«Գագիկ Ծառուկյան ընտանիքը հայտ է ներկայացրել Հիսուս Քրիստոսի արձանի ստեղծման համար, աշխատանքները հունվար ամսից սկսած շատ բուռն ընթացք են ստացել, հայտարարությունից օրեր անց ձեւավորվել է աշխատանքային հանձնախումբ»,- ասուլիսում նշեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա ներկայացրեց հանձնախմբի անդամներին եւ խորհրդատվական կարգով աշխատանքներին մասնակցողներին, որոնց թվում են Սարգիս Սարդարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Սաթենիկ Վարդանյանը, Համլետ Գեւորգյանը, Լուիզա Սարգսյանը, Լեւոն Թոքմաջյանը: Ռուբեն Հովհաննիսյանը հավելեց, որ հանձնախմբի կազմում ներգրաված են նաեւ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը եւ խորհրդակցական ձայնի իրավունքով` Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Ասողիկ վարդապետ Կարապետյանը:
Ի թիվս այլոց՝ ներկայացված տարբերակների մասին խոսեց ճանաչված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նա ասաց, որ ընտրությանը չի մասնակցել, եւ իր համար տարօրինակ է 21 աշխատանքի ընտրությունը, որոնցից 15-ը ասես նույն մարդը ստեղծած լինի: «Բոլորն ասես Բրազիլիայի Քրիստոսի արձանի կրկնությունը լինեն»,-նկատեց ՀՀ ժողովրդական նկարիչը:
«Մենք ասում ենք ամբողջ աշխարհում Քրիստոսի արձաններ կան, այո՛, կան, բայց ամբողջ աշխարհը գիտի մեկ Քրիստոս, դա Բրազիլիայի Քրիստոսի արձանն է` դրված փառահեղ միջավայրում: Արդյոք ներկայացված քանդակները կարո՞ղ են արտահայտել 30 մետրանոց քանդակի գաղափարը, իհարկե չեն կարող…Ներկայացված աշխատանքները զուտ սեղանի վրա դրվող հուշանվերներ են, դրանք չեն կարող լինել մոնումենտալ քանդակներ, որովհետեւ մոնումենտալ քանդակագործությունն իր մեջ ունի շատ խորը հաշվարկներ, զգացողություն, պրոֆեսիոնալ գիտելիքներ… Այդ քանդակագործները պետք է գոնե իրենց կյանքի ընթացքում մեկ- երկու մոնումենտալ քանդակ արած լինեին, որպեսզի զգային տարածականությունը, արեւի օրիենտացիան եւ լուսավորությունը` հսկայական տարածքի մեջ: Այստեղ քանդակի մրցույթ է հայտարարված, բայց նույնիսկ տեղը չի ընտրված, սա համար առաջին սխալն է…»,-փաստեց Լեւոն Թոքմաջյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ