Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ քիչ առաջ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց 10 միլիոն դրամի չափով սահմանված գրավի դիմաց: Դատարանի դահլիճում գտնվող ներկաները նիստը նախագահող դատավորի որոշման հրապարակումից հետո ծափահարեցին ու «կեցցեք» ասացին:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջից ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ընթանում էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ