Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ն Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ հարկադրված է գնացել պատժամիջոցների

Մարտ 18,2022 20:45

ՖԻԴԵ-ն Ռուսաստանի եւ Բելառուսի շախմատային հավաքականներին ժամանակավորապես արգելել է մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցումներին, քանի դեռ չկա այլ որոշում: Սակայն այդ երկու երկրների շախմատիստները  անհատական մրցաշարերում կարող են հանդես գալ չեզոք կարգավիճակում՝ ՖԻԴԵ-ի խորհրդանիշով:

Մարզաձեւի համաշխարհային կազմակերպության ղեկավար Արկադի Դվորկովիչը լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրենք պատժամիջոցների այդ քայլին գնացել են հարկադրված, թեեւ իր համար առաջնայինը «սպորտն առանց քաղաքականության» սկզբունքն է: «Սակայն այսօր քաղաքականությունից ամբողջապես խուսափել հնարավոր չէ: Դրա համար մենք կայացրել ենք «հավասարակշռող» որոշում՝ շախմատիստներին թույլատրել մասնակցել անհատական մրցաշարերի, որպեսզի շախմատիստներին նվազագույն վնաս հասնի»:

Դվորկովիչի խոսքով, ՖԻԴԵ-ն վերջին երեք շաբաթներին հսկայական ճնշման է ենթարկվել ինչպես ՄՕԿ-ի, այնպես էլ՝ բազմաթիվ երկրների կառավարությունների ու ընդհանուր առմամբ շախմատային հասարակության կողմից: «Մեզ ուղարկված ՄՕԿ-ի առաջարկը, փաստացի պահանջ է: Իմ խնդիրը որպես ՖԻԴԵ-ի նախագահ ամբողջ աշխարհի շախմատիստների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի, շահերը պաշտպանելն է, նրանք պետք է խաղալու իրավունք ունենան: Դա նրանց մասնագիտությունն է, եւ ՖԻԴԵ-ի կանոնադրությունում արձանագրված է, որ այդ իրավունքը ոչ մի կերպ չպետք է կապ ունենա ազգության, հավատքի եւ քաղաքական հայացքների եւ նմանատիպ այլ գործոնների հետ»,- նշել է Դվորկովիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել