Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ «դաշնակիցն» իր մոտալուտ պարտության ենթատեքստում գուցե զորախումբը հանի Արցախից»․ Խզմալյանի որակումն ԱԺ-ում բանավեճի առիթ տվեց

Մարտ 18,2022 19:33

«Արցախի խնդիրը մնում է եվրոպական ատյանների ուշադրության կենտրոնում։ Բանաձեւի միաձայն ընդունման առիթով ձեր հանձնաժողովին առաջարկում եմ պատրաստել եւ ԱԺ քննարկմանը ներկայացնել առաջարկ, բանաձեւ կամ կոչ, պահանջ՝ ուղղված Եվրախորհրդին, որպեսզի վերջինս որեւէ քաղաքական, դիվանագիտական, առավել եւս՝ տնտեսական պայմանագիր չկնքի Ադրբեջանի հետ, մինչեւ ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչեւ չհարգվի եւ չպաշտպանվի արցախահայության ինքնորոշման, մարդու իրավունքների համալիրը»,-ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր անդրադառնալով Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված եւ մարտի 8-ի ուշ երեկոյան հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւին՝ հայտարարեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը հրավիրյալի կարգավիճակով էր մասնակցում նիստին։

Խզմալյանի խոսքով՝ այս իրավիճակում շատ տեղին կլինի, եթե եվրոպական հարցերի հանձնաժողովը նման առաջարկով հանդես գա ԱԺ-ի առաջ, եւ այնուհետեւ այն ներկայացնի Եվրախորհրդին․ «Դա շատ կարեւոր է հատկապես այս իրավիճակում, երբ ՀՀ  այսպես կոչված ռազմավարական դաշնակիցն իր մոտալուտ պարտության ենթատեքստում հնարավոր է, որ զորախումբը դուրս բերի Արցախի զավթված տարածքներից, ինչը խիստ կարիք կստեղծի դրան հակադրել որեւէ այլ միջազգային երաշխիք։ Սա լավ նախապատրաստական դեր կխաղա մեր հետագա քայլերի համար»։

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն առաջարկին արձագանքեց, որ խորհրդարանը միասնական պետք է գործի նման հարցերում․ «Բարեկամական խմբերի ղեկավարները բաշխված են ըստ խմբակցությունների, եւ բարեկամական խմբերի մի մասը ղեկավարվում են ընդդիմադիր խորհրդարանականների կողմից։ Սակայն կարծում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցը միասնական օրակարգ է։ Եվրոպայում ստեղծված նախադեպը հաշվի առնելով՝ մենք կարող ենք կապվել մեր արտաքին գերատեսչության ղեկավարի հետ եւ բարեկամական բոլոր խմբերին ուղարկել նամակ՝ ձեր ասած առաջարկով»։

Տիգրան Խզմալյանն այնուհետեւ նաեւ համոզմունք հայտնեց, որ հիմա հարմար ու հեշտ պահ է Ադրբեջանին դեմոնիզացնելու՝ հրեշացնելու համար։ Ռուսաստանի վերաբերյալ Տիգրան Խզմալյանի վերոնշյալ ձեւակերպումները հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին դուր չեկան․ «Դուք հանձնաժողովն օգտագործեցիք մեր ռազմավարական գործընկերոջ հանդեպ անընդունելի ձեւակերպումներ անելու համար։

Փաստն այն է, որ Արցախի եւ արցախցիների անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները։ Եվրոպացի գործընկերների հետ կապված բանաձեւը ողջունում եմ, բայց հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ կես հատիկ սանկցիա Ադրբեջանի հանդեպ չկիրառվեց այդ նույն կենտրոններից, որոնք այսօր տարբեր փաթեթներով սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի հանդեպ։ Միտումը կբացատրե՞ք։ Կարծում եք, որ մենք կարող ենք տեղավորվել հակառուսական թրենդի մեջ եւ մազից կախված փխրուն խաղաղությունն ինչ-որ կերպ մեր ելույթներով կասկածի տակ դնե՞լ։ Մեկ բան է, երբ դուք ձեր «ֆեյսբուքյան» էջում գրում եք, թե ՌԴ-ն կործանվեց, մեկ այլ բան է, երբ նման ձեւակերպումներ եք անում այս հանձնաժողովի նիստում»։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վերջին նկատառման հետ համաձայնեց․ «Այո, տարբեր բաներ են»։ Իսկ Տիգրան Խզմալյանն այսպես արձագանքեց․ «Ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ, ձեր հիշատակումների կարիքը չեմ զգում։ Ես ամեն ինչ հիշում եմ, այդ թվում այն, թե ում զենքով եւ հրահանգներով էին սպանում մեր մարտական եղբայրներին։ Իսկ ձեւակերպումներս իմ քաղաքական դիրքորոշումն են։ Ձեր քաղաքական ճաշակները եկեք չդարձնենք քաղաքական գնահատականներ։ Ինչ վերաբերում է նկատառմանը, որ Արցախում ռուսական զորք է կանգնած, հիշեցնեմ, որ քաղաքական գործիչը պետք է նաեւ մտածի, թե վաղն այնտեղ ով է կանգնելու։ Դա էր առաջարկիս հիմնական իմաստը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադառնալով Ադրբեջանի վերաբերյալ Տիգրան Խզմալյանի վերոնշյալ առաջարկին՝ շեշտեց, որ նման հայտարարությամբ հանդես գալու համար պետք է լինի միջկուսակցական կոնսենսուս․ «Կարծում եմ՝ դա հնարավոր է»։

Արման Եղոյանն էլ իր հերթին ողջունեց Տիգրան Խզմալյանի առաջարկի էությունը, բայց եւ կոչ արեց զերծ մնալ աշխարհաքաղաքական կոնֆլիկտներում որեւէ կողմ բռնելուց․ «Կողմ բռնելով՝ մենք էականորեն չենք փոխում աշխարհաքաղաքական բալանսը, բայց մեր վիճակը էական կարող ենք փոխել։ Դաշտում բախվել են այնպիսի խոշոր խաղացողներ, որ այդ բախման մեջ, եթե հանկարծ հայտնվենք արանքում, կարող ենք շատ տուժել։ Պատմությունից պետք է սովորած լինեինք, որ մեծերի բախման ժամանակ պետք չէ խառնվել որեւէ կողմին։ Թույլ տվեք չհամաձայնել այդ գնահատականների հետ, բայց հանձնաժողովն, այնուամենայնիվ, բաց է տարբեր կուսակցությունների համար։ Մենք ուզում ենք երկխոսություն ունենալ, բայց խոսակցությունը չտանել փակուղի»։

Խզմալյանը նկատեց․ «Բայց դուք եվրաինտեգրման հանձնաժողովն եք գլխավորում, այլ ոչ թե չեզոքության հանձնաժողովը, որը դեռ գոյություն չունի»։ Եղոյանը պատասխանեց․ «Ճիշտ եք, բայց ինտեգրումն իրենից տարբեր ձեւաչափեր կարող է ենթադրել։ Այն շատ լայն գործընթաց է։ Մենք չգիտենք, թե այս բախումից հետո ինտեգրման ինչ գործընթացներ կլինեն եւ ուր կտանեն դրանք մեզ։ Փոթորկից ափ հասնելու խնդիր պետք է ունենանք, այլ ոչ թե փոթորկի մեջ որեւէ մեկի հետ կռիվ տալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031