«Հայաստան» խմբակցության պատգամավորները Արցախ են այցելել ու այսօր լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել այնտեղ. «Իհարկե, հումանիտար սոցիալական վիճակը գազի բացակայության պայմաններում շատ ավելի դժվար է: Էլեկտրաէներգիայի խափանումներ են, ծանրաբեռնվածությունը էլեկտրակայանների մեծ է: Մենք այցելեցինք այն գյուղերի մի մասը, որոնք արկակոծվել էին ու թշնամու կողմից սպառնալիքների տակ էին: Համայնքի ղեկավարների, բնակիչների հետ հանդիպեցինք: Ընդհանուր տրամադրությունը մարտական էր:
Մենք այնտեղ էինք, որ ադրբեջանցիները երաժշտություն էին միացրել, Խրամորթի գյուղապետը շատ արագ բարձրախոսները միացրեց, հայրենասիրական երգերն ամբողջ գյուղում լսվում էր: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչեւ հիմա իր բացասական սարսափելի հետեւանքներն է տալիս: Ասկերանի հատվածում գյուղատնտեսական աշխատանքները խիստ կարեւոր են, այգիների, հանդերի մի մասը թշնամու տիրապետության տակ է անցել, մյուսներն էլ թշնամու կողմից խանգարում են աշխատանքներ իրականացնել, ամբողջությամբ պարապուրդի են մատնվել: Արդյունաբերությանը, գինեգործությանը, գյուղատնտեսությանը մեծ հարված է հասցվելու»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ հանդիպել են նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, բավականին երկար զրույց ունեցել, բայց զրույցի մանրամասները չգաղտնազերծեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ