Դատավորների վեթինգի վերաբերյալ կա երկու մոտեցում՝ մեկը՝ կոշտ վեթինգը, որը, մեկ օրում բոլոր դատավորները համակարգից դուրս են գալիս եւ սկսվում է նոր դատավորների մուտքը համակարգ՝ նոր օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսօր այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Գրիգորի Մինասյանը, որը մասնակցում էր ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը եւ դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկումներին։
Պարոն Մինասյանն ասաց, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկումները ցույց են տվել, որ վեթինգի այդ կոշտ մեթոդը մեր երկրում կիրառելի չէ՝ առանց Սահմանադրական բարեփոխումների. «Օրենսդրությունը դա թույլ չի տալիս եւ դա կարելի է անել միայն այն դեպքում, Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներով տեղի են ունենում փոփոխություններ»:
Փափուկ վեթինգն, ըստ Գրիգորի Մինասյանի, օրենսդրության բարելավումն է. «Ես համոզված եմ, որ օրենսդրության բարելավմամբ, նոր դատավորները, որոնք մտնում են համակարգ, կլինեն ավելի պրոֆեսիոնալ, հեռու շահերի բախումից»:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հարցրեց՝ ի՞նչ են անում, որ դատաիրավական բարեփոխումները համընթաց գնան ներկա իրավիճակին, երբ դատական համակարգի կողմից դիմադրություն, իսկ Դատավորների միությունն էլ քաղաքական հայտարարություններ է անում: Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ երրորդ ուղղությունը որով հիմա գնում է նախարարությունը օրենսդրությամբ սահմանված կարգապահական վարույթների հարուցումն է, միջնորդությունների ներկայացումը Բարձրագույն դատական խորհուրդ. «Այնտեղ՝ տեղում յուրաքանչյուր գործով կռիվ ենք տալիս, պայքարում, որպեսզի ոչ պրոֆեսիոնալ, վատ դատավորները համակարգից դուրս գան: Թիմն աշխատում է, որպեսզի կոնկրետ գործերով ստանանք նախադեպային որոշումներ եւ ժամանակի ընթացքում հենց ԲԴԽ-ի որոշումներով մեր գործերի հաղթանակների քանակն ավելացնենք: Դժվար եւ ցավոտ գործընթաց է, լինում են հաղթանակներ, լինում են պարտություններ: Շատ դժվար է այս ճանապարհով արագ հաջողության հասնելը, բայց ես հավատում եմ, որ հենց սա է ժողովրդավար մեթոդը»:
Գրիգորի Մինասյանի խոսքով, մինչեւ համավարակը նախատեսվել էր Սահմանադրական բարեփոխումների գործընթաց եւ որոշակի պատճառներով այդ գործընթացը կասեցվել է. «Նոր եկել ենք այն փուլը որտեղ կարող ենք Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Միգուցե Սահմանադրական բարեփոխումների մեր խորհուրդը գա մի մոդելի, որ մի գուցե կոշտ վեթինգի էլեմենտներ էլ մտնեն, բայց բազմաթիվ քննարկումների արդյունքում, նույնիսկ մեր հասարակական խմբի հետ աշխատանքների արդյունքում մենք կոնսեսուս չունենք՝ ի վերջո ո՞րն է այդ մոդելը»:
Քննարկման մասնակից հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ էլ կարծիք հայտնեց, որ քննարկման դրված փաստաթուղթը նահանջ է նախորդ փաստաթղթից, ապա հարցրեց՝ ունե՞ք վերլուծություն, ո՞րն է պատճառը, որ քաղաքացիները չեն վստահում այդ համակարգին: Նա հիշեցրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան պատմությունը, որը վաճառվել է գոյություն ունեցող այս համակարգի պայմաններում՝ գտնվելով կալանքի տակ:
«Հիմա ո՞նց կարող է հասարակությունը վստահի այս համակարգին, ինչը՞ ստիպեց հրաժարվել վեթինգի գաղափարից, ինչո՞ւ չենք մեր անհատական վեթինգի մոդելը մշակում»,-փոխնախարարին այսպիսի հարցեր ուղղեց ՀԿ ներկայացուցիչը:
Գրիգորի Մինասյանն ասաց՝ նոր մոդել չենք ստեղծում, եղածը թարմացնում ենք. «Եւ դա ուզում ենք անել հենց հասակական հատվածի հետ աշխատելով եթե դուք գիտեք մի այդպիսի մոդել, խնդրում եմ ասեք»:
Փոխնախարարը նաեւ հավելեց, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում վեթինգն անել օրենքների փոփոխությամբ, միակ ձեւը Սահմանադրական փոփոխություններն են:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ սա արդեն որերորդ ռազմավարությունն է, որը մեր երկրում մշակվում է, եւ բոլորն էլ «շատ գեղեցիկ փաթեթավորված են»:
Ըստ տիկին Կարապետյանցի, այդ փոփոխությունները չեն աշխատելու, քանի դեռ դրված չէ պատասխանատվության խնդիրը, որով զտելու եւ համակարգից հեռացնելու են այն դատավորոներին, որոնք ոչ թե սխալներ են գործել, այլ՝ հանցավորություն են արել. «Եվ այդ հանցավորության արդյունքում մարդիկ տարիներով գտնվել են անազատության մեջ, զրկվել են մեծ ունեցվածքներից, մահացել են: Ավելին այդ դատավորները ոչ միայն շարունակում են աշխատել, այլեւ նրանց պաշտոնները բարձրանում են: Այո՛, դատավորը պետք է շատ բարձր աշխատավարձ ստանա, բայց ես պատրաստ չեմ վճարել այն դատավորին, որի որոշման արդյունքում մարդ է մահացել: Էլեկտրոնային համակարգ ստեղծելով, շենքային պայմանները բարելավելով ինչ-որ հարց ենք ուզում լուծել, բայց ընդհանուր համակարգը խնդիր ունի եւ երբ մենք այս համակարգում թողնում ենք հանցավոր մարդկանց, ի՞նչ ենք փոխում կամ ջատագովում»:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որովհետեւ շղթան չաշխատեց. «Հասարակության վերաբերմունքը հենց այսպիսի հարցերից է ձեւավորվում: ԲԴԽ-ի ղեկավարից սկսած՝ այնտեղ չպետք է լինեին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ