Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկում:
Հանդիպման նպատակը իրազեկվածության տարածումն էր՝ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի մասին։ Քննարկման ընթացքում ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչները խոսեցին ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման կարգի մասին, իսկ պարեկայինները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի ու ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։
Նշեցին նաև այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել ապագա պարեկները։ Ընդունելություն-մրցույթի համար սահմանված 606 տեղից 136-ը նախատեսվում է Տավուշի մարզում ծառայության համար (95 տեղը` արական սեռի, իսկ 41 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար)։
Ուսուցման տևողությունը 5 ամիս է:Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` համարվում են ծառայողներ և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային): Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ: Հանդիպման ավարտին ներկաները ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ