Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն

Մարտ 18,2022 22:20

«Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում էին

Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ: Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանցի գործընկերների այցն Արցախ, ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և նշել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստերը չեն կայանում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները գործընկերներին հրավիրել են Արցախի հարցով ՀՀ խորհրդարանում առաջիկայում կազմակերպվելիք լսումներին: Արցախի խորհրդարանի պատգամավորները ողջունել են և կարևորել Արցախի հարցով լսումներ կազմակերպելու և Արցախի պատգամավորներին հրավիրելու նախաձեռնությունը:

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել է հրավերը և չի մասնակցել: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ցավով նշել է, որ 34 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը կապող թելերն այսօր նորից անջատում են իրարից: Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2019թ. Արցախի խորհրդարանում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, երբ արդեն իսկ խնդիրներ էին նկատվում Արցախի սուբյեկտայնության և Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն իր հերթին շեշտել է, որ պատրաստակամ են յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի առջև դրված խնդիրների լուծմանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ողջունելով գործընկերների այցն Արցախի Հանրապետություն, ընդգծել է, որ այսօր կարիք կա երկխոսելու` ստեղծված իրավիճակից դուրս գալու, համատեղ լուծումներ գտնելու: Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:

Խորհրդարանական հանդիպումներից զատ, «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցեր: Այնուհետև Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031