Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ներսեսյան. Շփման գծում Ադրբեջանի կողմից սադրանքի բազմաթիվ փորձեր են եղել, ավելին՝ հոգեբանական պատերազմ է տարվում արցախցիների դեմ

Մարտ 18,2022 17:38

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը Թայմզ բրիտանական ռադիոկայանին

Հաղորդավար. Այժմ բոլորիս համար սովորական է դարձել տեսնել Ուկրաինայի քարտեզը. այն ձգվում է Սև ծովի հյուսիսում և, փոքր-ինչ մեծացնելիս, երբ նայեք հարավ-արևելք, կտեսնեք Հայաստանն ու Ադրբեջանը: Այս երկու երկրները երկար ժամանակ հակամարտում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ։ Ռուսական զորքերը պահպանում են խաղաղությունը, և հազարաներով տեղակայված են Հայաստանում: Բայց ասում են, որ Հայաստանը Ռուսաստանի առումով տառապում է Ստոկհոլմյան սինդրոմով. նա պետք է համակրի ռուսական ուժերին, որոնք իրականում նրան գերի են պահում: Խոսենք Վարուժան Ներսեսյանի հետ, որը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանն է։ Բարի լույս:

Դեսպան. Բարի լույս և ողջունում եմ նաև ձեր ռադիոկայանի բոլոր ունկնդիրներին։

Հաղորդավար. Բարի գալուստ: Կարծում եմ արդարացի է ասել, որ կլինեն որոշ մարդիկ, որոնք տեղյակ են` ինչ է կատարվել Հայաստանում և Ադրբեջանում, մասնավորապես, խոսքը Հայաստանի մասին է, բայց կլինեն նաև անտեղյակներ: Կարո՞ղ եք պարզապես ներկայացնել, թե ինչպես է պատերազմն ազդել Հայաստանում առկա լարվածության վրա:

Դեսպան. Անշու՛շտ: Շատ շնորհակալ եմ ձեզ հարցի համար։ Իհարկե, Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի չափազանց խոցելի աշխարհաքաղաքական դիրքում: Արդեն իսկ նախքան ուկրաինական ճգնաժամը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեծապես տուժել էին 2020 թվականի սեպտեմբերին հարևան երկրի կողմից սանձազերծված ագրեսիայից։

Ուկրաինական ներկայիս ճգնաժամը, ինչպես տեսնում ենք, օգտագործվում է իրավիճակը սրելու համար, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը ներկայում կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու որոշակի փորձեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Բնակչությունը ենթարկվել է ոտնձգությունների և սպառնալիքների Ադրբեջանի կառավարության կողմից։ Շփման գծում մշտական սադրանք ստեղծելու և հրադադարի ռեժիմը խախտելու բազմաթիվ փորձեր են եղել։ Ավելին՝ հոգեբանական պատերազմ է տարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, մասնավորապես` ադրբեջանական կողմը բարձրախոսներ է բերում և սպառնում տեղի բնակչությանը, որ լքեն սեփական գյուղը, սեփական հայրենիքը, նախնիների հողը, սպառնում է ուժ կիրառել, քանի դեռ նրանք չեն ենթարկվել այդ սպառնալիքներին և լքել իրենց տները: Բացի այդ, ադրբեջանցիները պայթեցրել են Լեռնային Ղարաբաղ տանող գազատարը և փաստացի թույլ չեն տալիս մասնագետներին մտնել այդ տարածք և վերանորոգել գազատարը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկված է գազից ու էներգիայից և գտնվում է հումանիտար լուրջ ճգնաժամի եզրին։

Հաղորդավար. Իսկ ռուսական զորքերը հրավիրվե՞լ են օգնելու, խաղաղությունը պահպանելու համար:

ԴեսպանԶորքեր չեն. նրանք ռուս խաղաղապահ ուժեր են, որոնք տեղակայվել են այնտեղ՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից համաձայնեցված նոյեմբերի 9-ի և 10-ի հրադադարի հայտարարության, որից հետո ռուս խաղաղապահ ուժերին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, 2020թ. նոյեմբերի զինադադարից հետո։ Նրանք այս պահին, գտնվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ այդ տարածքում պահպանվում է խաղաղություն։

Հաղորդավար. Իհարկե ես հասկանում եմ, որ դուք ունեք ձեր մտահոգությունները ձեր երկրում: Դուք խոսեցիք ահաբեկման մասին, խոսեցիք գազատարի մասին, բայց նաև խոսեցիք արյունահեղության մասին։ Այժմ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում երեխաների և խաղաղ բնակիչների հսկայական արյունահեղության համար: Արդյո՞ք դա ավելի դժվար է դարձնում ձեր կապերը Ռուսաստանի հետ, ձեր ապավինումը ռուսական խաղաղապահ զորքերին, ինչպես դուք եք նրանց անվանում:

Դեսպան. Իհարկե, մենք շատ մտահոգված ենք Ուկրաինայի ներկայիս ճգնաժամով, քանի որ երկու երկրների հետ ունենք դարավոր կապեր: Ե՛վ ռուս ժողովրդի, և՛ ուկրաինացի ժողովրդի հետ մենք ունենք հին բարեկամական կապեր և սերտ հարաբերություններ։ Դրանից բացի, իհարկե, մենք ունենք մեծ հայկական համայնք Ուկրաինայում՝ կես միլիոն և 2 միլիոն՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Այսպիսով, մեզ մոտ արդեն ժամանում են Հայաստանում ապաստան փնտրող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն հայեր, այլև ազգությամբ ռուսներ և ուկրաինացիներ ապաստան են փնտրում Հայաստանում:

Մենք արդեն այս կամ այն կերպ ազդեցություն կրել ենք և, իհարկե, ցանկանում ենք, որ այս ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի, և հուսով ենք, որ բանակցությունները, որոնք վարել են երկու կողմերը, հաջողություն կունենան։

Հաղորդավար. Դե, ես ուզում էի ասել, որ Ռուսաստանը միջազգային հանրությանն ասում է, որ դա ռազմական գործողություն է, որ դա ներխուժում է: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ է։

Դեսպան. Ինչպես ասացի, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Մենք այն վիճակում չենք, որ գնահատական տանք։ Մեր կառավարությունը լիովին չեզոք է այս իրավիճակում։ Ինչպես ասացի, մեր դիրքորոշումն է օգնել նրանց՝ երկու կողմից էլ, որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Այս փուլում ամենակարևորը ոչ թե գնահատականներ տալն է, այլ արյունահեղությունը դադարեցնելը։ Սա ամենակարևոր խնդիրն է բոլոր ներգրավված կողմերի համար, լինի Հայաստանի, լինի միջազգային հանրության, Ռուսաստանի Դաշնության, թե Ուկրաինայի։ Ամենակարևոր խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն է, հետո իրավիճակի զննումն ու լուծումներ գտնելը, քանի որ այս տառապանքը բոլորինն է։ Միջազգային հանրությունն այնքան փոխկապակցված է, որ այս տառապանքը լոկալ բնույթ չի կարող կրել:

Հաղորդավար․ Լավ:

Դեսպան Երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին ագրեսիայի Ադրբեջանի և, ի դեպ, նաև Թուրքիայի կողմից, մենք սպասում էինք, որ աշխարհը բուռն կարձագանքի։ Այնպես որ, մենք գիտենք, թե ինչ է, երբ բնակչությունը, երբ խաղաղ բնակչությունը ռմբակոծության տակ է:

Հաղորդավար – Իհարկե, Վարուժան, թույլ տվեք իմ վերջին հարցը տալ, որովհետև հասկանում եմ, որ ասում եք, որ պետք է չեզոք մնաք: Շատերը դա չեն հասկանա, բայց ոմանք կհասկանան ձեր աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: Դուք ասում եք, որ արյունահեղությունը պետք է ավարտվի, պետք է լուծում գտնվի: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ լուծում կարող է լինել:

ԴեսպանԴե, առաջին հերթին, երկու երկրներից է կախված ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունենալը, ընդհանուր լուծում գտնելը վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային: Այս ազգերն ունեն ընդհանուր պատմություն։ Իսկապես, ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում: Նրանք կիսում են ընդհանուր պատմություն, ընդհանուր ավանդույթներ, այդ իսկ պատճառով սա շատ-շատ ցավալի է: Երկու երկրներին էլ առաջին հերթին անհրաժեշտ է փոխադարձ արդար լուծում գտնել, որպեսզի նրանք գոհ լինեն և ստեղծեն իրենց համար ընդհանուր ապագա։

Հաղորդավար Լավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031