Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ի գրադարանն անվանակոչվել է Սերգեյ Համբարձումյանի անունով

Մարտ 18,2022 23:13

Հայ-Ռուսական համալսարանի նորակառույց մասնաշենքի գրադարանում մարտի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մեծանուն գիտնական և հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որի ընթացքում կայացել է ՀՌՀ-ի գրադարանը նրա անվամբ կոչելու արարողությունը, նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը և «ГОРДЫЙ АРМЯНИН XXI ВЕКА» գրքի շնորհանդեսը:

«Սերգեյ Համբարձումյանը սենտիմենտների հետ ընկերություն չէր անում և բավականին պրագմատիկ էր վերաբերվում և կյանքին, և մահին։ Կարծում եմ, որ այս գրադարանը ոչ այնքան հիշողությունների մասին է, որքան գիտության, առաջընթացի, ապագայի, երկրի զարգացման մասին է․այն երիտասարդների ոգով, ուժով և գիտելիքներով, որոնք իրենք անպայման կստանան Սերգեյ Համբարձումյանի անվան գրադարանում։ Շատ խորհրդանշական է նաև, որ այս արարողությունը մենք իրականացնում ենք մեր համալսարանի նորակառույց մասնաշենքում, որը մենք նախագծել ենք Սերգեյ Ալեքսանդրովիչի կենդանության օրոք, և նա մասնակցել է այս մասնաշենքի հետ կապված առաջին քննարկումներին։ Եվ շատ կարևոր էր, որ մենք դա մարմնավորեինք այսպիսի ազատ և ստեղծագործական տարածքի ոճով և ոգով։ Ես կարծում եմ, որ այս ամենը շատ դուր կգար նրան։ Մեզ համար մեծ պատիվ է, մեծ իրադարձություն և մեծ նշանակետ, քանի որ նրա անվան գրադարանում պետք է ծնվեն հրաշագեղ մտքեր և գեղեցիկ գիտություն, որովհետև ինքը գեղեցիկ, սիրուն մարդ էր»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Իր հերթին՝ ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, Սերգեյ Համբարձումյանի վաղեմի ընկեր, գործընկեր, զինակից և «ГОРДЫЙ АРМЯНИН XXI ВЕКА» գրքի հեղինակ Գագիկ Սարգսյանը ներկայացրել է անվանի գիտնականի կյանքի հետ կապված ուշագրավ բազմաթիվ դրվագներ և հիշողություններ։

«Մեր համալսարանի տարբեր կառույցներ կարելի էր անվանակոչել Սերգեյ Համբարձումյանի անունով, բայց գրադարանի հետ կապված խորհուրդ կա։ Ես տեսել եմ, թե նա ինչ հզոր աշխատանք է տարել ԵՊՀ-ում իր ռեկտորության օրերին։ Նա բազմաթիվ նոր մասնագիտություններ բացեց այդ տարիներին, ինչը մեծ ջանքերի արդյունք էր։ Նրա մեծագույն ջանքերի շնորհիվ էր, որ ԵՊՀ-ն ունեցավ գրադարան։ Ովքեր կարդացել են Ֆադեյ Սարգսյանի հիշողությունները, այնտեղ այդ մասին հատուկ նշում կա, թե ինչպես բոլոր հնարավոր-անհնարին բաներ են արվել, որ դա իրագործվի։ Գրադարանի կառուցումը նրա համար անչափ կարևոր բան էր։ Կա համալսարան, կա գրադարան և կա գրադարան, կա համալսարան»,- շեշտել է նա։

Անդրադառնալով իր հեղինակած գրքին՝ Գագիկ Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ գիրքը գրվել է անվանի գիտնականի կենդանության օրոք։ «Շատ կարևոր է, որ այդպիսի մեծությունների մասին կենսագրական գրքեր գրվեն հենց կենդանության օրոք, որպեսզի նա անձամբ հաստատի գրքում զետեղված բոլոր փաստերը, ինչը շատ արժևորում է տվյալ աշխատությունը։ Այդ գրքում կան հզոր հարցադրումներ, որոնք շատ արդիական են նաև այսօրվա գիտնականների համար։ Կան շատ մտքեր, որոնք պետք կգան նաև մեր երկրի ղեկավարներին և քաղաքական գործիչներին»,- ընդգծել է նա։

Նշենք նաև, որ Սերգեյ Համբարձումյանը 2002-2018թթ․-ին հանդիսացել է Հայ-Ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատուն։

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031