Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չի, որ դուք ամեն ինչ իմանաք»․ Արման Եղոյանի բանավեճը լրագրողների հետ՝ Արցախի կարգավիճակի մասին

Մարտ 18,2022 20:25

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ նկատի ուներ, երբ օրերս մեկ այլ հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը եւս առաջարկներ է ներկայացնելու Ադրբեջանին, եւ ինքն իշխանությունից միակն է, որ ասել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Դա ձե՞ր կարծիքն է, թե իշխանության կարմիր գիծն է բանակցություններում»։ Արման Եղոյանն արձագանքեց․ «Պետք չի, որ դուք ամեն ինչ իմանաք։ Դուք ասելով նկատի ունեմ լայն շրջանակներին, որովհետեւ դիվանագիտության մեջ, երբ ամեն ինչ իմանում են, դա էլ չի լինում դիվանագիտություն։ Ադրբեջանն առաջարկել է իր համար ընդունելի առաջարկներ, որոնց շուրջ պետք է խոսել։ Տրամաբանական է, որ մենք էլ մեր առաջարկները ներկայացնենք»։

Դառնալով «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս» պնդմանը՝ Եղոյանն ասաց, որ դա ոչ թե կարծիք է, այլ պարզ տրամաբանություն, որովհետեւ Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, արդեն խախտվել է, ուստի չպետք է թույլ տալ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքն էլ խախտվի․ «Սա հայտնագործություն չէ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը ՀՀ իշխանության կողմից քննարկման ենթակա հա՞րց է Ադրբեջանի հետ բանակցություններում, թե որպես ելման կետ է ընդունված Արցախն Ադրբեջանի կազմում չլինելը։ Արման Եղոյանը պատասխանեց, որ հարցը սխալ է կառուցված․ «Բանակցություններում ամեն մեկը սեղանին իր օրակարգն է դնում։ Մեր պատասխանն է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ՄԽ համանախագահության առաջարկած երեք սկզբունքների համաձայն»։

Լրագրողը կրկնեց հարցը՝ «դա ենթադրո՞ւմ է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում»։ Եղոյանն ի պատասխան լրագրողին մեղադրեց անբարեխիղճ լինելու մեջ․ «Դա հարց չի, այլ ուղղորդող պնդում՝ հարցական նշանով։ Երբ ասում եմ հիմնարար սկզբունքներ, դրանից բխում է ազգերի ինքնորոշման սկզբունքը ներառյալ»։

Պատգամավորը շեշտեց, որ կարմիր գծերը քննարկման սեղանի շուրջ են ձեւավորվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031