Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում հրավիրված ավագանու արտահերթ նիստը չկայացավ. իրավիճակը գնալով ավելի է վատանում

Մարտ 18,2022 23:00

Այսօր Վանաձորի համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան դաշինքի» անդամներն արտահերթ նիստ էին հրավիրել՝ ավագանու կանոնակարգի հաստատման օրակարգով: Ավագանու մյուս 4 խմբակցություններից նրանց էր միացել միայն «Հայրենիք» կուսակցությունը: Ընդհանուր առմամբ նիստին ներկա էին ավագանու 16 անդամ, սակայն իրավազոր չլինելու պատճառով նիստը չկայացավ:

«Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը նշում է, որ Վանաձորում Սահմանադրությունը չի գործում, ուշադրություն հրավիրելով նաեւ այն հանգամանքի վրա, որ եթե կա ընտրված ավագանի, ապա համայնքապետարանի աշխատակազմն իրավունք չունի չապահովել նիստի կազմակերպչական հարցերը. «Մոտ 5 ամիս Վանաձոր համայնքում չի իրացվում սահմանադրական իրավունքը: Այսինքն, ՏԻՄ-երը սահմանադրական մարմիններ են եւ  Սահմանադրությամբ նույնիսկ մեկ օր չեն կարող չիրացնել այդ իրավունքը: Բայց մենք տեսնում ենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ընդհանրապես չի իրացվում: Նման վերաբերմունքն անհետեւանք չի մնա, ես ձեզ խոստանում եմ, որ հետայսու մեր գործողությունները կլինեն այլ կերպ»:

Նիստին ներկա «Հայրենիք» կուսակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանն ասում է, որ այս իրավիճակի պատասխանատուները պետք է պատժվեն, սակայն միաժամանակ վստահ չէ, որ օրենքի շրջանակում հարցը հնարավոր է կարգավորել . «Խայտառակություն է, եւ կարծում եմ, որ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք եւ օրենքի շրջանակներում, բացի մեր քաղաքական հայտարարությունները: Մի քիչ այս վերջին ասածիս ինքս չհավատացի, որովհետեւ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում գրեթե ոչնչի հասնել հնարավոր չի անել, բայց ամեն դեքում մենք կփորձենք, միգուցե դեռ մեր երկրում մնացած կլինեն մարդիկ, ովքեր կհարգեն, պետությունը, պետականությունն ու օրենքը»:

Հիշեցնենք, որ հանրապետության 3-րդ քաղաքն արդեն 3 ամիս՝ չունի ղեկավար, իսկ ավագանին լիարժեք չի գործում: Բացի այդ, լուրեր են շրջանառվում նաեւ, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Վանաձորում նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031