովում են մեր արտադրողները։ Եթե այսպես շարունակվի, թռչնամսի շուկայում էլ խնդիր կունենանք՝ ոչ միայն թանկացում, այլեւ լուրջ դեֆիցիտ»։

Սմբատ Շահինյանը շեշտեց՝ իրենք, օրինակ, կարող են մսատու ճուտ արտադրել, ներդրումն արել են, սակայն տեղական արտադրողները, չգիտես ինչու, նախընտրում են մսատու ճուտը ներկրել։ Շուկայում ավելի քան 40% մասնաբաժին ունեցող «Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանն էլ իր հերթին անդրադարձավ հարցին, թե արդյոք առաջիկայում ձուն կթանկանա՞։ «Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, որ մի դեպքում ձվի դեֆիցիտ է լինում, մյուս դեպքում՝ ավելցուկ։ Ոլորտը շատ անկայուն է։ Եթե արձանագրենք, որ սահմանադրությամբ ՀՀ-ում երաշխավորված է ազատ տնտեսական մրցակցությունը, ապա քսան տարում ՀՀ-ում թռչնաբուծության ոլորտը չի կարողանում ինքնակարգավորվել, դրա պատճառով էլ նման պիկեր ենք ունենում։ Եթե չի լինում ինքնակարգավորվել, ուրեմն պետական միջամտություն է պետք»,-նախ շեշտեց Վահե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ոլորտի նոր խաղացող «Շիրակ» թռչնաֆաբրիկան սկսել է ցածր գին առաջարկել, սակայն երբ նման գործելաոճին միանում են մյուսները, ժամ առ ժամ մրցակցում են, թե ով ավելի ցածր գին կառաջարկի. «Իսկ որ պահին որ մենք գին իջեցնենք, դա կդիտվի որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ շուկայի խաղի կանոնների փոփոխություն… Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ մենք երկու երեք շաբաթ գինը չիջեցրինք, որ չհայտնվենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության տիրույթում։ Արդյունքում մեր վաճառքները նվազեցին 50-60%-ով։ Կուտակումներ եղան, մնացորդն ավելանում էր օր օրի։ Այլընտրանք չունենալով՝ ստիպված իջեցրինք գինը, որը հաջորդական մյուս ընկերությունների կողմից բերեց նորից գնի իջեցման։ Խնդիրը պետք է կարգավորել պետական միջամտությամբ։ Իմ կարծիքով՝ ձվի արտադրության ոլորտն ունի քվոտավորման, լիցենզավորման կարիք»։

Ըստ Վահե Մարտիրոսյանի՝ մինչեւ պատասխանելը բուն հարցին, թե Զատիկին ձուն կթանկանա, թե ոչ, պետք է հասկանալ՝ այդ ժամանակ ՀՀ-ում ձվի դեֆիցիտ կլինի՞. «Բացառված չի, որ կլինի՝ պայմանավորված մի քանի ամիսների ընթացքում արտադրության ծավալների կրճատմամբ։ Իրատեսական չի մտածել, որ մի ամսում հնարավոր է արտադրական ծավալներն ավելացնել։ Ուստի բացառված չէ, որ կլինի մեծ պահանջարկ, ցածր առաջարկ, եւ հետեւանքում գները կբարձրանան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031