Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2021-ի կառավարության ծրագրի կատարողականը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց՝ դուք ի՞նչ խնդիրներ էիք դրել, որ պետք է լուծեք ու ի՞նչ արդյունք ունեք. «Տարբեր սոցիալական խնդիրներ ունեն քաղաքացիները: 2020-ին աղքատության մակարդակի բարձրացում է եղել 0,7%-ով: Նույն գործոնները եղել են 2021-ին եւ շարունակվում են 2022-ին՝ լրացուցիչ ինտենսիվությամբ: Նվազագույն աշխատավարձը չի աճել 2021-ին, կենսաթոշակի հիմնական չափը, անապահովության նպաստը չի աճել: Գնաճը եղել է 7,7%: Կենսապահովման նվազագույն զամբյուղը 21% աճել է: Սա ուղիղ անապահով խավին է վերաբերվում: Ի՞նչ եք նախատեսել 2021-ին՝ որպես նախարար ու գո՞հ եք դրանից»:
Նախարարը պատասխանեց. «Գնաճային ճնշումները մեծապես պայմանավորված են միջազգային գործընթացներով: Մենք քարանձավում չենք ապրում, այս փոխկապակցված աշխարհ մի մասն ենք ու ուզենք, թե չուզենք՝ առնչվում ենք այս խնդիրներին»: Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ԵԱՏՄ երկրներից գնաճը ՀՀ-ում ամենացածրներից է»: Անդրադառնալով աղքատության ցուցանիշին՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դա մեկ նախարարության խնդիր չի, բազմագործոն խնդիրներից է. «Օրինակ, մանկական ծայրահեղ աղքատությունը կրճատվել է: Մյուս կողմից, երբ խոսում ենք աղքատության մասին, համադրելիության խնդիր կա, մեթոդաբանություն է փոխվել ու դժվար կլինի 2020 եւ 2021 թվի աղքատության ցուցանիշները համեմատել»:
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ քաղաքական կամք ունեն հասնելու կառավարության ծրագրում նշված թիրախներին, բայց թոշակների, նպաստների ուղղակի բարձրացումը կարող է կողմնակի հետեւանքներ բերել:
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ իրեն դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ իր տատիկը, հետաքրքրվում են՝ հիմնական կենսաթոշակի չափը մինչեւ տարեվերջ բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ: ՌԴ-ում հունվարի 1-ին կենսաթոշակը բարձրացել է ավելի, քան գնաճն է եղել, հիմա պատերազմի մեջ են, նորից քննարկում են նպաստները բարձրացնեն»:
Նախարարը պատասխանեց. «Տարբեր քաղաքական ենթատեքստ կարելի է տալ, թե տարբեր երկրներ ինչու են բարձրացնում: Պետք է հիմնված լինի բարձրացումը փաստահենք տվյալների վրա: Դուք ասում եք՝ գո՞հ ենք, թե՞ գոհ չենք: Իհարկե, գոհ չենք, դեռեւս կա հսկայածավալ աշխատանք անելու: Ես շատ ցանկանում եմ, որ առավոտ թոշակները բարձրացնենք ձեր ասած թվերից էլ մի քանի անգամ շատ, բայց դա պետք է հիմնված լինի խելամիտ ուսումնասիրությունների ու ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Մենք համապատասխան աշխատանք տանում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ