Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայվերով» ցույց էին տալիս ջակուզիները, բայց հանրությունը դեռ չգիտի, թե Փաշինյանի առանձնատունը որքա՞ն գումարով նորոգվեց»

Մարտ 18,2022 17:19

ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացնում էր «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը․ կոնվենցիան ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին, եւ նպատակն է՝ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի ներկայացրած հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը Երանուհի Թումանյանցից հետարքրքվեց․ «Խոսելով ՀՀ-ում տեղեկատվության ազատության մասին՝ դուք այնքան շռայլ արտահայտություններ օգտագործեցիք, ասացիք, որ օրինակելի է։ Գործընկեր պատգամավորներս եւ լրագրողներն այդպես էլ չկարողացան հստակ տեղեկատվություն ստանալ այն առանձնատան նորոգման ծախսերի մասին, ուր պատրաստվում  է տեղափոխվել Ալեն Սիմոնյանը։ Պարզ չեղավ նաեւ, թե որքան գումար տրամադրվեց Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար։ Այս օրինակներն ասում եմ, որովհետեւ այդ առանձնատների հետ կապված «լայվեր» էին լինում, ցուցադրում ջակուզիներն ու սաունաները, բայց հասարակությունը չգիտի՝  երեք տարի անց այդ սաունաների ու ջակուզիների նորոգման համար որքա՞ն գումար է հատկացվել։ Սա նշանակո՞ւմ է, որ ձեւակերպումների հարցում պետք չէ այդքան շռայլ լինեք»։

Երանուհի Թումանյանցը պատասխանեց, որ տեղեկատվության ազատության մասին առկա սահմանափակումները մշտապես քննարկման ենթակա են․ «Շատ օրինակներ կան, որ ՄԻԵԴ-ը փորձում է պաշտոնատար անձանց անձնական կյանքին վերաբերող հարցերը բալանսավորել։ Նորմալ է, որ այս վեճը կա եւ այն  իրավական վեճ է»։

Ագնեսա Խամոյանն այսպես արձագանքեց․ «Դուք տեսական նկարագրություն արեցիք, մինչդեռ իմ օրինակները հստակ էին։ Ի՞նչն է խնդիրը, որ հանրությունն իմանա, թե որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի առանձնատների նորոգման համար»։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ուղղեց․ «Ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ վարչապետի»։

Ագնեսա Խամոյանը հորդորեց չընդհատել իրեն։ Արման Եղոյանն էլ պատասխանեց․ «Ես եմ որոշում կընդհատեմ, թե ոչ»։ Երանուհի Թումանյանցն էլ պնդեց, որ խնդիրն ընդհանուր հասկացության մասին է, ոչ թե կոնկրետ անձի առանձնատան․ «Այս կոնվենցիայի վավերացմամբ, այո, նոր գործընթացներ կարող են խթանվել։ Ըստ կարգավորումների՝ որոշ տեղեկատվություններ կարող են փակ լինել, որոշները՝ ոչ։ Ձեր գնահատմամբ՝ կա սխալ բալանսավորում, եւ ես էլ ասում եմ, որ դա լուրջ իրավական վեճ է, որը քննարկվում է անգամ ՄԻԵԴ-ում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031