«Կարմիր գծերի հարց չկա, որովհետեւ նախապայման չկա։ Թուրքիայի հետ երկխոսությունը սկսվել է ԱՄՆ եւ ՌԴ միջնորդությամբ։ Երկու օր առաջ Լավրովն ասաց, որ աջակցում են գործընթացին։ Հիմա նրանք, ովքեր զարմացել են Արարատ Միրզոյանի հայտարարությունից, ի՞նչ են առաջարկում՝ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին ասել՝ չէ, մենք Թուրքիայի հետ չենք խոսա՞»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Արման Եղոյանը։
Հարցին՝ «իշխանությունը վստա՞հ է, որ հասարակությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարեկամություն անել հարաբերությունների հաստատման համատեքստում», Արման Եղոյանն այսպես պատասխանեց․ «Բարեկամություն բառն ո՞վ է ասել։ Տարբեր բաներ են։ Նախարարը նման բան չի ասել, ասել է հարաբերությունների կարգավորում՝ բարեւ ձեզ, ցտեսություն ձեզ, ոնց եք․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ