Կայացել է ԱՀ և ՀՀ խորհրդարանների համանման հանձնաժողովների համատեղ նիստը
Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը։
Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկել են կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը համոզմունք են հայտնել, որ համատեղ երկրորդ նիստն արդյունավետ է հանձնաժողովների հետագա համագործակցության ընդլայնման և ոլորտային խնդիրները մանրամասն քննարկելու համատեքստում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին՝ հանրակրթության, մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում: Նախարարը վստահեցրել է, որ փաստաթղթում նախանշվել են կրթական համակարգի զարգացման հստակ թիրախները: Կրթական գործընթացի հիմքում պետք է լինեն մարդկային ներուժի բացահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որակյալ, բովանդակային ու մրցունակ կրթությունը՝ համահունչ ազգային ու համամարդկային արժեքներին:
«ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի գործողությունների շրջանակում իրենց համակարգման ոլորտներին անդրադարձել են նիստին ներկա ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:
Փոխնախարարները մանրամասնել են նախագծի կառուցվածքային առանձնահատկությունները, թիրախային ոլորտները, գործողությունների պլանը, խոսել ակնկալվող արդյունքների ու ծրագրային հիմնադրույթների մասին: 2030 թ. կրթության ոլորտի հիմնական թիրախներից է նախադպրոցական կրթությունը բոլոր բնակավայրերի համար հասանելի դարձնելը: Ընդգծվել է մասնագիտական կրթության կարևորությունը, որը կարող է սպասարկել տնտեսության փոփոխվող կարիքները և այստեղ հավակնոտ թիրախային պլան է մշակված: Անդրադարձ է եղել մարդկային ներուժի զարգացման, ատեստավորման ու տարակարգի մեխանիզմների ներդրմանը, ըստ տարածաշրջանների՝ մասնագիտությունների վերանայման խնդիրներին:
Պատգամավորները կրթական ծրագրերը կազմելիս կարևորել են անվտանգության բաղադրիչի ներառումը, խոսել կրթական առարկայական գիտելիքների բարելավմանն ու ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներից, ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացից ու խրախուսման մեխանիզմներից:
Օրակարգային հարցերի շրջանակում էր պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանության հարցը: Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո մոտ 2000 պատմաճարտարապետական հուշարձաններ մնացել են այդ տարածքներում, այդ թվում՝ մոտ 187 եկեղեցի, վանական համալիր և մատուռ, մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, մոտ 52-ից ավելի բերդ-ամրոցներ:
Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթման քաղաքականությանն ու վանդալիզմի դրսևորումներին ականատես ենք եղել բազմիցս: Այսօր Ադրբեջանը փոխել է քաղաքականությունը. հայկական վիմագիր արձանագրությունների հետքն է փորձում ջնջել պատմաճարտարապետական հուշարձաններից: Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ հստակ էթնիկ ինքնության դրսևորումներ ունեցող պատմամշակութային ժառանգությունն այսօր կործանման եզրին է: Փոխնախարարը համոզված է, որ պետք է հատուկ ուշադրության արժանանա նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցը. վտանգված են արցախյան բարբառի համապատասխան ենթաբարբառները, ավանդական արհեստների ճյուղեր կան, որոնք յուրահատուկ են այդ տարածաշրջանին:
«Մշակութային ժառանգության պահպանություն» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը կարևորել է արվեստի գործերի շտեմարանների արագ հավաքագրումն ու քարոզչական նպատակով օգտագործումը: Նա բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային ժառանգության ապահայկականացման փորձերը. Ադրբեջանն այդ ժառանգությանը վերագրում է աղվանական կամ ուղղափառ ծագում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի համոզմամբ՝ համաքրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա այսօր:
Սիսակ Գաբրիելյանը հայկական մշակութային արժեքների պահպանման մասով անդրադարձել է առաջիկա քայլերին, կարևորել միջազգային գործընկերների հետ շփումներում խնդրի բարձրաձայնումը: Այս առումով քննարկվել է միասնական հարթակի ձևաչափը, որը համատեղ աշխատանքն առավել արդյունավետ ու արագ իրականացնելու հնարավորություն կտա:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները Սիսակ Գաբրիելյանի և Արամ Հարությունյանի նախագահությամբ մարտի 17-ին շարունակել են համատեղ նիստի աշխատանքը: Մասնակցել են նաև հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
ԱՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը ներկայացրել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկան, զարգացման միտումներն ու մարտահրավերները:
Նշվել է, որ Արցախում գործում է ՏՏ ոլորտի 8 ընկերություն, որի հիմնական մասը երևանյան ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք ընդհանուր ունեն 100 աշխատակից: Երեք ընկերություն ունի շուրջ 10 աշխատակից: Ստեփանակերտում գործում է Թումո կենտրոնը: Գործում է նաև 23 ԱՐՄաթ լաբորատորիա:
Բանախոսի հավաստմամբ՝ 2011թ. ստեղծվել է ՏՏ ոլորտի 6 աշխատակցից բաղկացած թիմ: Ներկա դրությամբ թիմի անդամների թիվը 20-25 է:
Ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է եղել ավելի շատ ընկերություններ ստեղծելուն: Սահմանվել են հարկային արտոնություններ, բոլոր ընկերություններն ազատվել են շահութահարկից:
Սմբատ Պետրոսյանի խոսքով՝ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ժամանակակից միջին և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը:
Որպես առաջին խոչընդոտ ոլորտի զարգացման համար՝ նա շեշտադրել է անգլերենի վատ իմացությունը, ծրագրերի թերի ֆինանսավորումը, մալուխային համացանցի նպատակային սփռման բացակայությունը, ինչպես նաև մասնագետների պակասը:
«Նախատեսում ենք ՏՏ ոլորտի ընկերություններ ստեղծել շրջկենտրոններում՝ Ստեփանակերտից դուրս»,- ասել է փոխնախարարը: Նա նաև նշել է, որ Արցախում չկա ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման կենտրոն:
Մշտական հանձնաժողովի անդամ, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը նշել է, որ Արցախի իշխանությունը պատրաստակամ է աջակցել հստակ ծրագրերի իրականացմանը:
Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նույնպես իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակից լինել Արցախի ՏՏ ոլորտի զարգացմանն ու մասնագետների պատրաստմանը:
Նիստի ավարտին մասնակիցներն այցելել են Երևանի ԱՐՄաթ լաբորատորիա:
Այցի շրջանակներում մարտի 17-ին Արցախի հանձնաժողովականները եղել են նաև «Էվրիկա» դպրոցում, որտեղ գտնվում է ԱՐՄատ լաբորատորիաներից մեկը և «Իրական» դպրոցում։ Տեղում պատգամավորները ուսումնասիրել են դպրոցի կրթական ծրագրին։ Քննարկել են Արցախի ՇՏՀ-ում «Իրական» դպրոցի կրթական ծրագրի մոդելը կիրառելու մասին հարցերը։
Մարտի 18-19 –ը Արցախի ԱԺ ԳԿՄՍԵ հանձնաժողովի անդամները մասնակցելու են Աղվերանում կազմակերպվող ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման իրավական կարգավորումները» թեմայով քննարկումներին։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին